Իմ ընկերությունները ՊՆ-ի հետ պայմանագրեր չունեն․ Դավիթ Գալստյան (Պատրոն Դավո)
Հակակոռուպցիոն դատարանում այսօր տեղի ունեցավ «անպիտան հրթիռների» գործով հերթական դատական նիստը։
Այս քրեական գործով անցնող 7 մեղադրյալներից, հիշեցնենք, որ միայն ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն է կալանավորված, դատարանը մերժել է նրան ազատ արձակելու բոլոր նախորդ միջնորդությունները։
Նա բանտում է արդեն 2 տարի 10 ամիս։ Նույն գործով անցնող մյուս բոլոր մեղադրյալները, այդ թվում` բանակին հրթիռներ մատակարարած Դավիթ Գալստյանն, ազատության մեջ են։ Վերջինս այսօր ներկայացել էր դատական նիստին։ Դատարանի բակում «Հրապարակը» Գալստյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է մտածում այն մասին, որ իր վաղեմի ընկեր Դավիթ Տոնոյանին այսքան տարի կալանքի տակ են պահում։ «Փաստաբաններին հարցրեք՝ կպատասխանեն»,-ասաց Գալստյանը՝ խուսափելով խոսել Տոնոյանի մասին։
Հիշեցնենք, որ Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանի «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերությունը, ըստ ԱԱԾ-ի, Պաշտպանության նախարարության հետ կնքել էր պայմանագիր, պարտավորվելով 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր, բայց մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որն, ըստ մեղադրանքի, էապես զիջել է մարտավարական հատկանիշներով և կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։
Սակայն մեղադրանքի կողմը մինչ օրս չի կարողացել հիմնավորել ավելի քան 4.5 մլն դոլարով գնված հրթիռները պիտանի՞ են եղել, թե՞ անպիտան: Այս տարի ընթացող դատավարությամբ դա չի հաստատվել, սակայն պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 2021թ․ սեպտեմբերից կալանքի տակ է։
Զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանի ընկերությունը, որը Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին տարիներին ՊՆ-ի հետ շարունակում էր համագործակցությունը, մեր տեղեկություններով, այսօր որեւէ պայմանագիր չունի պաշտպանական գերատեսչության հետ։
Այս մասին մեր հարցին, թե շարունակո՞ւմ են սպառազինություն մատակարարել ՊՆ-ին, Գալստյանն ասաց. «Ոչ, որեւէ պայմանագիր չունենք»։ Նա նաեւ խուսափեց գնահատականներ տալ ՊՆ-ի սպառազինության մատակարարումների որակին։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարծիքներ