Դա է եղել ինձ ուղղված ողջ մեղադրանքը

Դա է եղել ինձ ուղղված ողջ մեղադրանքը

Մենք նյութ էինք հրապարակել, որում նշել էինք, որ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախկին դասախոս Մաքսիմ Մանասյանի կողմից գրագողության մեջ մեղադրվող, նույն ֆակուլտետի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանը կրկին նշանակվել է նույն պաշտոնին։

Գրել էինք նաև, որ Մանասյանի մեղադրանքից հետո, ըստ մեր աղբյուրնեի փոխանցած տեղեկության, Սուվարյանին հեռացրել էին ամբիոնի վարիչ պաշտոնից։ Հրապարակմանը արձագանքել է Սեյրան Սուվարյանը՝ ասելով, որ ինքը ամբիոնի վարիչի պաշտոնից հեռացել է իր դիմումի համաձայն։ Նա նաև խոսեց իրեն ուղղված գրագողության մեղադրանքների մասին․

«Մանասյանին երբ աշխատանքից ազատեցին, հանձնաժողով ստեղծվեց, այդ հանձնաժողովի անդամներից մեկը ես եմ եղել։ Մաքսիմ Մանասյանը գիրք է տպել, որը խորհրդի կողմից չի երաշխավորվել։ Այն բանից հետո, երբ Մանասյանին աշխատանքից ազատեցին, նա սկսեց ստուգել հանձնաժողովի անդամների աշխատանքները։ Ինձ հետ կապված նա ներկայացրել է ռուսական, հղումներ չունեցող լրատվական կայքից հատված, որ իբրև ես այդտեղից եմ արտագրել։ Բայց այդ հոդվածը ավելի ուշ է տպվել, քան իմ հոդվածը։ Բացի այդ՝ ես այդ նույն հեղինակներից մեկի գրքին եմ հղում արել։ Եթե կա գիրք, և կա հոդված, ապա պետք է աղբյուրը նշես։ Դա է եղել իր մեղադրանքը, բայց դա մնացել է չգիտեմ որ թղթերում, մեզ այդ հարցը ոչ ոք չի տվել։ Իսկ ամբիոնի վարիչի պաշտոնից հեռանալու հիմքը եղել է այդ խառնաշփոթը, ես դիմում եմ գրել, որ ինձ, համաձայն իմ դիմումի, ազատեն աշխատանքից, և առաջարկել եմ իմ ասպիրանտին, իմ սանին, իմ պահած հոգեզավակին՝ Գոռ Ալեքսանյանին, և իրեն կողքից օգնել եմ այդ ընթացքում»։

Իսկ թե ինչպե՞ս է նա կրկին նշանակվել ամբիոնի վարիչ պաշտոնում, Սուվարյանը պատասխանեց․
«Հունիսի 27-ին համալսարանի գիտխորհրդի նիստ է եղել, որը հաստատել է ֆակուլտետի գիտխորհրդի որոշումը։  Ես ռեկտորի հրամանով նշանակվել եմ մինչև ուսումնական տարվա վերջ ժամանակավոր պաշտոնակատար»։