«Հրապարակ». ՊՆ-ում լրտեսության դեմ են պայքարում

«Հրապարակ». ՊՆ-ում լրտեսության դեմ են պայքարում

Արդեն գրել ենք, որ պաշտպանության նախարարության եւ դրան կից հիմնարկների աշխատակիցներին, մասնավորապես, զինկոմիսարիատներին, արգելվել է սմարթ հեռախոսներով աշխատանքի ներկայանալ։ Հիմնավորումն անվտանգային խնդիրներն են։ Մանրամասներ չեն հայտնել, սակայն հասկացվել է, որ դրանով լրտեսության դեմ են պայքարում։ Սմարթ հեռախոսներով սոցցանցերի եւ կապի այլ տեսակների միջոցով տեղեկությունների փոխանցումը դյուրին է։

Մեզ ահազանգած ՊՆ աշխատակիցները, սակայն, դժգոհում են, որ նորագույն տեխնոլոգիաների մեր օրերում ՊՆ ղեկավարության այս որոշումը մի քանի անգամ բարդացրել է իրենց աշխատանքը, քանի որ հեռախոսը նաեւ աշխատանքային միջոց է։ Ի դեպ, խոսակցություններ կան, որ հնարավոր է մեկ անգամ եւս զինկոմիսարիատների խոշորացման ծրագիր իրականացնեն։ Պատճառը, ենթադրվում է, զորակոչիկների թվի կրճատումն է։