Ինչ փոփոխություններ են նախատեսված ընդունելության նոր կարգով

Ինչ փոփոխություններ են նախատեսված ընդունելության նոր կարգով

Բուհերի դիմորդներն այս տարի ընդունելության հայտագրման առաջին փուլում կընտրեն մեկ բուհ` մեկ մասնագիտություն: Կառավարությունն ապրիլի 1-ի նիստում հաստատել է բուհերի ընդունելության կարգում փոփոխություն կատարելու մասին որոշումը:

ԿԳՄՍՆ Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Գրիգորյանը, անդրադառնալով բուհ ընդունվելու նոր կարգին, մասնավորապես նշեց․ «Սա նշանակում է, որ դիմորդները մասնագիտական առումով արդեն կողմնորոշված հայտագրում են իրենց նախընտրելի մասնագիտությունը մեկ բուհում, դրա անվճար եւ վճարովի տարբերակներով։ Այնուհետեւ, հիմնական մրցույթի ամփոփումից հետո, եթե առաջանում են թափուր տեղեր, հնարավորություն կա հայտագրելու եւս 6 մասնագիտություն այն նույն քննություններով, որոնց համար առաջին անգամ հայտագրել են»։

Դրանով, ըստ Լ․ Գրիգորյանի, հիմնական շեշտը դնում են մասնագիտական կողմնորոշման վրա՝ հաշվի առնելով նաեւ նախորդ տարիների ուսումնասիրությունները, երբ դիմորդները հիմնականում ընդունվում էին առաջին հայտով հայտագրված մասնագիտությամբ․ «Այս փոփոխությունը հնարավորություն կտա դիմորդներին՝ արդեն կողմնորոշված ընդունվել բարձրագույն բուհական հաստատություններ»։

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանն էլ նշեց, որ այս ուղղությամբ արդեն նախապատրաստական աշխատանքները սկսվել են, հայտագրման գործընթացը կսկսվի ապրիլի 15-ից եւ կավարտվի մայիսի 10-ին։ Այդ նպատակով սկսել են շրջել մարզերով եւ հանդիպել բոլոր դպրոցների տնօրեններին՝ բացատրել կարգը, հայտագրման ձեւերը։ «Ապրիլի 15-ին մեկնարկում է գործընթացը, նախեւառաջ դիմորդը, ով տվյալ դպրոցի շրջանավարտ է, դիմում է իր դպրոցի տնօրենին, ով գրանցում է աշակերտին եւ քննությունները, որովհետեւ մենք, բացի միասնական քննություններից, ունենք նաեւ ավարտական քննություններ։ Եթե աշակերտը գնում է միասնական քննությունների, բնականաբար, ավարտական քննական թեստ իրեն չենք ուղարկի։ Դպրոցում ինքը կստանա Գնահատման եւ թեստավորման կենտրոնի անձնական համարը, որը ստանալուց հետո շրջանավարտն ինքն է որոշում՝ անձա՞մբ ներկայացնել դիմում-հայտը ԳԹԿ-ին, թե՞ դպրոցի օժանդակությունն է խնդրելու՝ լրացնելու առցանց հայտը՝ dimord.am-ում։ Ամեն դեպքում, որեւէ խնդիր այստեղ չկա»։  

Անցած տարի հայտերն առցանց լրացնելու դեպքում կայքի հետ տեխնիկական խնդիրներ առաջացան, ինչը հույս ունի՝ այս տարի չի կրկնվի․ «Անցած տարի հենց կայքը սկսեց աշխատել, խակերական հարձակումներ եղան կայքէջին, բայց համապատասխան աշխատանքներ տանելուց հետո հույս ունեմ, որ այս տարի այն անխափան կաշխատի»։

Թե այս փոփոխություններն ինչ են տալու դիմորդներին՝ Կ․ Նասիբյանն ասաց․ «Եթե դուք, որպես դիմորդ, ցանկանում եք ուսումը շարունակել, պետք է իմանաք՝ ուր եք գնում, ինչ մասնագիտություն եք ընտրում։ Իսկ եթե մենք շարունակում էինք նախկին կարգը գործածել, ապա ստացվում էր, որ մի ստվար հատված՝ կեսից ավելին, ընդունվում էր առաջին հայտով, իսկ մնացածն արդեն իր բարձր միավորով հանում-դուրս էր գցում այն դիմորդին, որն իր առաջին հայտով հենց այդ մասնագիտությունն էր նշել։ Ստացվում էր այնպես, որ ո՛չ ինքն էր ընտրում իր մասնագիտությունը, ո՛չ էլ թողնում էր այն մարդը, որն ընտրել էր այդ մասնագիտությունը՝ շարունակի իր ուսումը բուհում։ Այսինքն՝ երկու կողմից տուժում էր դիմորդը ու նաեւ պետությունը։ Մարդը, ով չէր ցանկացել սովորել այդ մասնագիտությամբ, հայտնվում է այնտեղ, իսկ նա, ով ցանկացել է սովորել տվյալ մասնագիտությամբ, դուրս է մնում։ Եվ ստիպված եղանք այս տարի նոր կարգում կիրառել «մեկ բուհ, մեկ մասնագիտություն» մոտեցումը։ Մեկ մասնագիտություն ասելով՝ նկատի ունենք այդ մասնագիտության ե՛ւ անվճար, ե՛ւ վճարովի տեղերը։ Ընդունվում են նրանք, ովքեր առաջին հայտով դիմել են այդ մասնագիտությանը։ Մրցույթից հետո թափուր տեղեր առաջանալու դեպքում նրանք, ովքեր դուրս են մնացել իրենց ընտրած մասնագիտությունից, կարող են իրենց դրական միավորներով մասնակցել թափուր տեղերի մրցույթին։ Դա լինելու է առաջին փուլի ավարտից՝ հուլիսի 18-ից հետո»։ Ապա հավելեց, որ դիմորդները քննությունները հանձնելու են հուլիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում։   

Անցած տարի 700-ից ավելի դիմորդներ բարձր միավորներով դուրս մնացին մրցույթից եւ որեւէ բուհ չընդունվեցին, այս տարի նույն պատկերը կկրկնվի՞, թե՞ ոչ։ Կ․ Նասիբյանը կարծում է, որ «բարձր միավոր» ասվածը հարաբերական է։ «Իրավագիտության համար բարձր միավորը 19-ն է, պատմության համար՝ 15-ը, եթե դու իրավաբանական դիմածների հետ ես մրցում, դա լինում է արդար, եթե դիմում ես պատմական կամ աստվածաբանական եւ նրա դիմորդներին հանում դուրս, ես դա չեմ ընդունում, որովհետեւ հանում ես այն մարդուն, ով ուզեցել է դառնալ աստվածաբան։ Արդյունքում ե՛ւ դու չես սովորելու, ե՛ւ նա, ով ուզում էր սովորել այդ մասնագիտությամբ»։

Անցած տարի շրջանավարտների թիվը, ըստ Նասիբյանի, մոտ 20 հազար էր, թվային նույն պատկերը սպասվում է նաեւ այս տարի․ «Անցած տարի բուհ դիմեցին 10 հազար 500 հոգի․ դրանք միասնական քննություն հանձնողներն էին, եւ 2 հազար 500-ն էլ դիմեցին ներբուհական քննությունների համար։ Այս տարվա համար էլ սպասում ենք, էլի, նույն թիվը»։

Հավելենք, որ կառավարությունը 2021-22 ուսումնական տարվա համար բակալավրի կրթական ծրագրով հատկացրել է 2 հազար 918 անվճար եւ 22 հազար 300 վճարովի տեղ: