Ակամա գաղտնալսում կառավարության դաչաներից
Երազում:
Ինքը ռուսական կայքերն է նայում, մեկ էլ տեսնում է, որ Մարիա Զախարովան օնլայն ասուլիս է տալիս: Թե բա Հայաստանում ահաբեկչություն է տեղի ունեցել, վարչապետը չկա: Ըստ Զախարովայի՝ ահաբեկիչ մարդասպանները ռումբը տեղադրել են հեծանիվի ոտնակների թմբուկում, ու հենց վարչապետը ոտնակները պտտել է, գործողության մեջ է դրվել ժամացույցը: Հաշվարկը եղել է մանրակրկիտ և հստակ՝ երբ հեծանվորդների շարասյունը մտել է կառավարության տան տարածք, պայթյուն է տեղի ունեցել: Հեծանիվը չի տուժել, իսկ վարչապետին փնտրում են ամենուր, ոչ մի տեղ չկա: Աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի պատմելով՝ պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ շենքի զրահապատ ապակիների մեծ մասը փշրվել է, և մոտ 8 միլիոն դոլար կպահանջվի՝ վնասը վերականգնելու համար: ՌԴ գործընկերները ցավակցություն են հայտնում տեղի ունեցածի կապակցությամբ և իրենց օգնությունն առաջարկում վարչապետին կամ նրա (Զախարովան սկսում է հոնգուր-հոնգուր լաց լինել) մը…մը…մնացորդները հայտնաբերելու համար:
Սարսափահար արթնանում է՝ է՞ս ինչ էր այ մարդ, պետք է փակել բոլոր ռուսական կայքերն ու հեռուստաալիքները: Սուտն էլ չափուսահման ունի, ես ինձ համար քնած՝ սրանք էս ի՞նչ լուրեր են հաղորդում:
Ձայնագրություն:
-Աննա, Աննա, ախչի ո՞ւր ես…
-Հեծանիվիս շղթան եմ յուղում, ի՞նչ կա:
-Էսօր հեծանիվ չենք քշում, կորչի հեծանիվը:
-Խի՞, բա ես էլ հագել-կապել եմ, շլեմը դրել…
-Չենք քշում և վերջ, վատ երազ եմ տեսել: Զախարովան ասում էր…
-Ի՜ի՜ի՜, էլի քամակդ բաց ես քնել, այ մարդ: Զախարովան ի՞նչ էր ասում:
-Ասում էր, իբր, ես պայթել եմ հեծանիվի վրա…
-Հետո՞, հետո՞…
-Հետո էն, որ հեծանիվն անվնաս է մնացել, իսկ ես չկամ: Իմ գործի տեղի շուշեքն էլ, իբր, սաղ ջարդվել են:
-Բա ինքն ի՞նչ է տեսել, որ շուշեքը ջարդվել են:
-Արայիկն ա պատմել:
-Դդո՞ւմը…
-Հա:
-Լավ, էս ջուրը խմի, սիրտդ տեղը բեր:
-Սիրտս ո՞նց տեղը բերեմ, պիտի տեսնեիր, թե Զախարովան ոնց էր լաց լինում իմ անհետանալու կապակցությամբ:
-Ասում ես լա՞ց էր լինում… Լացը լավ է, երազը կփչվի, չվախենաս: Բայց, ամեն դեպքում պետք է ստուգել հեծանիվի թմբուկը: Անվտանգություն կանչե՞մ…
-Կանչի, բայց էսօր հեծանիվ քշել չկա: Զանգի Հրաչոյին, թող Դուբայից թազա հեծանիվ բերի, ես էդ հեծանիվն էլ նստողը չեմ:
-Հլա սպասիր երազահանը նայեմ… Տը, տը, տը… Ը, ը, ը… Գտա՝ սպասվում է ճակատագրական հարված յուրայինների կողմից, որի մասին զգուշացնում են օտարները:
-Յա՜ա՜ա՜…
-Հա, հենց այդպես էլ գրված է, Նիկոլ… Իսկ կարողա՞ էսօր ՔՊ-ի նիստ ունես:
-Հա:
-Զանգի, նիստը հետաձգիր, ասա՝ գնում եմ կնոջս հետ հեծանիվ քշելու:
-Անհարմար չի՞…
-Ի՞նչն է անհարմար, այ մարդ, թող էս նիստն էլ առանց քեզ անեն, կյանքդ է թա՞նկ, թե նիստը:
Գաղտնալսեց՝
Էդիկ Անդրեասյանը
Կարծիքներ