ՔՊ-ն մրցույթ է հայտարարել` ով ավելի աբսուրդ թեկնածու կառաջադրի թեմայով

ՔՊ-ն մրցույթ է հայտարարել` ով ավելի աբսուրդ թեկնածու կառաջադրի թեմայով

ՔՊ-ականների շրջանակից լուրեր են տարածվում, որ արդարադատության նոր նախարարի թեկնածուներից է նաեւ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Չի բացառվում, որ սույն լուրերի աղբյուրը հենց ինքը՝ պատգամավորն է։ Եւ թիմի մարդ է, եւ իրավագետ է, ինչո՞վ նախարար չի։ Ճիշտ է, դա Գաբրիելյանի երկրորդ մասնագիտությունն է։  Առաջին մասնագիտությամբ նա ժուռնալիստ է` Նիկոլի նման, աշխատել է «Ա1 պլյուսում»  ու «Ազատություն» ռադիոկայանում։ Բայց դե, Սիսակը Արփի Դավոյանից շահեկանորեն տարբերվում է, և նրա ֆոնին` լսելով Գաբրիելյանի անունը, գուցեև ուրախանանք, թե` «էլ բեթարից ազատվեցինք»։ Բայց պարզվում է, որ Սիսակ Գաբրիելյանը գոհ է Գրիգոր Մինասյանի աշխատանքից ու որևէ  խնդիր չի տեսնում։ Նա հարցազրույցներից մեկում ասել էր, որ տեղյակ չէ Մինասյանի դեմ ստորագրահավաքից ու գոհ է կառավարության աշխատանքից։

Լրագրողի հարցին, թե Գրիգոր Մինասյանի աշխատանքը նրան  գոհացնո՞ւմ է, Գաբրիելյանը պատասխանել է․«Գրիգոր Մինասյանը կառավարության անդամ է, եւ ես հարցին պատասխանեցի։ Կարծում եմ, որ կառավարության այն  ծրագիրը, որը բերվել է խորհրդարան ու որպես ՔՊ խմբակցության պատգամավոր, հաստատել եմ, ինքը էդ ծրագրով առաջ է շարժվում», - ասել է նա Factor.am-ի հետ զրույցում:

Եւ ուրեմն, եթե «նախարարի թեկնածուն» գոհ է նախկին նախարարի աշխատանքից, խնդիր չի տեսնում, ապա ի՞նչը պետք է փոխի, ի՞նչը պետք է բարելավի։ 

Ինքը՝ Գաբրիելյանը հերքում է իր թեկնածության մասին լուրն, ասելով, որ չկա նման բան։ 
Ինչպես ավելի վաղ գրել էինք, արդարադատության ապագա նախարարի մի քանի անուն է քննարկվում ՝ Արփի Դավոյան, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան, նրա տեղակալ Արուսյակ Ջուլհակյան, սոցիալական եւ այլ հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյան, ով հայտարարեց, որ մերժել է իրեն ուղղված առաջարկը։