ՀՀԿ-ին անդամակցելիս ես ուրիշ էի

ՀՀԿ-ին անդամակցելիս ես ուրիշ էի

Իշխանություն-ԼՀԿ հարաբերությունները գարնանային սրացումներ են ապրում, երեկ հերթական նոպան գրանցվեց երկրի թիվ մեկ ամբիոնից։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական Գեւորգ Պապոյանը որոշեց ԼՀԿ-ականներին ու հատկապես ղեկավարին «տեղը» դնել իրեն ՀՀԿ-ական անվանելու՝ «փաստը շահարկելու համար»։ Նախօրեին, երբ խորհրդարանում քննարկվում էր «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը, որն իշխանականները փաթեթավորեցին «նախկին թալանչիների կողմից ժողովրդից գողացածը վերադարձնելու» շղարշով, Մարուքյանն ու ԼՀԿ-ականները ելույթներում եւ համացանցում ակնարկներ էին արել՝ հետաքրքիր է, թե ինչու իշխանության երբեմնի ՀՀԿ-ականներն այդ մասին չէին մտածում, երբ անդամագրված էին նախկինների շարքերին։ Հնչել է նաեւ Պապոյանի անունը։

Վերջինս էլ որոշել էր հուժկու հակահարված հասցնել, պեղել էր ԼՀԿ-ականների ու նախկինների կապերն ու նիկոլփաշինյանական ձայնով, ոճով ու բառամթերքով փորձում էր ասֆալտին փռել ընդդիմադիր գործընկերներին։ Նա նույնիսկ կասկածի տակ դրեց 2012-ին ԱԺ պատգամավոր ընտրվելու փաստը․ «Էդմոն Մարուքյան, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին մեծամասնական համակարգով պատգամավոր էիք ընտրվում եւ չակերտավոր հաղթում էիք իշխանության թեկնածուին: Դա միակ դեպքն է եղել, որ իշխանության թեկնածուն պարտվել է»։ Ինչի՞ց է Պապոյանն ավելի շատ նեղվում, որ ժամանակին անդամագրվե՞լ է ՀՀԿ-ին, թե՞ որ այդ մասին հիմա հիշեցնում է ընդդիմադիր պատգամավորը, եւ ընդհանրապես՝ դա ի՞նչ մի նեղվելու առիթ է, երբ հիմա էլ նախկինների պակաս իրենց թիմում չի զգացվում։ Այս եւ այլ հարցեր տվեցինք Գեւորգ Պապոյանին։

- Պարոն Պապոյան, միգուցե ամաչո՞ւմ եք Ձեր ՀՀԿ-ական անցյալի համար ու այդ պատճառով բուռն եք արձագանքում հիշեցումներին։

- Ինչպես նշեցի ԱԺ ամբիոնից, գլուխս բարձր է, որովհետեւ ես երբեւէ որեւէ մեկից բան չեմ գողացել, որեւէ բան չեմ կեղծել, երբեք տերեր ման չեմ եկել, երբեք անօրինական բան չեմ արել։ Ինչից սկսվեց․ սկսվեց նրանից, որ երեկ Էդմոն Մարուքյանն ու իրենց պատգամավորներն ինձ մեղադրեցին ՀՀԿ-ական լինելու մեջ՝ հիմնավորելով, որ եթե ՀՀԿ-ական ես եղել, էդ կոռուպցիայի հարցերը բարձրացնեիր։ Ես էլ ասում եմ, որ իմ հայրիկին ընդդիմադիր հայացքների համար հեռացրել են ԵՊՀ-ից, որովհետեւ պաշտպանել է ընդդիմադիր ուսանողներին, կա հայտնի տեսաձայնագրություն։

- Բոլոր դեպքերում Դուք եղել եք, չէ՞, ՀՀԿ-ական։

- Այո, 2006-2007թթ․ ես անդամագրվել եմ, այնտեղ նշվել է, որ ես եղել եմ ՀՀԿ-ական, ես որեւէ բան չեմ թաքցրել։ Բայց ինձ մեղադրել, որ ես որեւէ մեկի հետ որեւէ կապվածություն եմ ունեցել․․․ 2011թվականին ինձ պարտավոր էին պետական տնտեսագիտական համալսարանում տալ մեկ դրույք դասաժամեր, բայց օրենքի կոպիտ խախտումով, քանի որ այլ հայացքներ ունեի, ինձ տվեցին 0.25 դրույք։ Ես 2008-ից իրենց հետ որեւէ առնչություն չեմ ունեցել: Ինձ մեղադրել նրանց հետ կապի մե՞ջ, ես 12 տարի որեւէ կապ չեմ ունեցել, ես ընդհանրապես չեմ ճանաչել, չեմ շփվել ՀՀԿ-ական որեւէ պաշտոնավորի հետ։ Ես շատ պատահաբար եմ հայտնվել ՀՀԿ-ում, ընկերս է խնդրել։

- Իսկ հնարավո՞ր է մինչ օրս էլ անդամակցում եք ՀՀԿ-ին, դրա համար էլ Մարուքյանը տեղից ռեպլիկ էր անում՝ Ձեզ անվանելով «այ ՀՀԿ-ական»։

- Ես չգիտեմ։ Ինքը կարող է գնա ճշտի՝ հիմա է՞լ եմ ՀՀԿ-ական: Բայց իմ տեղեկություններով՝ հեռացրել են ինձ: Երբ՝ չգիտեմ, ինձ այդպես են տեղեկացրել։ Ես 18-19 տարեկան էի։ Ես հեռանալու դիմում չեմ գրել, որովհետեւ որեւէ կապ չեմ ունեցել իրենց հետ 2008-ից հետո։

- Ձեզ ՀՀԿ-ական անվանելը վիրավորա՞նք եք ընդունում։

- Տեսեք՝ հանրապետական լինելը որեւէ անձի համար, այսինքն՝ կոմունիստ լինելը, ՀՀՇ-ական լինելը, ՀՅԴ-ի անդամ լինելը, ընդհանրապես որեւէ կուսակցության անդամ լինելը ես չեմ համարում վիրավորական: Ես պատասխանել եմ, որովհետեւ դա շահարկվում է իր կողմից, որ ես եղել եմ անդամ եւ նախորդ իշխանությունների հետ համագործակցել եմ։

- Իսկ կարո՞ղ է մի ելույթ էլ նվիրեք Ձեր թիմին, ովքեր այսօր էլ համագործակցում են երբեմնի ՀՀԿ-ականների հետ, Ձեր թիմում իրենք քիչ չեն, չէ՞։

- Պետք չէ խեղաթյուրել։ Մարուքյանն ինձ ասում է՝ դու վաճառող ես եղել էդ ժամանակ, ինչո՞ւ չես բարձրաձայնել նրանց ապօրինությունների մասին, ես էլ ասում եմ՝ Դուք էիք պատգամավոր աշխատում Սերժ Սարգսյանի մոտ, վարչության պետ էիք աշխատում, ոստիկանապետ, բերդի պետ, թող բարձրացնեին։ Միգուցե Մարուքյանը, երեւի թե շատ նեղվելով որոշ մարդկանց ապօրինի գույքը վերադարձնելու հեռանկարից, ապօրինի գույքի բռնագանձման նախագծի մասին իմ ելույթից, հոգեկան հուզմունքի մեջ է ընկել ու բացականչություններով էր հանդես գալիս։ Ես ընդամենը պատասխանել եմ իրենց ռեպլիկներին։

- Իսկ ձեր ներսի ՀՀԿ-ականներից հետաքրքրվե՞լ եք՝ իրենք ունե՞ն կասկածելի գույք կամ գիտե՞ն, թե նախկին պաշտոնյաներից որոնց գույքը կասկածելի ծագում ունի։ Իրենք ձեզ օգնելո՞ւ են, որ բացահայտեք։

- Ընդհանրապես, բոլորս պետք է օգնենք, որ կասկածելի ծագում ունեցող գույքի տեղն իմանանք ու բյուջեից թալանվածը վերադարձնենք բյուջե։

- Իսկ երբ անդամագրվում էիք ՀՀԿ-ին, ՀՀԿ-ն այդ ժամանակ գողացող եւ թալանչի՞ էր, թե՞ անբասիր կենսագրություն ուներ։

- Ես ասում եմ, որ 2006-ին եմ անդամագրվել։ Շատ բաներ են 2006-ին ուրիշ եղել, բայց նաեւ ես եմ ուրիշ եղել ե՛ւ տարիքային առումով, ե՛ւ մտածելակերպով, ե՛ւ աշխարհայացքով, ե՛ւ գաղափարական, այլ առումներով: Ես որեւէ մեկնաբանություն չեմ տա, իմ ընկերը խնդրել է անդամակցել, շատ մոտ ընկերս, ընդառաջել եմ։

- Կարո՞ղ է հիմա էլ է մի ընկեր խնդրել, որ «Իմ քայլը» մտնեք։

- Ոչ: Ինքս եմ անդամագրվել։ 18 եւ 33 տարեկանը տարբեր են: Այդ մասով որեւէ բան գաղտնի չի եղել: ․․․Համաձայն եմ՝ չափահաս եմ եղել, բայց ասում եմ այն, ինչ եղել է։

- Դուք կասկածի տա՞կ եք դնում Մարուքյանի՝ ԱԺ պատգամավոր դառնալը, իշխանության թեկնածուին հաղթելը։ Ձեր ելույթում էիք խոսում «փեսաների» հովանավորչության եւ այլնի մասին։

- Այո։

- Այդ դեպքում ինչո՞ւ էր 2017-ի ընտրություններին ձեր քաղաքական առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը, դաշինք կազմում այդ խիստ կասկածելի անցյալով, «փեսաների» հովանավորչությունն ունեցող Էդմոն Մարուքյանի հետ։

- Ես չեմ համագործակցել ու իմ ելույթում էլ ասացի, որ երբեւէ սիրելի փեսայի սիրելին չեմ փորձել դառնալ։

- Ձեր թիմն է համագործակցել, Նիկոլ Փաշինյանը, ստացվում է՝ ինքն է փորձել սիրելի փեսայի սիրելին դառնալ Մարուքյանի հետ։

- Մենք հիմա չենք համագործակցում: Ես ասացի այն, ինչ ասացի, ես անձամբ… դա էլ էական չի, մենք հիմա չենք համագործակցում։