Թուրքիան մեզ ոչինչ էլ չի առաջարկել, և այնպես չէ, որ վարակը մեղմացրել է նրանց հայատյացությունը

Թուրքիան մեզ ոչինչ էլ չի առաջարկել, և այնպես չէ, որ վարակը մեղմացրել է նրանց հայատյացությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքի հարցում օժանդակություն ցուցաբերել։ Այս մասին Էրդողանը հայտնել է Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք․Մաշալյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։

Կորոնավիրուսային այս աշխարհում, երբ մեկ միության անդամները անգամ իրար օգնություններ չեն առաջարկում, և ամեն մեկը ապրում է գայատևման ռեժիմով, սա տարօրինակ է։  Առավել ևս տարօրինակ է Թուրքիայի նման պետության կողմից, այն պետության, որն անգամ Իսպանիայի համար նախատեսված սարքավորումներն է յուրացնում։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը առաջարկել էր կարծիքներ հնչեցնել՝ Հայաստանը պե՞տք է ընդունի, մերժի, թե՞ կա երրորդ տարբերակ։ Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով՝ նախ՝ Թուրքիան մեզ ոչ մի բան էլ չի առաջարկել։

«Առաջարկվում է, եթե արվում է պետական մակարդակով, ընդունվում է, կամ չի ընդունվում։ Այդ ինֆորմացիան գալիս է Մաշալյանից՝ այնտեղ մեր հոգևոր առաջնորդից, ում քաղաքական դիրքորոշումը շատ մեծ հարցականներ է առաջացնում։Երկրորդ՝ և ես կարծում եմ՝ այդպես էլ կա, որ գնում է բավականին ընդգծված ու կազմակերպված մի խաղ, որովհետև հայ համայնքը մինչ այդ Էրդողանին տվել է բավականին մեծ գումար, նվիրատվություն՝ հիվանդության դեմ պայքարելու համար։ Էրդողանի այդ այսպես կոչված՝ առաջարկը դրան է երկրորդել։ Բայց նորից եմ ասում՝ նման ձևով պետությանը առաջարկ չի արվում։ Դա արվում է պաշտոնական աղբյուրներով»,-ասում է Արման Նավասարդյանը։

Նա նաև խիստ կասկածում է, որ Թուրքիան ունի այդ հնարավորությունը, որովհետև նա ոչ Չինաստան է, ոչ Ճապոնիա։ «Տեսեք, թե ինչ է կատարվում եվրոպական երկրներում։ Առհասարակ, այն խոսքերը, որ այս պանդեմիան փոխում է բոլոր քաղաքական, տնտեսական զարգացումները, պատահական խոսքեր չեն, որովհետև կյանքը ցույց տվեց, որ այն, ինչ կար պետությունների հարաբերություններում, հիմա դա չկա ու շատ բաներ գնում են հակառակ ուղղությամբ»,-ասաց Նավասարդյանը։ Շատ փորձագետներ արդեն իսկ կանխատեսում են, որ հետկորոնավիրուսաին աշխարհում շատ ու շատ վերադասավորումներ են լինելու․ և՛ քաղաքական, և՛ աշխարհաքաղաքական, և՛ տնտեսական, և՛ ֆինանսական․ նոր հարաբերություններ, համագործակցությունների ու միապատական հարաբերություններ ու դաշինքներ։

Թեև պատմության մեջ ընդունված չէ թեական խոսել, բայց Նավասարդյանն այն կարծիքին է, որ եթե նման առաջարկ պաշտոնապես  լիներ, դրա մասին պետք էր մտածել և հավանաբար՝ ընդունել։«Որովհետև նման պարագայում մերժել, նշանակում է ավելի խորացնել գոյություն ունեցող անջրպետը երկու պետոթոյւնների միջև։ Բայց, կրկնում եմ, նման բան չկա» ։ Ինչպես գիտենք՝ Էրդողանը Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադառնալու խնդրին անդրադառնալով՝ նշել էր, որ այդ հարցում դյուրացումներ են մտցվել։  Սա Նավասարդյանը համարում է քայլ։

Սակայն ավելի խորն ու հեռուն գնալու դեպքում դիվանագետը տեսնում է հետևյալը․ Թուրքիան հասկանում է, որ այսօր հայերի նկատմամբ վարվող քաղաքականությունը և միջազգային գետնի վրա գոյություն ունեցող դիրքրորոշումը Հայկական հարցի նկատմամբ բոլորովին բարենպաստ չէ Թուրքիայի համար։ Առաջին հերթին՝ ԱՄՆ-ի կողմից, որի Սենատն ու Կոնգրեսը 2019-ին հայտնի բանաձևերն ընդունեցին և Ֆրանսիայի, ում հետ Թուրքիան լարված հարաբերություններ ունի Միջերկրական ծովում ռազմանավերի պատճառով (որպեսզի արգելք հանդիսանան Թուրքիայի կողմից հանքերի շահագործմանը)։ «Բացի այդ ամենը Էրդողանի ուշադրությունը հիմա զբաղված է 21 թվականի հնարավոր իրադարձություններով, որոնք վերաբերում են միջզային պայմանագրերին։ Ինքը արդեն հարձակման է անցել՝ առաջարկելով, որ 1923-ին վերանայվի Լոզանի պայմանագիրը՝ հօգուտ Թուրքիայի։Եվ հետո Հայաստանի նկատմամբ թրքական քաղաքականությունը ՝և՛ Նախիջևանի իրադարձությունները, և՛ Ադրբեջանի արած հայտարությունները և հենց Թուրքիայի՝ Արցախի նկատմամբ ունեցած նկրտումները ամենևին չի խոսում այն մասին, որ այս հիվանդությունը մեղմացրեց նրանց հայատյացությունը»,-կարծում է Նավասարդյանը։

Փոփոխվող այս աշխարհում կան ոչ լավատեսական կանխատեսումներ ու սցենարներ կապված նրա հետ։ Արդեն իսկ Արցախի մասով հնչում են հարցադրումներ, թե Մինսկի խմբի անդամ  այս կորոնավիրուսից հետո ինչքանով թուլացած ու իր հետաքրքրությունները պահպանած է դուրս գալու։ Կամ արդյոք մենք գիտե՞նք, թե Ռուսաստանն իր հետկորոնավիրուսային տնտեսությամբ որքանով է կարողանալու ազդեցիկ գործոն մնալ տարածաշրջանի տարբեր օղակներում։ Իսկ Միացյալ Նահանգներին արդյոք այլևս հետաքրքրելու՞ են Հարավային Կովկասն ու այստեղ կայունություններն ու զարգացումները։ Արդյո՞ք Եվրոպան կամ ԵՄ-ն ընդհանրապես ի զորու են լինելու զբաղվել ընդլայնման կամ «Արևելյան գործընկերության» խնդիրներով։ Նույն այդ պահպանվող թուրքական հայատյացության ֆոնին։ Այլ խոսքով՝ մինչև երկրները զբաղված լինեն իրենց ներքին խնդիրներով, միգուցե տարաշաշրջանում պատերազմ սանձազերծվի։ Իրավիճակ՝բազմաթիվ փոփոխականների ու բազմաթիվ անհայտներով։ Արման Նավասարդյանը ևս մարտահրավերներ տեսնում է՝ ասեով․«Թե ինչ ուղղությամ կզարգանա աշխարհն ու աշխարհաքաղաքական գործընթացները, նաև՝ տարածաշրջանում ինչ ընթացք կստանան, պետությունների միջև ուժերի դասավորությունն ինչպես կլինի, սա, անշուշտ կա։ Կա նաև նավթի խնդիրը։ Եվ այս համատեքստում, այո, ինձ շատ է անհանգստացնում Արցախը։ Այդ ընտրությունները չպետք է լինեին։ Ես դրա մասին գրել եմ» ։

Նավթի խնդիրը, որովհետև հիմա Ադրբեջանին մեծ պատերազմի սանձազերծելուց հետ է պահել նավթը։ Հիմա նավթի համաշխարյային գների կտրուկ անկումը փոխել է տնտեսոթյունների կառուցվածքն ու հաջորդիվ բյուջեները։