Ամենակարևոր հարցն է, թե ինչ դիրքերում է հրադադարը տեղի ունենում․Կարախանյան

Ամենակարևոր հարցն է, թե ինչ դիրքերում է հրադադարը տեղի ունենում․Կարախանյան

«Հրապարակի» հարցազրույցը Մոսկվայի «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ։

-Պարոն Կարախանյան, Արցախում պատերազմը, որին մասնակցում է նաև Թուրքիան, ակնհայտորեն խուսափողական է։ Ոչինչ չասող հաղորդագրություններ, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ քննարկվել է արցախա-ադրբեջանական շփման գծում էսկալացիան, մտահոգություն է հայտնվել և այլն։ ՌԴ-ն շարունակելու՞ էդիտորդի կարգավիճակում մնալ, ըստ տեղի վերլուծաբանների՝ Թուրքիայի հետ պատերազմական գործողությունների մեջ չներքաշվելու համար։ Ի վերջո, հիշենք, որ Արցախի նախագահը հայտարարում է, որ մեր դեմ պատերազմում է առաջին հերթին Թուրքիան, հետո` Ադրբեջանը։

-Չէ, հայտարարություններով չէ։ Նախ, Փաշինյանը զանգահարել է Պուտինին, ներկայացրել է իրավիճակը, թեպետ ռուսական կողմն իր տվյալներով ու տեղեկություններով այն շատ ավելի լավ գիտեր, և պարզ է, որ թուրքական կողմի ակտիվ մասնակցությունը կար, թուրքական կողմը ներքաշված է։ Բայց չի կարելի ասել, որ ռուսական կողմը մի կողմ է քաշված կամ անտարբեր է իրավիճակին, որովհետև ռուսական կողմը թեև տեղեկատվական դաշտում ակտիվ չէ, բայց Թուրքիայի հետ արդեն եղել է խոսակցություն, զգուշացումներ։ Եվ երկրորդ՝ եթե ավելի ուշադիր նայենք տեղեկատվությանը կամ մամուլին, Լավրովը խոսել է Չավուշօղլուի հետ, փոխանցել է Պուտինի պահանջները թուրքական կողմին։ Այլ խնդիր է, որ թուրքական կողմը հիստերիայի, աննորմալության ու ագրեսիայի թափանիվը հավաքել է ու չի կարողանում կանգ առնել, որովհետև իրենք համարում են՝ խիստ ագրեսիվ, որ դա իրենց երկիրն է՝ երկու երկիր, մի ժողովուրդ, որն իր գաղափարախոսությամբ ցանկանում է վերջնականապես լուծել իր հարցերն  Ադրբեջանում և վերջնականապես Ադրբեջանը վերածեն թուրքական մի վիլայեթի, մարզի։ Իրենց մոտ վիճակն այդ է։ Բայց ՌԴ-ն մի կողմ քաշված չէ, Ռուսաստանը զգուշացրել է։ Հիմա, եթե այս իրավիճակում Թուրքիան այդ ագրեսիան շարունակի, ՌԴ-ի միջամտությունը լինելու է ու լինելու է շատ կոշտ, որովհետև ՌԴ-ն արդեն զգուշացրել է։ Ուղղակի բնական է, որ առաջին հարվածը՝ առաջին օրվա, Հայաստանն ու հայկական զինուժն իր վրա է վերցրել։ ՌԴ-ի դիրքորոշման հետ կապված` այլ կարծիք չկա ու չի կարող լինել։ Այստեղ կապ չունի ոչ Փաշինյանը, ոչ ինչ-որ ղեկավարություն, ոչ թե` տարբեր մարդիկ ինչ հայտարարություններ են անում, Ռուսաստանը հստակ պատկերացնում է իրավիճակը։ Բնական է՝ կան նրբություններ, մասնավորապես այն, որ Արցախը ՀԱՊԿ անդամ չէ և դրա շրջանակներում չի մտնում այդ անվտանգության համակարգերի մեջ։

-Բայց Թուրքիան էլ չի մտնում ու որպես երրորդ կողմ` ներքաշված է պատերազմում:

-Դրա համար այդ հարցը միջպետական է՝ ՌԴ-Թուրքիա խոսակցությունների, հարաբերությունների, բանակցությունների հարց է դարձել արդեն։ Թուրքիան չի մտնում, և Թուրքիային զգուշացվել է։ 

- Ոչ պաշտոնական մակարդակու՞մ։

-Եղել է ոչ պաշտոնական, բայց Լավրովը դրա մասին խոսել է Չավուշօղլուի հետ։ Սա հրապարակվեց, մանրամասները չեն հաղորդվում, բայց նորից եմ ասում՝ խոսակցության ժամանակ փոխանցել են անձամբ Պուտինի զգուշացումներն Էրդողանին` որ էս իրավիճակում եթե Թուրքիան նման քայլեր է անում ու դեռ բացահայտ էլ հայտարարում է, որ Ադրբեջանը պետք է վերածի ինչ-որ մի բանի՝ իր ինչ-որ մի ինքնավար մարզի կամ վիլայեթի, ապա այդ դեպքում Ռուսաստանի կոշտ, արդեն տարածաշրջանային մակարդակում կլինի։ Պարզապես, թուրքական կողմն օգտվում է նրանից, որ Արցախը ՀԱՊԿ-ում կարգավիճակ չունի, ու, իբր, «ագրեսորի» հարցերն է լուծում։ Սա Թուրքիայի դիրքորոշումն է ու սա կապ չունի Հայաստանի հետ, այսինքն, որ խնդիրը Հայաստանի հետ չէ։

-Իսկ ՌԴ-ն համարո՞ւմ է, որ Թուրքիան ագրեսիվ կերպով ներխուժում է տարածաշրջան և լիդերության հայտ ներկայացնում։

-Դրա համար զգուշացումը եղել է։ Ու եթե շարունակեն հրահանգիչների, ռազմական խորհրդատուների, թուրքական գենշտաբի ներկայացուցիչների մակարդակով, որոնց դեռևս ամսի 15-ին ուղարկել էին Բաքու՝ հրահանգներով, սխեմաներով, քարտեզներով ու արդեն ոչ միայն սովորեցնում էին, այլ եկել էին ասելու, որ էս, էս ուղղություններով հարձակումներ, էս, էս ուղղություններով հարձակումներ։ Ռուսական կողմին դա հայտնի էր դարձել։

-Իսկ ինչու՞ նախապես չփորձեցին զգուշացնել՝ կանխել։ Ի վերջո, կա նաև ռազմական հակահետախուզություն։

-Ռազմական հետախուզությունը գիտեր դա, բա ինչու՞ եմ ասում՝ սեպտեմբերի 15-ին։ Բայց այդ հարցը քննարկվում էր Թուրքիայի ու Ադրբեջանի միջև։ Սրանք պաշտոնական տվյալներ չէին։ Ռուսական կողմն ասել էր ադրբեջանական կողմին, ուղղակի թուրքական ու ադրբեջանական կողմերը դա համարեցին ոչ պաշտոնական և այլն։ Որ «դե հիմա, հայտարարել են, բայց թուրքական մասնագետները հաճախակի են լինում Ադրբեջանում»։

-Բայց մերոնք էլ հայտարարում էին, որ ամեն օր սպառազինություններով ինքնաթիռներ են գալիս Անկարայից Բաքու։ 

-Մինչև այդ էլ, առհասարակ, այդ չվերթների հաճախությունը շատ է ավելացել։ Հետո` միայն այդ ճանապարհով չէ, այլ ճանապարհով էլ էին բերում, նաև` գրոհայիններին ու վարձկաններին։ Բայց ՌԴ-ի համար ավելի մեծ հետաքրքրություն էր ներկայացնում այն փաստը, որ հրահանգիչներ էին գալիս` իրենց թղթապանակներով։ Ինչևէ, որոշ հարցեր կան նաև Հայաստանի հետ կապված, բայց այս պահին այդ հարցերը չենք բարձրացնի, դրա մասին հետո կխոսենք` պատերազմից հետո, որովհետև, հիմա դրա ժամանակը չէ։

-Ի՞նչ եք կարծում՝ հաշվի առնելով պատերազմի լայնամասշտաբայնությունն ու այն, որ, բացի «Իսկանդերից», գրեթե ամեն ինչ օգտագործվել է, որքա՞ն կհերիքեն կողմերի պատերազմելու ռեսուրսները։ Նաև, Ձեր կարծիքով, ՌԴ-ից հրադադարի առաջարկ կլինի՞։

-Այս պատերազմները պետք է դիտենք Թուրքիայի ու Ադրբեջանի՝ Արցախի ու Հայաստանի հետ կապված ռազմական կոնցեպցիայի մեջ։ Իրենք երկարատև պատերազմի ծրագիր չունեն։ Իրենց կոնցեպցիան այն է, որ պետք է ժամանակ առ ժամանակ մինչև 7 օր, 3-7 օր տևողությամբ պատերազմներ հրահրվեն, հարձակումներ, տարբեր ռազմական գործողություններ Արցախի տարբեր շրջաններում կամ սահմանի տարբեր հատվածներում։ Մեկ-մեկ էլ՝ Հայաստանի ուղղությամբ, հիմնականում՝ Վարդենիսի, Նախիջևանի, որոնք իրենց համար ռեզերվային սցենարներ են համարվում։ Ինչու, որովհետև իրենք երկարատև պատերազմելու ոչ ռեսուրս ունեն, ոչ էլ թույլտվություն ու կարողություն։ Բայց 3-7 օրն իրենց կոնցեպցիան է։ Ստեղ հարցն այն է, որ մենք այդ իրավիճակին պատրաստ լինենք ու դուրս գանք հնարավորինս քիչ կորուստներով։ Իսկ դրանից հետո էլ, ոնց որ ասած, ավանտյուրիստական տրամադրություն․․․ նայում են միջազգային հանրության ու Ռուսաստանի քայլերին ու տրամադրվածություններին ու ըստ այդմ՝ իրենց քայլերը կարգավորում են։ Բայց իրենց ռեսուրսը մոտ 7 օրվա է՝ պլյուս, մինուս։ Եթե, իհարկե, հաջողություններ կարողանային գրանցել, կշարունակեն, բայց իրենք հասկանում են, որ էս իրավիճակում իրենք պարտվում են։

-Ձեր կարծիքով, ՌԴ-ից հրադադարի առաջարկ կլինի՞։

-Եղել է, էսօր։Նման հայտարարություններ միջազգային կառույցներն էլ են արել, բայց հրադադարի հարցը սենց է։ Ստեղ ամենակարևորագույն հարցն է, թե ինչ դիրքերում է հրադադարը տեղի ունենում, ինչ ելման կետերում։ Եթե տարածքները պետք է մնան ինչ-որ մի կողմի, ադրբեջանական, օրինակ, տրամադրության տակ, բնական է, որ ոչ ՌԴ-ին, ոչ Հայաստանին դա ձեռք չի տալիս նման հրադադարը։ Դրա համար պետք է շատ ուշադիր ու զգույշ լինել, որովհետև հրադադարը՝ հրադադար, բայց չի կարելի թույլ տալ, որ ինչ-որ բարձունքներ կամ տեղանքներ մնան ագրեսորի տրամադրության տակ։ Ամեն դեպքում, հրադադարը միանշանակ չի ընկալվում, որովհետև Հայաստանի համար ավելի շահեկան կլինի, եթե ագրեսորը հետ շպրտվի, մի բան էլ անվտանգության գոտին մի քիչ էլ ընդլայնվի։ Կամ էլ թե չէ գանք ելման կետերին, պատերազմից առաջ  սահմանային ստատուս քվոյի ելման կետերին։ Թե չէ, եթե իրենք մի քանի բան վերցնեն, հետո ասեն՝ եկեք հրադադար կնքենք, իրենք դա անում են, դա իրենց կեղտոտ քաղաքականությունն է, որով շարժվում են։ Բայց էս իրավիճակում չի կարելի նման բաների գնալ, որովհետև դա ագրեսորին էլ ավելի է գրգռում։