Էջմիածնում ցույցերը վերսկսվել են․ Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով ցուցարարները գալիս են Երեւան

Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու դեմ դեռ անցած տարվա վերջին բողոքի ակցիա անողներն այսօր վերսկսել են ցույցերը։ Նրանց պահանջը նույնն է․ կալանավորել Գրիգորյանին։
«Հրապարակ»-ի հետ զրույցում կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանն ասաց, որ իրենք այս պահին ակցիան են իրականացնում Էջմիածնում, սակայն 16։00-ին կլինեն Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց, որտեղ նույն պահանջով հանդես կգան։
Նշենք, որ այսօր Վերաքննիչ դատարանը կքննի դատախազության բերած բողոքը՝ առաջին ատյանի որոշման դեմ։ Վերջինիս որոշմամբ՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխվել էր 25 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով:
Կարծիքներ