Ղազագիրը Սոչիում էլ ղազագիր է

Ղազագիրը Սոչիում էլ ղազագիր է

«Փաստաթուղթը», որ տևական ժամանակ և համառորեն թաքցնում էր Նիկոլ Փաշինյանը, հրապարակվեց: Հրապարակվեց կասկածելիորեն արագ, կարելի է ասել` «երեքի» օնլայն ասուլիսը դեռ չավարտված: Կարճ, մեզ համար ոչ մի արտառոց բան չպարունակող հայտարարություն, որտեղ 3 անգամ հիշատակված է 2020թ. նոյեմբերի 9-ի, իսկ չորս անագմ` 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունը: Ու նաև մի տխուր բացատրություն, որ կողմերը պայմանավորվել են անշեղորեն կենսագործել այդ հայտարարությունների կետերը, այն է` ապաշրջափակել տրանսպորտային ուղիները, դելիմիտացնել և դեմարկացնել սահմանները:

Եվ ամենակարևորը` ներքոստորագրյալներից Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը, համապատասխանաբար` ՀՀ վարչապետ և Ադրբեջանի նախագահ, ընդունում են «важный вклад Российского миротворческого контингента в стабилизацию обстановки и обеспечение безопасности в регионе» («Տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործում ռուսական խաղաղարար ուժերի կարևոր ներդրումը»):

Սա թերևս այս հայտարարության ամենակարևոր պահն է, որովհետև մնացածը, ճանապարհների ապաշրջափակում, դելիմիտացիա, դեմարկացիա և այլն, կոնկրետություն չպարունակող նկարագրություններ են, որոնք կամ կիրագործվեն կամ չեն իրագործվի` նայած հանգամանքներին: Մինչդեռ ուշ հասկացողների համար (դա ԱՄՆ-ը, կլինի, Թուրքիան, թե ՆԱՏՕ-ն) Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կրկնել են այն միտքը, որ տարածաշրջանում հարցերը լուծում և շարունակելու է լուծել իրենց «գործընկեր» Վլադիմիր Պուտինը, այն է` Ռուսաստանը. «Российская Федерация будет и далее оказывать все необходимое содействие в интересах нормализации отношений между Азербайджанской Республикой и Республикой Армения, формирования атмосферы доверия между азербайджанским и армянским народами, а также выстраивания добрососедских отношений в регионе»: Սա հատուկ չեմ թարգմանի, որովհետև այս մասին մենք գիտեինք դեռ Խորհրդային Միության օրհներգից, որտեղ երգվում էր ԽՍՀՄ ազգերին ազատություն բերած Մեծ Ռուսաստանի մասին:

Կարո՞ղ եմ, արդյոք, ես այսքանից հետո եզրակացնել, որ Ռուսաստանը մեզ և Ադրբեջանին Սոչի էր հրավիրել հիշեցնելու, որ այս տարածաշրջանում միակ «ասողն» ինքն է, իսկ մենք ընդամենը նրա քաղաքականությունը սպասարկող օբյեկտներն ենք: Ռուսաստանին չի էլ հետաքրքրում, թե Ադրբեջանի ընդդիմադիրներն ինչ են խոսում ռուս խաղաղարարների ներկայության մասին, Ռուսաստանի հոգն էլ չէ, թե ՀՀ ԱԺ ամբիոնից իր հասցեին ինչ են ճամարտակում պատգամավոր-ուսապարկերը: Ռուսաստանին պետք էր Սոչիի ղազագրի տակ Հայաստանի և Ադրբեջանի ստորագրությունը, և նա դա ստացավ:

Ձեռնտո՞ւ էր, արդյոք, այս հայտարարությունը Ադրբեջանին: Միանշանակ` ոչ: Այնտեղ ոչ մի խոսք չկա այն մասին, որ Երևանը, Սևանը, Վարդենիսը և Սյունիքը «ադրբեջանական» հողեր են: Բա Ալիևն իր ժողովրդի պատմության մեջ ամենամեծ «հաղթանակը» տանի ու նրան Սոչիում ասեն` «нет?», ինքը չորս տարի շարունակ Նիկոլի համար ամեն ինչ անի, էդքան փող ծախսի ու վերջում միջանցք չստանա՞, ղազագիր ստորագրի՞... Իսկ Ալիևի համար ամենավատ «նորությունն» էլ այն է, որ հայտարարության մեջ խոսք չկա Արցախի մասին, ինչը նշանակում է, որ Արցախի հարցը ոչ միայն լուծված չէ, այլև Արցախն անվտանգության նոր հովանավոր ունի ի դեմս Ռուսաստանի, որտեղ հազիվ թե Նիկոլի նման մեկը հայտնվի նախագահի աթոռին: 

Ղազագիրն, ինչպես ասում են, Աֆրիկայում էլ ղազագիր է: Ի տարբերություն Ալիևի, սակայն, ղազագիր ստորագրելը Փաշինյանի համար սովորական արարողակարգ է: Որ ճիշտն ասեմ` նա չի էլ նայում` ղազագիր է ստորագրում, թե ինչ: Դրա ապացույցը նրա ընտանեկան թերթն է, որ այս ամեն ինչի մեջ կարևորել է Նիկոլի` Ալիևին ուղղված «ջղայնացած» հայացքով մի լուսանկար ու ողողել համացանցը... հլա տեսեք` ոնց է «ոչնչացնում» Ալիևին: Իսկ թե Սոչիում ստորագրած ղազագիրն ինչի արդյունք էր, նրա` նախապես ստորագրած ինչ այլ ղազագրերի ու «խելացի հրամանների» հետևանք, «ուսապարկությանը» չի էլ հետաքրքրում: Ոչինչ, որ Սոչիում էլ ղազագիր ստորագրեցինք, կարևորը` Նիկոլը փրկվեց... Այսպես է մտածում օրվա ՀՀ իշխանությունը: