«…Երբ նրանք եկան իմ ետևից, արդեն չկար մեկը, որ պայքարեր ինձ համար»

«…Երբ նրանք եկան իմ ետևից, արդեն չկար մեկը, որ պայքարեր ինձ համար»

«Երբ նրանք եկան կոմունիստների ետևից, ես լռեցի, քանի որ կոմունիստ չէի, երբ եկան սոցիալ-դեմոկրատների ետևից, ես լռեցի, քանի որ սոցիալ-դեմոկրատ չէի, երբ նրանք եկան արհմիության ակտիվիստների ետևից, ես լռեցի, քանի որ արհմիության անդամ չէի: Երբ նրանք եկան իմ ետևից, արդեն չկար մեկը, որ պայքարեր ինձ համար»: Սա հատված է գերմանացի բողոքական աստվածաբան, Ավետարանչական բողոքական եկեղեցու քահանա (պաստոր) Մարտին Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Նիմյոլերի (1892-1984) 1946 թվականի ելույթից: 1941-45 թթ.-ին պաստորը բանտարկված է եղել գերմանական «Դախաու» համակենտրոնացման ճամբարում:

«Ինչի այսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարողա չանի՞»: Սա ՀՀ վարչապետ կարգված Փաշինյան Նիկոլի հայտնի «հեղափոխական» արտահայտությունն էր: Բայց վաղուց արդեն պատմության աղբարկղ է նետված հեղափոխականությունը վարքագծում՝ որպես նվիրյալներ, և գործողություններում՝ որպես բարեփոխիչներ: Միաժամանակ, առկա է «հեղափոխական», այսինքն՝ ամեն ինչ ավերելու, մտայնությունը: Եվ ոչ միայն առկա է, այլև գերիշխող մտայնություն է Հայաստանում: Ու նշանակություն չունի, որ դրա պատճառով մեր հայրենիքը հսկայական կորուստներ է կրել և կրում, դաժան փորձություններ է տարել և տանում այսօր: Եվ ավերվածություններն առկա են  թե՛ արտաքին քաղաքականության բնագավառում և թե՛ հատկապես ներքին կյանքում: Ապօրինությունների և անօրինականությունների տեսքով ավերվածություններն ամենուր են՝ համայնքային ընտրություններում, պետական կամ համայնքային հաստատությունների ղեկավարների նկատմամբ հետապնդումներում, իրավական հալածանքներում և այլն: Ասենք «Այբ» կրթահամալիրի նկատմամբ, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի նկատմամբ, հայրենասեր համայնքապետերի և ռազմական գործիչների նկատմամբ, քաղաքական բանտարկյալների առկայության երևույթով և այլն: Եվ դրա հետ մեկտեղ առկա է ապաշնորհ պետական կառավարում, ապաշնորհ սոցիալ-տնտեսական և կրթա-մշակութային քաղաքականություն... 

Վերադառնանք վարչապետի ասածը «կարողա չանող կամ անող» դատավորների հարցին: Նախկինների կոռուպցիոն արարքների դեմ պայքարի անվան ներքո դատական համակարգ ներառվեցին անձինք, որոնց միակ նպատակը իշխող քաղաքական ուժի կամ ավելի ճիշտ՝ իշխող անձի ապօրինի կամքի կատարումն է: Միաժամանակ, հալածանքների գնով փորձ է կատարվում ենթարկեցնել նաև արդեն կայացածներին: Ապօրինի կամքի, քանի որ ժողովրդի իշխանության անվան ներքո իշխանության ուզուրպացումը (լատիներենից՝ զավթում, գրավում) նույնիսկ տեսականորեն չի կարող լինել օրինականության շրջանակներում: Եվ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն էլ, համենայն դեպս, այն մարդը չէր, որ նվազագույն պահանջմունքների բավարարմամբ երկիր շենացներ: Եվ երեք ու կես տարվա կառավարման արդյունքում ձևավորվեց այն իրականությանը, որ գիշերային մղձավանջում անգամ չէինք սպասի: Ժամանակին, որպես ընդդիմադիր լրագրող և պատգամավոր, հենց այդ անձն էր ամենից շատ և ամենից խիստ դատապարտում դատավորների կախվածությունը իշխող քաղաքական ուժից: Եվ նրան հնարավորություն տրվեց կյանքի կոչել իր տեսլականը, եթե այն կեղծ չէր: Սակայն շատ արագ բացահայտվեց, որ այն գոյություն չուներ: Իրականում առկա էր հայրենիքի ապագայի հետ կապ չունեցող ամեն, ամեն ինչ: Եվ եթե առաջին օրերի հեղափոխական փոփոխությունների շնորհիվ, օբյեկտիվորեն սկսվել էր ձևավորվել իսկապես անկախ դատական համակարգ, ապա թե՛ օրենսդրական և թե՛ վարչական լծակներով ամեն ինչ վերադարձվեց ի շրջանս յուր: Ընդ որում, դա կատարվեց շատ ավելի կոպիտ ձևերով, ու ոչ միայն վերադարձվեց, այլև անկումը նախկինից շատ ավելի մեծ խորություն և ծավալ ընդգրկեց: 

Սակայն այս ամենում կա մի հանգամանք, որ համառորեն չի նկատվում հեղափոխական կոչված իշխանության կողմից: Ի դեպ, եթե այն որոշ չափով առկա էր նաև նախկինում, ապա գործող իշխանության դեպքում «կուրությունն» ավելի ուժգին է դրևորվում: Խոսքը տվյալ պահին գործող իշխանության ժամանակի մեջ անվերջ ու անսահման չլինելն է: Ու, ըստ այդմ, իշխանափոխությունից հետո նույն դատական համակարգից օրինական պաշտպանություն ակնկալելու հնարավորությունը: Այսօր դեռևս վարչապետի պաշտոնը զբաղեցնող  Փաշինյան Նիկոլին թվում է, թե ինքը երբևէ չի ընկնելու թախից: Եվ ըստ այդմ՝ ընկնելու հենց իր ձևավորած համակարգի դատավորներից մեկն ու մեկի ձեռքը: Եվ մի բան էլ՝ այսօր ոչ միայն դատական համակարգն է կոռուպցիայի դեմ պայքարի անվան ներքո փչացվում (ի դեպ, կոռուպցիան լատիներեն բառ է, որի իմաստներից մեկը հենց փչացումն է), այլև անընդհատ հարձակումներ են իրականացվում Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ուղղությամբ: Դրան գումարած՝ պաշտոնական տեղեկատվական շրջափակման մեջ  է պահվում պաշտպանի գործունեությունը: Գալիք տարվա գարնանը ՄԻՊ Արման Թաթոյանի փոխարինումը Փաշինյան Նիկոլին ձեռնտու անձով, բնականաբար, որպես հաղթանակ է դիտարկվելու վերջինիս կողմից: Արդեն նախանշված անձը (էական չէ նրա ով լինելը)՝ հաստատվելով ՄԻՊ պաշտոնում, իհարկե, կարդարացնի իրեն նշանակողի ակնկալիքները: Եվ կազատի նրանց «ավելորդ» գլխացավանքից: Եվ նրա նկատմամբ կդադարեցվի պաշտոնական տեղեկատվական շրջափակումը: Թեև չեմ կարծում, թե ինքը կկարողանա այնպիսի և այն ծավալի գործունեություն իրականացնել, որն անընդհատ տեղեկատվական հոսքի աղբյուր հանդիսանա: 

Սակայն այսպես կոչված «ժողովրդի իշխանության» կողմից չի գիտակցվում, որ Արման Թաթոյանից ազատվելն իր համար կնշանակի Պյուռոսյան հաղթանակ: Արդյունքում Փաշինյան Նիկոլն ու իր ուսապարկային շրջապատը կկորցնեն այն հզոր հաղթաթուղթը, որ կարող է պետք գալ Հայաստանի Հանրապետությանը: Թեև վստահ չեմ, որ դա երբևէ պետք կգա Փաշինյան Նիկոլի իշխանությանը: Բայց ավելի քան վստահ եմ, որ անձնապես պետք կգա թե՛ այսօր վարչապետի աթոռը զբաղեցնողին և թե՛ նրա կամակատարներին:

Ու չեմ կարծում, թե իրենց կողմից նշանակված ՄԻՊ-ն իշխանափոխությունից հետո հենց իրենց նկատմամբ չի վարվելու այնպես, ինչպես կվարվի իր նշանակումից անմիջապես հետո Նիկոլին ոչ հաճելի անձանց նկատմամբ: Իսկ որ իշխանափոխությունը տեղի է ունենալու շատ մոտ ապագայում՝ ես կասկած չունեմ: Դրա վկայությունը խորհրդարանական ընտրությունից կես տարի անց անցկացված համայնքների ավագանիների ընտրություններն էին: Դրանք ցույց տվեցին, որ ինքն այլևս չունի լուրջ աջակցություն նույնիսկ իր «սիրելի» ժողովրդի՝ անհայրենիք արարածների կողմից: Ու մի օր էլ հենց ինքն ու իր ուսապարկերը կվերհիշեն պաստոր Մարտին Նիմյոլերի վերը նշված խոսքը՝ արտասանված 75 տարի առաջ: