Աղբահավաքությունը գործոնի՞ է վերածվում 

Աղբահավաքությունը գործոնի՞ է վերածվում 

Հայկական ինտերնետ տարածքը, գրեթե ողջ սոցցանցերը ողողված են մայրաքաղաքի այս կամ այն թաղամասում կամ փողոցում կուտակված հսկայական աղբակույտերը պատկերող լուսանկարներով: Օգտատերերը, գուցե շատերին արդեն ձանձրույթ պատճառելով, իրավացիորեն բողոքում են ամառային շոգ եղանակին իրենց բակերում ստեղծված սուր հակասանիտարական վիճակից: Ի պատասխան՝ քաղաքային իշխանությունները ժամանակ առ ժամանակ հրապարակում են նոր աղբատարների ինչ-որ լուսանկարներ, որոնցում պատկերված տեխնիկան «հեսա հեսա» արդեն հասնելու է նպատակավայր: Նաեւ փորձում են բացատրել, թե ինչու աղբը ժամանակին չի հավաքվում. մի տեղ հին մեքենաներն են խափանվել, մեկ այլ տեղ չեն կատարվել ինչ-որ պայմանագրային պարտավորություններ, այսպես ասած՝ «քաշել են» մարդկանց, երրորդ տեղում մեկ այլ ֆորսմաժոր է կատարվել եւ այլն, եւ այսպես շարունակ:

Այսպիսի մի հումոր կա՝ լավ քաղաքական գործիչը նա է, ով մինչ ընտրությունները խոստումներ է տալիս, իսկ հետո հիմնավոր փաստարկներով բացատրում է, թե ինչու չկարողացավ կատարել իր խոստումները: Եթե նկատել եք, մեզանում նման «լավ» գործիչների պակաս երբեք չի զգացվել, իսկ հիշյալ հումորը շատ հաճախ ցավալիորեն վերածվել է իրականության: Հայաստանում օբյեկտիվ համարվող գործոնները միշտ էլ բավարար են եղել՝ այս կամ այն խոստման չկատարումը պատճառաբանելու համար: Բայց, կներեք, մի՞թե պատասխանատու պաշտոնների, տվյալ դեպքում համայնքի կառավարչի աթոռի հավակնորդները մինչ ընտրությունները տեղյակ չեն եղել այդ գործոնների մասին: Ուրեմն ինչո՞ւ են խոստումներ շռայլում, մաքուր, բարեկարգ քաղաք, անվտանգ տրանսպորտ ու մի շարք այլ նման բարիքներ խոստանում:

Որեւէ մեկը հիշո՞ւմ է տվյալ դեպքում Երեւանի քաղաքապետի որեւէ թեկնածուի, ով նախընտրական շրջանում ասած լինի՝ գիտե՞ք, հարգելի երեւանցիներ, ես, իհարկե, կփորձեմ, բայց հնարավոր է չկարողանամ աղբը հավաքել տամ: Մի լարեք ձեր հիշողությունը, հազիվ թե նման դեպք մտաբերեք: 
Ներկայումս մոդայիկ են դարձել նաեւ այս կարգի «հակահարվածները»՝ նախկինում էլ են եղել դեպքեր, երբ աղբը երկար ժամանակ չի հավաքվել: Պատասխան՝ բայց նախկինները վաղուց արդեն հեռացել են ու դժվար թե երբեւէ վերադառնան: Նրանցից հո չե՞նք պահանջելու: Մի՞թե դա արդարացում է: Ինչքա՞ն կարելի է կռվել նախկինների ստվերի դեմ, այս պահին առկա կոնկրետ խնդիրներին կոնկրետ լուծում տալու փոխարեն: Այդ տրամաբանությամբ գուցե արժե պախարակել միջնադարյան հայոց իշխան ու մարզպան Թեոդորոս Ռշտունո՞ւն, ով ժամանակին չի կարողացել կարգավորել հարաբերությունները Հայաստանի բյուզանդական մասի կառավարիչ Մժեժ Գնունու հետ՝ այդպիսով թուլացնելով երկրի պաշտպանությունը: 

Իսկ եթե ավելի լուրջ՝ վաղուց ժամանակն է, որ Հայաստանում աստիճանաբար ժամանակավրեպ դառնա վերը բերված՝ «լավ քաղաքական գործչի» սահմանման կարծրատիպը, եւ կոնկրետ խնդրի համար պատասխանատու պաշտոնյաները ոչ թե իրենց բյուրավոր օգնականների աջակցությամբ խելացի պատճառաբանություններ տարածեն, թե ինչու հնարավոր չեղավ լուծել այս կամ այն հարցը, այլ օրուգիշեր, իրենց հանգստից ու այլ վայելքներից զրկելու գնով աշխատեն ու արդարացնեն քաղաքացիների սպասելիքները: Տվյալ դեպքում՝ պարզապես աղբը հավաքեն: Իսկ գուցե նրանք տեղյա՞կ էլ չեն, որ ամառվա այս տապին աղբակոլոլ բակերում քայլելը, անգամ շնչելն անհնար է: Իսկ շնչել դեռ պետք է, գոնե հաջորդ ընտրություններին հնչելիք խոստումները լսելու համար: