Երկաթյա կացարանը դարձել է այգեգործի պահեստ

Երկաթյա կացարանը դարձել է այգեգործի պահեստ

Գյումրիում վագոն-տնակը լքել է եւս մեկ ընտանիք: Վիվա-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» շարունակում են նպաստել այդ գործին: 35 տարվա մետաղյա ճնշող կացարանը ձեռք է բերել նոր նշանակություն. այգեգործությամբ զբաղվող ընտանիքի համար այն դարձել է պահեստ: Բնակարանաշինության ծրագիր իրականացնող կազմակերպությունների ղեկավարներն ու թիմերը բնակարանամուտ են նշել Եդիգարյանների հետ:

1988-ի ավերիչ երկրաշարժի հետեւանքով, շատերի նման, այս ընտանիքը եւս մնացել է անօթեւան։ Վագոն-տնակում երկարուձիգ տարիների կյանքը «պարտադրվել է» Եդիգարյաններին: Ընտանիքի տատը՝ Թամարան, անցել է շատ դժվարությունների միջով։ Երկրաշարժի ժամանակ կորցրել է որդիներից մեկին, իսկ երկրորդը զոհվել է Արցախյան պատերազմում։ Թամարայի երրորդ որդին էլ առողջական խնդիրներ ունի։

Վագոն-տնակում տարիների դժվար կյանքից հետո Եդիգարյաններին հաջողվել է բնակարան գնել, սակայն սոցիալական եւ առողջական բազմաթիվ խնդիրների պատճառով չեն կարողացել վերանորոգել այն ու  կեցության պատշաճ պայմաններ ստեղծել։

2019-ին ընտանիքն ընդգրկվել է Վիվա-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրում։ Մի քանի ամիս տեւած շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո ընտանիքի տարիների երազանքն իրականություն է դարձել:
«Այսքան դժվարություններից եւ տառապանքից հետո կարծես մի լույս բացված լինի։ Նոր հույսերով եւ հավատով ենք նշում մեր նոր տան բնակարանամուտը։ Շնորհակալ ենք աջակցության համար»,- ասել է Թամարան։

«Սա այն ծրագրերից է, որի արդյունքը գոհացնում է բոլորին. ընտանիքը հասնում է երազանքի իրականացմանը, իսկ աջակցող կազմակերպությունները՝ իրենց առջեւ դրած խնդրի լուծմանը: Ուրախ եմ արձանագրել, որ մետաղական վագոնն իր անհարմարությամբ այլեւս չի ճնշելու արդեն նախկին բնակիչներին: Ավելին, ծառայելու է կարեւոր նպատակի՝ այգեգործությամբ զբաղվող ընտանիքի համար: Ուզում եմ հավատալ նաեւ, որ նոր ու լուսավոր տան մեջ այս ընտանիքը միայն անհոգ օրեր է անցկացնելու»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Մեր կազմակերպությունը Վիվա-ՄՏՍ-ի հետ համատեղ արդեն բազում տարիներ աջակցում է ընտանիքներին՝ հաղթահարել աղքատությունը եւ դուրս գալ դժվարին սոցիալական պայմաններից։ Ճգնաժամը հաղթահարելու համար կարեւոր է, որ ընտանիքն ունենա սեփական՝ արժանավայել պայմաններով ապահովված տուն։ Եդիգարյաններն արժանի էին ունենալու այդպիսի պայմաններ։ Ուրախ եմ նրանց ընտանիքի համար»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: