Սենոր Հասրաթյանն աշխատանքից ազատման դիմո՞ւմ է գրելու

Սենոր Հասրաթյանն աշխատանքից ազատման դիմո՞ւմ է գրելու

Մեզ հասած տեղեկություններով՝ Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը պատրաստվում է աշխատանքից ազատման դիմում ներկայացնել, թեպետ այդ որոշումն այնքան էլ սրտով չէ։ Պարզվում է՝ Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը Սասուն Միքայելյանի ելույթի վերաբերյալ հայաստանյան իշխանությունների կողմից չի ներվել եւ դրա դիմաց նա «վճարում» է՝ ազատման դիմում ներկայացնելով։ 

Սենոր Հասրաթյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում լսելով հարցը, վրդովվեց․ «Էդ ի՞նչ հարց ա, որ տալիս եք։ Դիմումը գրեմ, բոլորն իմանալու են։ Դուք ուրիշ գրելու բան չունե՞ք։ Որտեղի՞ց ունեք այդ լուրերը, ես էլ ձեր մասին լուրեր ունեմ, հիմա ասե՞մ»։ 
Ճշտող հարցին՝ պատրաստվո՞ւմ է աշխատանքից ազատման դիմում գրել, մեր զրուցակիցն արձագանքեց․ «Ոչ, դա իրականությանը չի համապատասխանում»։ 

Ավելի վաղ մենք գրել էինք, որ Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանը պաշտոնից ազատվել է հենց այդ գրառման պատճառով։ Ինքը՝ Մնացականյանը, լրատվամիջոցների հետ զրույցում չէր հերքել տեղեկությունը, ավելին՝ ասել էր, թե միգուցե դա է պատճառը։ Դրանից հետո նա նշանակվեց Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն։

Հիշեցնենք, որ երբ Թալինում քարոզարշավի ժամանակ Սասուն Միքայելյանը հայտարարել էր. «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, վախենում ասել` այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը», Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել էր՝ գրելով. «Ե՞րբ է մարդու ասածը ոչ միանշանակ ընդունվում: Երբ ասելիք չունի, բայց ունի խոսելու ցանկություն: Ապացույցը Սասուն Միքայելյանի կողմից այսօր արված հայտարարությունը կամ ավելի ճիշտ՝ համազգային երևույթները մեկը մյուսին վերադասելու կամ ստորադասելու փորձը: 
Հ. Գ. Աշխատեք հրաժարվել այդ «սովորությունից», մանավանդ, երբ խոսքը վերաբերում է մեր հազարավոր հերոս նահատակների արյամբ կերտված Արցախյան հերոսամարտին»: 
Հետո նա հեռացրել էր այդ գրառումը: