Չհասկացա, ե՞ս պետք ա բոլորի համար պատասխան տամ

Չհասկացա, ե՞ս պետք ա բոլորի համար պատասխան տամ

Պետեկամուտների կոմիտեն դարձյալ խախտում է հայտնաբերել «Սպայկա» ընկերությունում, որտեղ մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր պանրի գործարանի բացմանը։ Այս անգամ խոսքը շուրջ 7 մլրդ դրամի հարկեր թաքցնելու մասին է, որի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ։ Քննիչը Ղազարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որի քննությունը վերածվեց դատարանի մոտ մեծ բողոքի ակցիայի։ Կալանքի միջնորդության հետ կապված որոշումը դատարանը կհրապարակի երկուշաբթի օրը։ Իսկ մինչ այդ «Սպայկայի» տնօրեն եւ սեփականատեր Դավիթ Ղազարյանը նորաբաց պանրի գործարանում ասուլիս տվեց՝ ասելով, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Թեպետ նրա խառը, ցաքուցրիվ խոսքից այն հասկացանք, որ պատրաստ է վճարել որոշակի գումար, ինչպես արեց աշնանը, երբ ՊԵԿ-ը 2 միլիարդ 45 միլիոն դրամ հարկ թաքցնելու մեղադրանք առաջադրեց, եւ այն ժամանակ գործը կարճվեց։

Ըստ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերության ղեկավարությունը եվրոպական պետություններից 2014-2015թթ. ընթացքում ձեռք է բերել դեպի Հայաստան փոխադրման եւ ներմուծման ենթակա պանիր, տանձ, խնձոր, չինական կաղամբ, լոլիկ եւ այլ ապրանքներ, որոնք 01.01.2015-11.01.2016թթ. ժամանակահատվածում Վրաստանի տարածքով ներմուծել է Հայաստան՝ դրանց վերաբերյալ ներկայացնելով կեղծ փաստաթղթեր եւ ազատվելով մաքսատուրքից։

Ըստ ՊԵԿ-ի հաշվարկների, պետբյուջե չեն վճարել 7 մլրդ 36 մլն 666 հազար 312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ։ Ղազարյանը երեկ պնդում էր, որ այդ թվերն ուռճացված են։ «Հարկերը պետք է վճարել, բայց 7 միլիա՞րդ: Էդ շինծու թիվը, որ ասում են․․․ ուռճացրել են, որպեսզի ժողովրդի համար սիրուն ըլնի, որպեսզի ժողովուրդը ՊԵԿ-ի կողքին ըլնի: Այդ 7 մլրդ-ից 5.5 մլրդ-ն ԱԱՀ-ն ա»,- ասաց նա՝ նշելով, որ ինքը պետք է բանկից 100 մլն դոլարի վարկ ստանար՝ ներդրում կատարելու համար, բայց բանկերն այս աղմուկից հետո հրաժարվել են իրեն ֆինանսավորել։

Ինչ վերաբերում է անցյալ տարվա հուլիսին հայտնաբերված խախտումին, ապա․ «Երբ որ հայտարարեցին, թե «Սպայկան» 2 մլրդ դրամ հարկ չի վճարել, էդ ամեն ինչից հետո՝ մի քանի օրվա մեջ, բոլոր էն ֆինանսական կառույցները, որ աշխատում էին ընկերության հետ, բլոկները գցեցին, եւ ընկերությունը չէր կարողանում օգտվել իր ազատ շրջանառու միջոցներից։ Իրականում 2 մլրդ 45 մլն դրամի հաշվարկը տեղի չի ունեցել։ Ես՝ որպես ընկերության հիմնադիր ու սեփականատեր, գնացել եմ կոմպրոմիսի, որ էդ վիճակից դուրս գամ, քանի որ քաոս էր, եւ ընկերությունը գնում էր բանկրոտի։ Ես համաձայնել եմ, որ տամ ճշգրտում շահութահարկի մասով, եւ իմ խոսքը պահել եմ։ Միեւնույն ժամանակ ՊԵԿ-ը կարճեց քրեական հետապնդումը»։

Ղազարյանը՝ նշեց, որ հիմա էլ է պատրաստ տալ ճշգրտում ու գումար վճարել, բայց չասաց, թե որքան՝ միայն խոստովանելով․ «Ես հասկանում եմ մի բան երբ որ հուլիս ամսին եղավ հայտարարություն, մնացել եմ էդ հայտարարության տակ»։ Ղազարյանն այս ընթացքում փորձել է կապ հաստատել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ, որ հասկանա, թե որն է խնդիրը, չի ստացվել, իր զանգերին չեն պատասխանել։ «6 ամիս օպերացիա ես անում, չե՞ս կանչում ասես՝ եղբայր, փող ունես վճարելու, վճարո՞ւմ ես, թե՞ չէ։ Կարելի՞ էր առողջ դիսկուսիա սկսել, ասեիր՝ եղբայր, էդ ԱԱՀ-ն, որ դրել ես 5.5 միլիարդ, «Գրինպրոդուկտի» մասով եմ ասում, ինքը պետք է դա հետ ստանար»,- ասաց նա։

Անդրադառնալով իր եւ «Գրինպրոդուկտի» փոխկապակցվածությանը՝ Դավիթ Ղազարյանն ասաց, որ իրենք ընդամենը ծառայություն են մատուցել։ Բայց մի տեսակ վստահ չասաց։ Նրան հարցրինք․ երբ ասում է՝ բոլորը գիտեն, թե մաքսայինի սենյակներում ով է նստած, ի՞նչ է ակնարկում, որ ՊԵԿ աշխատակիցնե՞րն են մախինացիաների մեջ եղել։ Ղազարյանն ասաց․ «Էդ եմ ասում, էլի, ի՞նչ են ուզում մեզանից, բա իրենք գիտեն՝ որ սենյակում ով ա նստած եղել»։ Մոտ երկու ժամ տեւած ասուլիսից հետո Դավիթ Ղազարյանը դուրս եկավ եւ ուղեւորվեց դեպի դատարան, որտեղ պետք է քննվեր նրան կալանավորելու միջնորդությունը։ Գործարանի բակում հոծ բազմություն էր հավաքվել։ Այստեղ էին ինչպես մթերողներ, այնպես էլ «Սպայկայի» աշխատակիցներ, որոնք իրենց աջակցությունն էին հայտնում Դավիթ Ղազարյանին։

Մի տղամարդ ասաց. «Եթե մեկը կա, որ պիտի էս հիմնարկի խաթրին կպնի, ինքը սրիկա ա»: Մեկ ուրիշը հայտարարեց․ «Եթե 2008 թվականից վերցնենք, Ղազարյան Դավիթն իսկապես համազգային հերոս է»։ Ասուլիսից հետո ՊԵԿ-ը նոր հաղորդագրություն տարածեց՝ արձագանքելով Ղազարյանի հայտարարություններին․ «Տեղեկացնում ենք, որ 7.036.666.312 դրամ հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարների հաշվառման համար եւ մեղադրանքի համար հիմք են հանդիսացել քրեական գործով ձեռք բերված բազմաթիվ ելակետային տվյալներ՝ ապացույցներ, այդ թվում՝ օտարերկրյա պետություններ կատարված հարցումների արդյունքում ստացված համապատասխան փաստաթղթեր:

Պետությանը պատճառված 7 036 666 312 ՀՀ դրամ վնասից մոտ 5 միլիարդ ԱԱՀ մասով հաշվարկը հիմնավոր չէ՝ հաշվի առնելով ՀՀ հարկային օրենսգրքի 74-րդ հոդվածի կարգավորումը (պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման կարգը)»: ՊԵԿ-ը վերջում նաեւ կոչ է անում ընկերությունում առկա խնդիրները չշահարկել եւ դրանով չփորձել քրեական գործի քննության վրա ազդեցություն ունենալ։ «Մանավանդ, որ ՊԵԿ քննչական վարչությունը կամ որեւէ այլ ստորաբաժանում չունի մեղավորություն ստեղծված իրավիճակի համար»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։