Իշխանությունն ասաց՝ դուք քանի՞ գլխանի եք, որ առանց մեր գիտության այս կամ այն քայլը կատարեք 

Իշխանությունն ասաց՝ դուք քանի՞ գլխանի եք, որ առանց մեր գիտության այս կամ այն քայլը կատարեք 

Հարցազրույց փաստաբան Հովիկ Արսենյանի հետ․

- Պարոն Արսենյան, Նիկոլ Փաշինյանին մեղադրում են դատարանի վրա ճնշում գործադրելու մեջ, եւ նույնիսկ նրա կողմնակիցներից գտնում են, որ նա պետք է լուծի դատական իշխանության խնդիրը, այլ ոչ թե մարդկանց կրկին փողոց հանի։ Ձեր տեսակետը կուզեինք լսել։

- Ամբողջ իշխանությունը, համաձայն Սահմանադրության, պատկանում է ժողովրդին։ Դա նշանակում է, որ ժողովրդի քվեով իշխանության եկած օրենսդիր մարմին է ձեւավորվում, գործադիր իշխանություն, նաեւ կարգավորվում է դատական իշխանությունը, որը, բոլոր դեպքերում, ժողովրդի կողմից է։ Հիմա հարցը նրանում է, որ ձեւավորվել է եւ աշխատանքի է կոչվել թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմինը, իսկ դատական իշխանությունը, այնուամենայնիվ, ձեւավորվել է նախորդ իշխանության ժամանակ, եւ այս մեկ տարում կադրային փոփոխություններ դատական իշխանությունում այդպես էլ տեղի չունեցան։ Իր հայտարարության մեջ մեր հարգարժան վարչապետն ասաց, որ դատական իշխանությանը հնարավորություն էր ընձեռվել ուղղվելու, որ դատավորները կարողանան անկախ ու անկողմնակալ լինել, բայց մեր սպասելիքները չարդարացան։ Դեկլարատիվ հայտարարությունները, թե մենք ինչպիսի դատական իշխանություն ենք ուզում ունենալ, բոլորի սրտից են բխում։ Սակայն դրա ձեւը, այն, որ երեկվանից հայտարարվել է, որ դատարանները պետք է փակեն, կողպեքներ գցեն եւ այլն, ըստ էության, արդարադատության նորմալ գործունեությանը խոչընդոտել էր նշանակում։ Այսօր դատական նիստեր տեղի չունեցան, եւ ի՞նչ փոխվեց։ Իմաստը ո՞րն էր, որ ժողովուրդը փակեց դատարանները։

- Հիմա, կարծում եք, այս ակցիան պե՞տք էր։

-  Դրա արձագանքը եւ երեւույթը պետք է գնահատել շատ վատ, որովհետեւ որեւէ մեկն օրենսդիր մարմնին, դատարանի անկախությունը երաշխավորող, դրա օբյեկտիվ ձեւավորմամբ զբաղվող մարմնին չի խոչընդոտում, որ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գան կամ կանոնակարգեն այդ իրավիճակը, դատարանները համապատասխանեցնեն ժողովրդավարական պետության պահանջներին։ Այս մեթոդը, բացի բացասական երանգներից, չէր կարող ազդեցություն թողնել։

- Այսինքն՝ Դուք կողմ եք, որ դատական իշխանության ռեֆորմ է պետք, բայց դեմ եք կոշտ մեթոդներին։

- Միանշանակ, ոչ մեկին չի բավարարում այսօրվա ու երեկվա վիճակը, եւ դրա համար պետք է գործուն, ամենօրյա մշտական աշխատանք կատարել՝ սկսած օրենսդրական գործունեությունից, որպեսզի դատավորները, դատարանները դառնան անկախ, անկողմնակալ, որեւէ միջամտությունից զերծ։

- Ի՞նչն էր խանգարում, որ մեկ տարում դատարանները դառնան անկախ մարմին, եւ ինչի՞ց եզրակացրեց Փաշինյանը, որ անկախ չեն, վատ են աշխատում եւ պետք է փոխվեն։

- Պահանջը վարչապետի ի՞նչ էր՝ որ ով գտնում է, որ ինքը չի կարող մաքուր աշխատել, թող դիմում գրի։ Այսինքն՝ մարդը պետք է դիմում գրի ու մեջը նշի՝ ես չեմ կարող առանց կաշառքի աշխատել, եւ այդ իսկ պատճառով ինձ ազատեք աշխատանքից։ Նման բաներ չեն լինում, ախր։ Ռեալ պետք է նայել եւ իրատես լինել։ Օրինակ, մի ամբողջ տարի անընդհատ ասվում է՝ այն դատավորները, դատախազները, քննիչները, ովքեր մարտի 1-ի գործերով մասնակցություն են ունեցել, դատավճիռներ են արձակել, նրանց պետք է կանչեին ու ասեին՝ հարգելիս, դիմում գրի, ազատվի, որովհետեւ Եվր ադատարանն արդեն իսկ իր որոշումներում արձանագրել է, որ այդ գործընթացները բոլորը քաղաքական նպատակներ են հետապնդել, իրավական գործընթացից դուրս են։ Այսինքն՝ դուրս է գալիս, որ դատավորներն իրենք կանխամտածված գնացել են հանցագործության։ Գոնե բարոյահոգեբանական մթնոլորտն այսպես չէր շիկանա։

- Օրինակ, Ազարյանը պե՞տք է դիմում գրի։ Նա Քոչարյանի կալանքը փոխեց, բայց չէ՞ որ նա Մարտի 1-ի գործերով բազմաթիվ դատավճիռներ է կայացրել։

- Այո։ Ազարյանը հրաշալի դատավոր է, բայց էն ժամանակ առաջնորդվել է նախկին իշխանության հրահանգներով։ Այս պայմաններում հանկարծ դռները փակել տալ դատարանների, չորն ու թացը խառնել իրար՝ խելամիտ չեմ համարում։ Արտաքինից դա նման էր, որ իշխանությունն ասի՝ դուք քանի՞ գլխանի եք, որ առանց մեր գիտության այս կամ այն քայլը կատարեք։ Միջազգային կառույցները նման գնահատական կտան։ Այս ամբողջ երեւույթը բերեց նրան, որ Քոչարյանն ու նրա թիմը խաղաքարտ ստացան եւ ցույց կտան, որ իշխանությունները ճնշում են գործադրում, ու ոչ օբյեկտիվ իրավիճակ է առաջանալու այն դեպքում, երբ որ այդպես չէ։ Երկու օր դատավորը գնացել էր խորհրդակցական սենյակ, ինչո՞ւ չազդեցին նրա վրա։

- Քոչարյանի կողմնակիցները որոշումից հետո արձանագրեցին, որ դատարանն օբյեկտիվ է եղել։ 

- Բայց մինչ այդ նույն պաշտպանները հայտարարում էին, որ դատարանն ազատելու է Քոչարյանին։ Ինչի՞ վրա էին վստահ։ Այստեղ ուրիշ սեւ գիծ եմ տեսնում։

- Այսի՞նքն։

-  Արցախի Հանրապետության նախագահը գալիս է դատարան՝ անդորրագիրը ձեռքին, միջնորդություն է ներկայացնում։ Նա չի մտածել, թե ինչ կլիներ, Արցախի, իր հեղինակությունն ինչպես կտուժեին, եթե դատարանը մերժեր նրան։ Ինչո՞ւ պետք է գալ ու նման քայլ կատարել, եթե նախապես համաձայնեցված չէր։

- Կարծում եք՝ նրանք նախապես գիտեի՞ն, որ չեն մերժվելու։ 

- Հանկարծակիության խնդիր չկար այստեղ։ Ցավ ապրեցի, որ այս օրերին Հայաստան-Արցախ հարաբերությունների, դավաճանության, հողեր հանձնելու մասին խոսակցություններ լսվեցին։ Չի կարելի, որ այդ այրերը միջամտեն դատական գործերի ընթացքին, այլապես անկանխատեսելի հետեւանքներ են առաջանալու, ու այդպես էլ եղավ։ Հնարավոր է, որ կա մեկ այլ սցենար, որը հասու չէ մեր ֆանտազիային։

- Ուզում եք ասել, որ միջնորդության բավարարումը համաձայնեցվա՞ծ է եղել մեր երկրի իշխանությունների հետ։

- Չեմ կարող ասել, կարող է եւ այլ երկրի իշխանությունների հետ էր համաձայնեցված։ Անհնարին էր, որ Բակո Սահակյանը մտածած չլիներ, որ կարող էր մերժվել։ Դրա հետեւանքներն ավելի վատը կլինեին, քան հիմա է։ Ես չգիտեմ, թե ինչ ուժերի հետ համաձայնության արդյունք է սա, եւ հիմա ուզում են քավության նոխազ դարձնել դատական իշխանությանը։ Իսկ արդար դատարանի ձեւավորման համար շարունակական քայլեր է պետք կատարել, որ լինի այնպես, ինչպես, օրինակ, Գերմանիայում է, եւ դատարանի մոտով անցնելիս քաղաքացին գլխարկը հանի ու խոնարհվի։

-Դատարանը կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի եւ  մյուսների քրեական գործի վարույթը և այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար։ Սա ինչ է, դատական իշխանության հակահարվա՞ծը։ Ինչ կլինի հիմա։ 

- Սա ապտակ էր իշխանությանը։ Սա նշանակում է, որ գործը կգնա ՍԴ, երկար քննության, հետո կասեն' սխալ եք էս ինչ հոդվածով մեղադրանք առաջադրել։ Դատական իշխանությունը ըմբոստացել է այս իշխանության դեմ, սաբոտաժ է անում, հասկանալով, որ ոչինչ էլ չունի կորցնելու։