Եթե մասսայական է, արդեն ճնշում չէ, դա արդեն կամարտահայտություն է

Եթե մասսայական է, արդեն ճնշում չէ, դա արդեն կամարտահայտություն է

Սահմանադրական դատարանը ուրբաթ օրն ուշագրավ որոշում կայացրեց, համաձայն որի` 2018 թվականի հոկտեմբերի 2-ին ԱԺ արտահերթ նիստում ընդունված «ԱԺ կանոնակարգ» օրենքի վիճարկվող դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ խմբակցությունները հոկտեմբերի 2-ի երեկոյան կայացած արտահերթ նիստում՝ ձեռքով քվեարկությամբ, քանի որ այն ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հավաքել էր էլեկտրոնային քարտերը, կողմ քվեարկեցին «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին։ Փոփոխված դրույթի համաձայն` եթե ԱԺ լիագումար նիստի ժամանակ պատգամավորները բացակայել են «իրենց կամքից անկախ», եւ դրա հետեւանքով քվորում չի եղել, ապա նիստը ոչ թե կհամարվի չկայացած, այլ կընդմիջվի: Եվ այս պարագայում նիստը նորից կշարունակվի միայն խոչընդոտների վերացումից հետո: Փոփոխության նպատակն այն էր, որ վիժեցնեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի սցենարը, որը պատրաստվում էր ԱԺ-ն շրջափակելու ճանապարհով ճնշում գործադրել խորհրդարանի վրա, որպեսզի իր հրաժարականից հետո կազմակերպված 2 ընտրությանն էլ խորհրդարանականները չմասնակցեին եւ դրա արդյունքում գնային արտահերթ խորհրդարանական ընտրության։ 

Փաստորեն, այդ դրույթն առաջիկայում ուժի մեջ կմտնի։ Երեկ ԲՀԿ-ականները խուսափում էին խոսել այս թեմայով, Միքայել Մելքումյանը միայն հայտնեց, որ «ինչ եղել՝ եղել է, անցել է արդեն»։

Զրուցեցինք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հոկտեմբերյան այդ օրերին «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։

- Պարոն Աղազարյան, օրենքում այդ փոփոխությունների կողմնակից պատգամավորներին եւ քաղաքական ուժերին Նիկոլ Փաշինյանը «հակահեղափոխականներ» անվանեց․ իր կողմնակիցներին հավաքեց Ազգային ժողովի շենքի մոտ՝ խաղաղ ցույցի, որի արդյունքը 2 ամիս հետո եղան արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Եթե օրենքն ընդունվեր, եւ ԱԺ-ն կողմ չլիներ արտահերթ ընտրություններին, ապա ԱԺ ընտրությունները կլինեին հիմա կամ գուցե ավելի ուշ․ Ձեր կարծիքով, ինչպիսի՞ խորհրդարան կունենայինք, այսպիսի մեծամասնություն կունենայի՞նք։

- Հոկտեմբերի 2-ի այդ հարցը, այդ որոշումը երկու բաղկացուցիչ մաս ունի․ մեկը՝ իրավական, մեկը՝ քաղաքական։ Հիմա եթե Սահմանադրական դատարանը ճանաչել է սահմանադրական մեր ընդդիմադիր գործիչների, ինչու չէ՝ այն ժամանակ կոալիցիոն գործիչների որոշումը, դա դեռ չի նսեմացնում մեր վարչապետի՝ այդ օրը արած քաղաքական քայլերի կարեւորությունը։

- Որո՞նք էին այն քաղաքական քայլերը, որոնք վեր էին օրենքից։

- Քաղաքականն այն է, որ այդ հապշտապությունը` այդ հարցը բերելու, եւ ՀՀԿ-ի կողքին կանգնելով՝ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն քաղաքական հարված էին հասցնում իշխող քաղաքական ուժին, որի հետ ձեւավորում էին կառավարություն։

- Ի՞նչ հարված։

- Ո՞նց, նպատակը ո՞րն էր դրա՝ չգիտե՞ք։

- Իրենք ասում էին, որ ուզում են օրենքով ապահովագրել իրենց, որ ճնշումներ չլինեն, ձեր կողմնակիցները կարող էին իրենց շրջափակել, թույլ չտալ գալ ԱԺ նիստի եւ իրենց ուզած օրենքն ու որոշումն անցկացնել։ Չե՞ք հիշում այդ օրերին ինչպիսի ճնշում, վիրավորանք կար նրանց նկատմամբ, եւ ամեն ինչ հնարավոր էր։

- Այսօր, այս խաղաղ իրավիճակում իմ համեստ անձի նկատմամբ այնքան վիրավորական խոսքեր կան, որ էլ չասած։ Հիմա էն ժամանակ էլ եղել է, ո՞վ իմանա՝ ով է եղել։ Իհարկե, ես դատապարտում եմ նման դրսեւորումները, բայց դրանք քաղաքական շահարկումներ դարձնելն անընդունելի է։

- Փաստն այն է, որ ՍԴ-ն հայտարարեց, որ պատգամավորներն օրենքի շրջանակներում էին գործում, ու դա մի քայլ էր, որպեսզի ԱԺ-ին հանգիստ գործելու հնարավորություն տրվեր, դուք էլ չկարողանայիք հափշտապ գնալ ընտրությունների, ընդունեիք Ընտրական նոր օրենսգիրքը, նոր գնայիք։

- ԸՕ-ն ընդունելու ամենամեծ ջատագովը մենք էինք, բայց վիժեցրին, չէ՞, մեր գործընկերները, չքվեարկեցին, մասնավորապես՝ ՀՅԴ-ն չքվեարկեց ու այսօր էլ չհայտնվեց խորհրդարանում։

- Իրենց առաջարկների մեծ մասը չէր ընդունվել, դուք չսպասեցիք, որ նոր փաթեթ մշակվի։

- Բնական է, որ իրենց բոլոր առաջարկները չէինք կարող ընդունել, բայց էն, ինչ որ առաջարկում էինք, լուրջ փոփոխություններ էին։

- Այդ օրենքի ընդունման համար ճնշում գործադրեիք, ձեզ ասում էին, որ շատ ուզենայիք, կընդունեիք, դուք ճնշում գործադրեցիք արտահերթ ընտրությունների համար, այն էլ հին՝ ռեյտինգային ընտրակարգով։

- Հա, դե մենք քննարկեցինք, եւ չընդունվեց, պետք չէ դա շահարկումների ենթարկել։ Հոկտեմբերի 2-ի օրենքն այլ բանի մասին էր, որ պետք չէ ճնշումների միջոցով պարտադրեն ԱԺ-ին որոշումներ կայացնել։

- Բայց դուք ասացիք՝ ոչ, պետք է ճնշման միջոցով կայացնենք։

- Հա, ես ընտրող եմ ու կարող եմ ճնշել։ Ճնշելու տարբեր ձեւեր կան, օրինակ, կարող են պատգամավորին խնդրել, որ այսպես անի։ Եվ ընդհանրապես, եթե մասսայական է, դա արդեն ճնշում չէ, դա արդեն կամարտահայտություն է։

- Բայց այդ նույն պատգամավորներին էլ ընտրողն արդեն ընտրել էր, այդ թվում` ձեզ, ու իրենք, օգտվելով իրենց սահմանադրական իրավունքից, ուզում էին աշխատել առանց ճնշումների։

- Ես չեմ վիճարկում ՍԴ որոշումը, բայց  համաձայն եմ, թե ոչ, դա այլ հարց է։

- Այսինքն, ընդունում եք, որ ճնշմամբ հասաք արտահերթ ընտրություններին։

- Նայած ճնշումը որն է, եթե ամբողջ ժողովուրդն է կանգնում, դա ճնշում չէ, դա կամարտահայտություն է, դա համաշխարհային պրակտիկայում է ընդունված։

- Ձեր ընդդիմախոսները բազմիցս են ասել, որ փողոց դուրս եկածներն ամբողջ ժողովուրդը չեն, եւ հետո՝ դուք ասում էիք, որ ԱԺ-ում հակահեղափոխություն են ծրագրում, ուզում էիք ձեր աջակիցները դուրս չգայի՞ն։

- Հա, բա ոնց, բա ի՞նչ անեինք։

- Եթե այդ օրն ընդունված օրենքը հանրային ճնշման ներքո նախագահ Արմեն Սարգսյանը չվիճարկեր ՍԴ-ում, ու այն ուժի մեջ մտներ, ընտրություններն ավելի ուշ անցկացվեին, դուք այսօր կունենայի՞ք 88 հոգանոց մեծամասնություն, եւ ընդհանրապես՝ խորհրդարանը նման համամասնությամբ կձեւավորվե՞ր։

- Նայած թե ինչքան ուշ կլինեին ընտրությունները, այդ վիճակը չէր կարող շատ երկար ձգվել, եթե մենք մոտենայինք մեկ տարվա վտանգավոր շեմին, ապա քաղաքական վտանգավոր իրավիճակ կառաջանար։

- Վարչապետի պաշտոնավարման մեկ տարվա մասի՞ն եք ասում, որից հետո խորհրդարանը կարող է անվստահության նախագիծ ներկայացնել։

- Այո։

- Այսինքն՝ այս մտահոգությամբ դուք այդ օրը գնացիք նման քայլի ու ավելի շուտ կազմակերպեցիք ընտրությունները։

- Նաեւ այդ, հիմա դեկտեմբերի 9-ին, թե փետրվարի 10-ին, ընտրությունների մեջ չէր կարող շատ տարբերություն լինել արդյունքների առումով, եւ ՀՀԿ-ն եթե քվեարկեր ԸՕ-ի օգտին, գուցե ինքն էլ անցներ խորհրդարան։ Այնպես որ, ամեն ինչ ազդեց բոլորի վարկանիշի վրա։

- Ընդունո՞ւմ եք, որ այս հարցում ՀՀԿ-ն ճիշտ էր, դուք՝ սխալ։

- Ոչ, ես չեմ կարող նման եզրահանգում անել ՍԴ որոշումից, գուցե իրավական առումով ճիշտ է, բայց ես չեմ կարող ասել, որ․․․

- Հնարավո՞ր է վիճարկեք այդ դրույթը։

- Ես չգիտեմ՝ օրենքը նման հնարավորություն տալի՞ս է, թե՞ ոչ․․․

- Փաստորեն, դուք ինչ-որ իմաստով պարտական եք նախագահ Սարգսյանին, որը հանրային ճնշման ներքո նախագիծը չստորագրեց, այլ ներկայացրեց ՍԴ, այլապես գուցե մեկ տարի անց էլ չկարողանայիք խորհրդարանն արձակել, եւ, ինչպես դուք ասացիք, անվստահության հարց առաջ կգար։

- Չէէէ, դա ոչ մի բան չէր տա, ընտրություններն էլ չէին ձգվի։

- Ի՞նչ պիտի անեիք, եթե պատգամավորներն ապահովագրված լինեին ճնշումներից, չէին գա, ու նիստն էլ անվերջ կձգվեր։

- Պարտադիր չէ, որ ժողովուրդն իր կամարտահայտությունը միայն ԱԺ շրջակայքում իրականացներ, ամբողջ ժողովուրդը ոտքի կկանգներ ու կխնդրեր իր պատգամավորներին, որ քվեարկեին այդպես։