Պետությունը նրանց ուղղակի չի տեսնում

ՀՀ Կառավարությունն իր վերջին նիստում հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների վերաբերյալ նոր որոշմանը, որով ավելացավ ամիսը «40+10 հազար դրամ» ծրագրից օգտվողների թվաքանակը։ Այդ 50 հազարները կստանան նաև այն ընտանիքները, որոնք ներգրավված են բնակապահովման պետական աջակցության ծրագրում, բայց 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չեն ստացել սերտիֆիկատ։ Գումարները ստանալու համար անհրաժեշտ է լինելու նոր դիմումներ ներկայացնել։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Հրապարակին» պարզաբանում են․ «40+10 հազար աջակցության ծրագրի շրջանակում 2024 թվականի ապրիլ ամսին իրականացրել էինք մի շարք փոփոխություններ։ Դրանց թվում կար կետ, որ այն հայրենակիցները, որոնք բնակարային ապահովման 2022 թվականի պետական աջակցության ծրագրի շրջանակում հանդիսացել են հավաստագիր ստանալու ենթակա շահառու, չէին ստանում 40+10 հազար աջակցությունը։ Նոր փոփոխությունը, որը ընդունվել է կառավարության նիստում, հնարավորություն է տալիս շահառուների այդ խմբին ևս ստանալ «40+10 հազար» աջակցությունը։ Որոշումն ունի հետադարձություն, այսինքն՝ բաց թողնված ամիսների համար ևս կստանան գումարները»։
Ըստ նախարարության տվյալների, վերջին փոփոխության շնորհիվ «40+10 հազարներից» կօգտվեն եւս 2000 ընտանիք։ «Իսկ առհասարակ այս ծրագրից օգտվում են ավելի քան 100 հազար հայրենակիցներ», - ասում է սոցապ նախարարի խոսնակը։
Մեր տեղեկություններով, հարյուրավոր բռնի տեղահանվածներ չէին ստանում 40+10 հազարական դրամները, դուրս էին մնացել անհասկանալի պատճառներով պետական ծրագրերից ու հայտնվել էին չքավորության եզրին։ Արդյո՞ք նրանց հարցը ևս լուծված է։ «Դուրս մնացած չի կարելի ասել։ Պարզապես աջակցության պայմաններին` այն պահին գործող, չեն համապատասխանել, և կառավարության վերջին որոշմամբ նրանք եւս կստանան աջակցություն», - խոստանում է նախարարի խոսնակը։
Հասարական գործիչ, արցախցիների խնդիրներով զբաղվող Լիաննա Պետրոսյանին այս երկու օրում իր հայրենակիցներից բազմաթիվ մարդիկ են դիմել։ Նա ասում է, որ հոկտեմբերի 10-ի որոշումը ևս վերջնականապես չի լուծում: Այն չի լուծում տեղահանվածների կենցաղային ծախսերը գոնե չնչին չափով հատուցելու խնդիրը։
«Այս ընթացքում կային մարդիկ, որ դիմել են, ստացել են իրենց սերտիֆիկատները, բայց տուն չեն գնել։ Ու չեմ կարծում, որ նրանք կարողանան տներ գնել 10 մլն դրամով, ու նրանք այս որոշումից էլ չեն կարող օգտվել ու չեն ստանա 40+10 հազարները։ Այսինքն, ոչ մի որոշում վերջնական հարց չի լուծում», - ասում է նա։
Լիանա Պետրոսյանը նշում է, որ շատ ընտանիքներ կան, որոնք երկու տարբեր ծրագրերից են սերտիֆիկատներ ստացել, նրանք չեն կարողանա միավորել իրենց սերտիֆիկատները։ Բացի այդ, որևէ աջակցությունից, այդ թվում բնակարանային ապահովման ծրագրերից, դուրս մնացած բազմաթիվ տեղահանվածներ կան, որոնց տվյալները կորել են։ «Այդ մարդիկ ֆիզիկապես կան, բայց որևէ ցանկում չկան»։ Այդ անձինք չունեն գումար, չունեն տուն, որևէ աջակցության ծրագրերում ներգրավված չեն և ոչ մի հույս չկա, որ կներգրավվեն, քանի որ պետությունը նրանց ուղղակի չի տեսնում։
Կարծիքներ