Ալիեւը չի շնորհավորել Ուկրաինայի նորընտիր նախագահին

Ալիեւը չի շնորհավորել Ուկրաինայի նորընտիր նախագահին

Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկին շնորհավորական հեռագրեր է ստացել տասնյակ երկրների առաջնորդներից: Նրան շնորհավորել է Միացյալ Նահանգների նախագահը, ինչպես նաեւ Կանադայի վարչապետը, Գերմանիայի կանցլերը: Հարավային Կովկասի երկրներից Զելենսկուն շնորհավորել են Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները եւ նախագահները:

Իսկ, ահա, Ադրբեջանից Զելենսկին շնորհավորական ուղերձ դեռեւս չի ստացել: Ըստ երեւույթին, նրա տպավորիչ հաղթանակը Բաքվում ընկալվել է որպես ավտորիտարիզմի պարտություն: Ուկրաինայի նախագահական ընտրությունները, ինչ խոսք, հարիր չեն Ադրբեջանի քաղաքական ավանդույթներին, որտեղ իշխանությունը հորից փոխանցվում է որդուն, որտեղ սահմանադրությամբ նախագահը կարող է պաշտոնավարել ցմահ: Ադրբեջանից, իհարկե, դիվանագիտական պատշաճության սահմաններում շնորհավորանքի ինչ-որ պաշտոնական տեքստ Կիեւում կստացվի:

Բայց դա կլինի ուշացած արձագանք եւ կվկայի, որ երկու երկրների միջեւ քաղաքակրթական խզումն այլեւս անշրջելի է: Ի դեպ, Զելենսկին շնորհավորական ուղերձ չի ստացել նաեւ Մոսկվայից: Այս հարցում, երեւում է, Բաքուն հետեւում է Կրեմլին եւ համերաշխվում ուկրաինական զարգացումների նկատմամբ ռուսական կողմի գնահատականին: Կարելի է վստահաբար կանխատեսել, որ Ուկրաինայի նոր իշխանությունների եւ Իլհամ Ալիեւի վարչախմբի հարաբերությունները բավականին բարդ եւ հակասական կլինեն:

Մինչդեռ Ադրբեջանը ֆորմալ առումով անդամակցում է ՎՈՒԱՄ կազմակերպությանը, որն ստեղծվել էր իբրեւ ԱՊՀ-ին այլընտրանք` հետխորհրդային տարածքում Ռուսաստանի գերակա ազդեցությունը հակակշռելու աշխարհաքաղաքական կանխածրագրով: Ադրբեջանը վերջին տասնամյակում ամեն ինչ արել է, որպեսզի այդ կառույցը դադարի արդյունավետ լինելուց, եւ հարաբերությունները ճշգրտել է բացառապես Ռուսաստանի հետ:

Նոր Ուկրաինան քաղաքակրթորեն Ադրբեջանի հակոտնյան է: Նախագահի պաշտոնում ընտրվելուց անմիջապես հետո Զելենսկին կոչով դիմել է հետխորհրդային տարածքի ժողովուրդներին` հորդորելով հավատալ իրենց հնարավորությանը: Դա նաեւ ադրբեջանական ժողովրդին է հասցեագրված: Բաքվում, ըստ երեւույթին, Ուկրաինայի նորընտիր առաջնորդի կոչն ընկալել են որպես Ադրբեջանի «ներքին գործերին միջամտություն» եւ որոշել են նրան շնորհավորել ամենավերջում: Դրանից Զելենսկին, անկասկած, հետեւություններ կանի: