Նոյեմբերի 9-ին սպասելիս

Նոյեմբերի 9-ին սպասելիս

Ամեն մի նոր օր խորացնում է երկրում կառավարման ճգնաժամը՝ անգամ եթե մարդիկ շարունակում են ֆորմալ առումով ապրել իրենց նախկին կյանքով։ Անգամ եթե կառավարության ղեկավարը նոր նշանակումներ է անում, ընդունում է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին եւ ձեւացնում, թե ոչինչ չի եղել։

Ճգնաժամը երկրում անշեղորեն խորանում է, տարածվում բոլոր ոլորտներում, մտնում մարդկանց տներն ու հոգիները։ Միայն այն փաստը, որ անտրամաբանական եւ ճարահատյալ կադրային փոխատեղումներ են կատարվում երկրում, եւ երբ վարչապետը խոսում է «պետական կառավարման համակարգում ռեսթարթի անհրաժեշտության մասին», իսկ նրա էջում տեղադրված հաղորդագրության տակ մարդիկ գրում են՝ «ռեսթարթը քեզնից սկսիր», կամ՝ «ռեսթարթ, դեբրենդինգ, ռեինկարնացիա», սա արդեն խոսում է ճգնաժամի մասին։

Երբեք մեր երկրում կառավարման համակարգն ու երկրի իշխանություններն այսքան վարկաբեկված չեն եղել, եւ այսքան լուտանք ու հայհոյանք չեն հնչել նրանց հասցեին։ Սա եւս ճգնաժամի մասին է խոսում։

Ու հայտնի չէ, թե հասարակության մեջ առկա այս տրամադրությունները, իշխանությունների հանդեպ այս արհամարհանքը, վարկաբեկիչ նյութերի այսպիսի առատությունն ինչ հետեւանքներ են ունենալու մեր պետության համար, ինչպես ենք վերականգնելու հանրային համերաշխությունն ու պետականության հանդեպ տարրական հարգանքը, առանց որի հնարավոր չէ պետության գոյությունը։

Մի բան պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր քայլը, խոսքը, նախաձեռնությունը ոչ թե նվազեցնում են ճգնաժամը, այլ ավելի են սրում այն։ Հանրային պահանջը մեկն է՝ հրաժարական, իսկ նա կարծես թե հրաժարական տալու մտադրություն չունի։ Եվ ճգնաժամը շարունակելու է խորանալ՝ այնպես, ինչպես 44 օր ձգվեց անհեռանկար պատերազմն ու անհաշիվ կորուստներ բերեց մեզ։