Փաշինյանի շոուն չստացվեց, գրառումը հիասթափեցրեց նույնիսկ համակիրներին

Փաշինյանի շոուն չստացվեց, գրառումը հիասթափեցրեց նույնիսկ համակիրներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրեն հատուկ ոճով, կրկին փորձեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից դժգոհությունների ողջ մեղքը բարդել այլոց վրա, այս անգամ, սակայն, նախկինների կամ, ինչպես ինքն է ասում, «ռոբասերժահանրապետականների»  փոխարեն թիրախում հայտնվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Այս ճանապարհին Փաշինյանը հաշվի չառավ, որ, օրինակ, Ծառուկյանն ունի արդարացման դատավճիռ, գոյություն ունի դատվածության մարման ժամկետ եւ այլն․ այսպիսի «թիթիզ» բաները մեր իշխանությանը ո՛չ հետաքրքրել են, ո՛չ էլ հետաքրքրելու են։ «Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Փաշինյանը։

Նրա գրառման տակ մի իսկական «բոլոլա» էր սկսվել՝ մոտ հազար մեկնաբանություն, որի մեծ մասը՝ դատապարտող, քննադատող։ Լավ հիշողություն ունեցող քաղաքացիներից մեկը, օրինակ, Փաշինյանին հիշեցրել էր, որ նա մասնակցել է Ծառուկյանի դստեր հարսանիքին, հեղափոխությունից 10 պակաս թույլ տվել վերջինիս միանալ 2018-ի շարժմանը, ապա դառնալով վարչապետ՝ նրա հետ հուշագիր է ստորագրել, կոալիցիա կազմել, նախարարական պորտֆելներ տվել։ Հիշեցրել էին, որ նախկինում Ծառուկյանին օլիգարխ էր անվանում, իսկ հեղափոխությունից հետո՝ խոշոր սեփականատեր եւ մասնակցում էր նրա օբյեկտների բացմանը։

Ձեզ ենք ներկայացնում մի քանի մեկնաբանություն, որոք օգտատերերը եւ հանրային դեմքերը գրել են Փաշինյանի գրառման մեկնաբանություններում։ Այսպես՝ օգտատեր Պաշ Պողոսյանը, պատասխանելով Փաշինյանի գրառմանը, գրել է․ «Իրոք ցավում եմ, որ դու (ոչ թե դուք) երկրիս վարչապետն ես։ Քո մակարդակը երբեք բարձր չի եղել եւ չի էլ լինի։ Իրոք Արայիկը քեզ վայել նախարար է։ Երկուսդ էլ ՈՉ բարոյական տեսակի եք։ Հեռացրու գրառումդ… ամոթ ունենալն էլ է լավ բան»։

Լիդա Մելոյան․ «Բա ինչի՞ էն ժամանակ չէիր հիշում, սա լրիվ խեղկատակ ա, գնալով ավելի ա ցածրացնում իրեն՝ իր էժանագին պահվածքով»։

Արմեն Մինասյան․ «Էդ մարդու հացն էիր հարսանիքին ուտում, դրա տուտուզը հենց սկզբից բռնիր, մյուս թալանչիներին էլ ուղարկեցիր հանգստի՝ դրսերում... ու հերիք ա կախվես հնից, մեզ էլ դրանով չես կարա կտես, կա՛մ բռնի նախկիններին, կա՛մ էլ ասա, որ դրանց պրոյեկտն ես... հերիք ա, բեմից իջի»։

Վահագն Հովհաննիսյան․ «Ինչ խոսք, ֆանտաստիկ իրավական պետություն եք ստեղծում... Օդում կախված լուրերը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իջացնում ա երկիր, դնում դեմներդ, արհամարհում եք, կասկածելի անցյալով մարդկանց/մարդուն ընտրում եք ՍԴ դատավոր, միեւնույն ժամանակ արհամարհում եք դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, ըստ որի՝ էն, ինչ գրել եք, սուտ է, լրիվ ուրիշ հարց է, թե էդ դատարանի վճիռն ինչքանով ճշմարտության հետ աղերս ունի»։

Աշոտ Գրիգորյան․ «Սկզբից սարեր խոստանալ, հետո նստել գահին ու ոչ միայն խոստումները, այլեւ ինքդ քեզ անգամ մոռանալ։ Աջակցել, միանշանակ՝ աջակցել»։
Միքայել Մանուկյան․ «Ընտիր փիառ Ծառուկյանի անձի համար՝ իշխանությունների եւ վարչապետի դեմ օր-օրի աճող բողոքների ֆոնի վրա: Այսպես նույնիսկ իրենք իրենց չէին կարող գովազդել Գագոյի փողերով: Դուք դա արեցիք անվճար: Հենց այս ստատուսով էլ Ձեր բազմաթիվ արդեն նախկին համախոհների «ուղարկեցիք» ԲՀԿ-ի ճամբարը: Հիանալի ընդդիմություն եք ստեղծում: ԲՀԿ-ն եւ իր լիդերը եթե նորից շարունակեն «ժողովրդի հետ, ժողովրդի համար» կարգախոսն օգտագործել Ձեր արած յուրաքանչյուր նման ստատուսից հետո, ապա լուրջ էլեկտորատ ձեռք կբերեն: 
Ընտիր է: Կեցցե՛ք, պարոն վարչապետ: Ամեն ինչ անում եք ընդդիմադիրներին ուժեղացնելու համար»։

Վաչագան Մաթեւոսյան․ «Հա, բայց էդ իր գործն ա՞ որ, դրա համար իրավապահ մարմին ունեինք վախտին, հիմա չնայած դրանք պոպոքը չգիտեն ինչ ա, ուր մնաց իրավունք իմանան»։
Պայծառ Ավետիսյան․ «Սա Փաշինյա՞նն է գրում, թե՞ մոդերատորը։ Եթե Փաշինյանը, ապա սիրուն չէ իջնել երկրի ղեկավարի մակարդակից այդքան ցածր, իսկ եթե մոդերատորը, ապա անհապաղ պետք է փոխել նմանին։ Պարոն Փաշինյան, հասկանում եմ, որ լրագրողական ձեր ճյուղը չեք կարող անտեսել, բայց ավելի լավ է այն օգտագործեք այլ ուղղության փաստերը վեր հանելու եւ մեղավորներին իրական արդարադատության առաջ կանգնեցնելու, ոչ թե սահմանափակվեք զուտ ստատուս գրելու մակարդակով»։

Արտակ Գասպարյան․ «Մի զարմացեք, էսա երկրիս «ղեկավարի» (номинация лучший блогер года) լեւըլը... Երկիրը որ ղեկավարեն պլանքաշները, կոմիկները, մուտիլովշիկներն ու ԼԳՏՄԲԴՍՄՆԵՐ-ը, արդյունքը սա ա լինելու»։

Փաշինյանի գրառումը մեկնաբանել է նաեւ նրա երբեմնի դաշնակից, ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը․ «Ես էլ կհամաձայնեի ԿԳՄՍ նախարարի հետ, եթե գրեր․ սկզբից Գյումրիից քայլում ես ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ, ժողովրդի հետ իրականացնում ես ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, տալիս ես ժողովրդի ականջին հաճո խոստումներ արդարադատությունը, Սահմանադրությունը փոխելու մասին, գալիս ես իշխանության ու միաձայն քվեարկում ես այնպիսի ՍԴ դատավորների օգտին, ովքեր հայտնի են իրենց անարդար դատական որոշումներով։ Շարքը կարող եք լրացնել»։

Ինչպես երեւում է, Փաշինյանի այս գրառումը հիասթափեցրել է նույնիսկ նրա համակիրներին։ Ի դեպ, սրանք մեկնաբանությունների մի չնչին մասն են, հավաքել ենք միայն իրական օգտատերերի մակնաբանությունները եւ հնարավորինս կոռեկտները, իսկ սրանից զատ, Փաշինյանի գրառման տակ զանազան ծաղրանկարներ են, հայհոյանքներ, «12 հարկանի քֆուր-քյաֆար» եւ քաղաքային ֆոլկլորի օգտագործման զանազան ու բազմազան դեպքեր։ Ինչպես կասեր Շարմազանովը՝ «շոուն չստացվեց»։