Այս պահին մեր կողմից տրամադրված կացարաններում ապրում է շուրջ 1500 արցախցի

Այս պահին մեր կողմից տրամադրված կացարաններում ապրում է շուրջ 1500 արցախցի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հետաքրքրվեցինք, թե այս պահին քանի՞ արցախցի փախստական կա Հայաստանում, և ի՞նչ ծրագրեր է իրականացնում նախարարությունը նրանց մասով:

Ի պատասխան մեր հարցմանն՝ նախարարության խոսնակ Զարուհի Մանուչարյանը նախ հայտնեց, որ Հայաստանում գտնվող արցախցիների թվի վերաբերյալ նախարարության կողմից հաշվառում չի իրականացվում, այդ հարցով պետք է դիմել Միգրացիոն ծառայություն: Ապա հավելեց, որ իրենք ունեն վիճակագրական տվյալներ իրենց կողմից իրականացվող միջոցառումների շահառուների թվի վերաբերյալ: Իսկ միջոցառումները թվով 15-ն են:

«Նախարարության կողմից իրականացվում է արցախահայության աջակցության 15 միջոցառում: Ֆինանսական աջակցության, զբաղվածության ապահովման ծրագրերին զուգահեռ՝ շարունակվում է նաև կացարանային ապահովումը: Դեպի Արցախ մեծ թվով  քաղաքացիների վերադարձի ֆոնին այս պահին մեր կողմից տրամադրված կացարաններում ապրում է շուրջ 1500 արցախցի: Այս ծրագրերով նախատեսված գումարը քաղաքացիները կարող են ստանալ ինչպես Հայփոստի, այնպես էլ Արցախփոստի մասնաճյուղերից»,- տեղեկացրեց Զարուհի Մանուչարյանը:

Մասնավորապես, հունվարի 12-ի դրությամբ, ըստ խոսնակի տրամադրած տվյալների, 68.000+15.000 դրամ աջակցության ծրագրի վճարման ցուցակում ներառված է 96 հազար 27 քաղաքացի, մշակման փուլում է 1698 դիմում:

Իսկ Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչների համար (300.000 դրամ) աջակցության ծրագրով հունվարի 12-ի դրությամբ վճարման ցուցակում ներառված է 13.550 քաղաքացի, մշակման փուլում է 16.897 դիմում: