«Զվարթնոց» օդանավակայանում «դուքյան» են դրել, փող են աշխատում

«Զվարթնոց» օդանավակայանում «դուքյան» են դրել, փող են աշխատում

««Զվարթնոց» օդանավակայանում «դուքյան» են դրել, փող են աշխատում»,- այսպես բնութագրեց մեր զրուցակիցը երեկ օդանավակայանում իր հետ տեղի ունեցածը։

Բանն այն է, որ օդանավակայանի անձնագրերի ստուգման  կետում հերթ է գոյացել։ Զբոսաշրջիկների ընդունման խմբի անդամները 7000 ՀՀ դրամ են պահանջել հերթը «առաջ գցելու» համար՝ «Մեզ ասացին՝ եթե ուզում եք առանց հերթի անցնեք, 7000 վճարեք, անցեք։ Ինչ-որ նոր կարգ է»։

Նաև մեզ փոխանցեցին, որ բացառություն չի արվել նույնիսկ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների համար։  

«Վատն այն է, որ իրենք զբոսաշրջիկներին ընդունելու համար են, մենք ջանդամը, բայց մեր երկիրն են ներկայացնում»,- ասաց մեր զրուցակիցը։

«Հրապարակի» հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը նշեց, որ կարգն է այդպիսին․ «Դա ծառայություն է, որի համար պետք է վճարել 7000 դրամ և արտոնյալ պայմաններով կարող ես անցնել։ Վճարում ես, կտրոնը ներկայացնում ես, դրա հիման վրա կարողանում ես առաջ անցնել։ Եթե ուզում ես սովորական, ապա պետք է հերթում սպասել, եթե ուզում ես արագացված, ապա պետք է վճարվի այդ գումարը»։

Մեր այն հարցին, թե մարզիկների, սպորտի ներկայացուցիչների, ֆուտբոլային ակումբների համար չկան արտոնյալ պայմաններ, Սաթենիկ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ուղևորը մնում է ուղևոր»։