Հասկացա՝ մենակ չեմ ու....գյումրեցի արվեստագետի անակնկալը՝Ապրիլյան պատերազմի մասնակիցներին

Հասկացա՝ մենակ չեմ ու....գյումրեցի արվեստագետի անակնկալը՝Ապրիլյան պատերազմի մասնակիցներին

Երեք տարուց ավել է, ինչ արվեստի միոցով գյումրեցի զարդագործ Արտակ Թադևոսյանը խաղաղություն է քարոզում:Նա փամփուշտները վերածում է կանացի չքնաղ զարդերի:  «Ես պարպած, կրակած փամփուշտներն եմ օգտագործում: Որոշ մարդիկ կարող են մտածել, թե Արցախից փամփուշտներ են բերում ինձ համար, բայց  ասել եմ ու կասեմ, ես աշխատում եմ միայն  պարպած փամփուշտներով»,-մեզ  հետ զրույցում ասում է արվեստագետը:

Իսկ ահա օրերս  Ապրիլյան պատերազմի 18 մասնակից արժանացան Արտակ Թադևոսյանի կողմից ստեղծած  «Խաղաղության խաչեր» -ին: «Խաղաղության խաչեր» -ը արվեստագետը կերտել է փամփուշտներից՝  հույս ունենալով, որ այն մի օր կհամալրի պաշտոնական շքանշանների շարքը: «Ստեղծեցի սիմվոլիկ խաչ, որը կտրվի նրանց, ովքեր խաղաղության համար իրենց ներդրում են ունեցել: Եվ դա պարտադիր չէ, որ զինվոր կամ մարտիկ լինի, նա կարող է լինել արվեստագետ,  դիվանագետ եւ այլն: Արցախյան պատերազմի մեր մասնակիցներին խաչով պարգևատրելու գաղափարը առաջացավ, երբ իմ լավ ընկերոջ Սոֆյա Հովսեփյանի հետ  այցելեցինք  զինվորների վերականգնողական կենտրոն, որի թանգարանի համար ես մի նմուշ թողեցի: Բայց հետո զգացի, որ տղաների ցանկությունն է, որ յուրաքանչյուրն ունենա այդ խաչից:

Պատահական զանգ ստացա: «Armenian brands» հարթակից առաջարկեցին իրենց աջակցությունը: Ես հասկացա, որ այս նպատակի մեջ մենակ չեմ, կան մարդիկ, որոնք ինձ հետ են, կիսում են գաղափարը: Եւ միասին իրականացրեցինք  այն: Ի, դեպ նշեմ, որ այն շարունակական է լինելու, այսօր Քառօրյայի մասնակիցներն են, ու այդպես հաջորդիվ հասնելու ենք մինչև 90-ականների մեր մարտիկներին, նրանց բոլորին պարգևատրելու ենք: Սա յուրահատուկ ուշադրություն է լինելու մինչև այսօր անտեսված մեր մարտիկների հանդեպ»,-նշում է մեր զրուցակիցը: 

«Armenian brands»-ի գործադիր տնօրեն Վարդուհի Ջանյանն էլ իր խոսքում նշեց, որ սա մեր հերոսներին յուրովի արժևորելու ձև է: Իսկ փամփուշտներից պատրաստված զարդերը պարզապես ուղերձ են ողջ հանրությանը, թե ինչպես կարելի է վերացնել ագրեսիան՝ կրելով գեղեցիկը մեր մեջ: 

«Ես  մասնակցել եմ տղաներին «Խաղաղության խաչեր» -ով պարգևատրելու արարողությանը  ոչ  որպես պատգամավոր, կամ պաշտոնիցս ելնելով: Ես 2016թ-ի ապրիլին եղել եմ Արցախում՝ առաջնագծում: Ամիսներ շարունակ բանակի աջակցության ծրագրեր ենք իրականացրել: Եթե ես ներկա չգտնվեի այդ միջոցառմանն, ապա էլ ո՞վ:Ես տղաների  կողքին եմ ոչ թե  որպես պաշտոնյա, այլ՝ նրանց ընկեր», -մեզ հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: 

Նշենք, որ տղաների համար այդ ուշադրությունն այնքան կարևոր էր, որ նրանցից ոմանք հուզվեցին: Խոստովանեցին, որ 3 տարի է  անցել պատերազմից, սակայն հիշողությունները ոչ մի վայրկյան չեն լքել իրենց: