Իր կոչով չէ, որ իրականացվել է ճանապարհները փակելու ակցիան. Վալենսիայի հայ համայնքի նախագահ

Իր կոչով չէ, որ իրականացվել է ճանապարհները փակելու ակցիան. Վալենսիայի հայ համայնքի նախագահ

Այսօր Եվրոպայի հայերը փակել են Ֆրանսիա-Իսպանիա միջպետական ճանապարհը։ Ակցիային մասնակցում են Իսպանիայի ու Ֆրանսիայի հայերը։

Նրանք եվրոպական երկրներից պահանջում են Արցախի միջազգային ճանաչում, ադրբեջանական ագրեսիայի զսպում՝ այն որակելով որպես հայերի դեմ ուղղված ահաբեկչություն։ Հիշեցնենք, որ երեկ էլ հայերը փակել էին Գերմանիայի թիվ 1 մայրուղին եւ Նիդերլանդներ-Բելգիա միջպետական ճանապարհը: Սփյուռքի նման ցանցային գործունեությունը, ըստ քաղաքագետների, անակնկալ է, ինչպես նաև՝ արդյունավետ: Հասարակական գործիչ Դանիել Իոաննիսյանը երեկ նույնիսկ կոչով էր հանդես եկել՝դիմելով Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ խաղաղ միջոցով փակել Եվրոպայի, ԱՄՆ-ի, Վրաստանի և այլ երկրների բոլոր հնարավոր ճանապարհները, կամուրջները, երկաթուղիները:

«Առաջիկա շաբաթ-կիրակի օրերը չափազանց հարմար են դրա համար: Ձեր ամեն մի բողոքի ակցիան կարող է այստեղ կյանքեր փրկել:

Մեր պահանջը արդար է: Մենք ուզում ենք խաղաղություն և մենք ուզում ենք հակազդում ահաբեկչությանը: Դարձնենք մեր պահանջը բոլոր երկրների առաջնահերթ քննարկման առարկա:
Պահանջները հետևյալն են. երկրները պետք է դատապարտեն Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան, պետք է ճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը, պետք է աջակցեն Հայաստանին ու Արցախին ահաբեկչության դեմ պայքարում:

Իսկ Վրաստանի դեպքում՝ գոնե արգելեն իրենց տարածքով ահաբեկիչների համար զենքի մատակարարումները:

Բոլոր երկրները, որոնք դա չեն անի, պետք է ամեն շաբաթ-կիրակի ստանան փակ ճանապարհներ, երկաթուղիներ ու կամուրջներ»,-գրել էր նա:

Իսպանիայի Վալենսիա քաղաքի հայ համայնքի նախագահ Արարատ Ղուկասյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ չնայած երեկ իսպանահայության մասնակցությունը  համեմատաբար քիչ էր՝ միայն հյուսիսում էին, ամեն  դեպքում ակցիաները չեն դադարելու, որի ականատեսն ենք այսօր:

Անդրադառնալով Դանիել Իոաննիսյանի կոչին՝ Արարատ Ղուկասյանը նշեց. «Իր կոչով չէ, որ իրականացվել է ճանապարհները փակելու ակցիան, առանց իր կոչի էլ եվրոպահայերս փակեցինք գլխավոր ճանապարհները, կաթվածահար արեցինք երթևեկությունը եւ շարունակելու ենք մեր արդար պահանջը»: 

Հիշեցնենք, որ վալենսիահայերը դեռ հոկտեմբերի 7-ին էին երթ կազմակերպել՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի։