Տղերքը խաղաղ պառկած էին․․․

Տղերքը խաղաղ պառկած էին․․․

 

Արցախյան պատերազմի  հերոսների մասին շատ ենք ասում՝ մեր պահապան հրեշտակներն են․  վերևից հսկում են այն խաղաղությունը, որ մեզ շնորհեցին իրենց արյամբ։ Խաղաղության դառնահամն անգամ զգում ենք, որ ժամանակ առ ժամանակ թշնամու կողմից հիշեցվում է կրակոցի ու թարմ արյան տեսքով։  

Կա՞ մի հայ, ով որդի, եղբայր կամ հարազատ է կորցրել, ու չի ասել՝ Ինքը հսկում է մեզ վերևից, նայում է մեզ ու պաշտպանում։  

Եռաբլուրի դեպքը սոսկալի է, բայց դա վկայություն է, որ մեր որդիները մեզ նայում են վերևից ու առաջինն իրենք են իրենց վրա վերցնում այն մեծ հարվածը, որ սպասվում է մեզ, մեր երկրին։

 

Մենք հեռացել ենք իրարից, մոռացել արտաքին թշնամուն։

Մեր միասնականությունը, որով պատերազմ հաղթեցինք, այլևս չկա։

Նրանք դա տեսնում են վերևից։

Վտանգ են զգում երկրի, եկեղեցու, ընտանիքի, հոգևոր մեր արժեքների, սրբությունների հանդեպ։ Վերևից տեսնում են մեզ աներևույթ թվացող այն ուժը, որը դուրս է եկել երկրի դեմ։ Ու քանի որ ազգի ուժը, զորությունը, ոգին քառապատկվում է Եռաբլուրով, այդ ուժը կռվի ելավ Եռաբլուրի դեմ, որը  հայ ազգի սուրբ սրբոցն է, հայ ազգային գենի եկեղեցին։  

Տղերքը խաղաղ պառկած էին։ Իրենց վրա վերցրին հարվածը, որ այդ հարվածի ցավով միավորեն մեզ, վերականգնեն մեր հիշողությունը ազգային արժեքների, սրբությունների հանդեպ։ Մի պատվիրանով՝ մեծ պատերազմ  է սկսվել՝ ազգի հոգևոր գոյատևման պատերազմ, պիտի հաղթենք։ Մեր միասնականությամբ ու ինքնապահպանման բնազդով։