Լոռեցիներն են լավ ասում՝ ինչ ես տամ, որ անեմ, հիմա սրանցն է

Լոռեցիներն են լավ ասում՝ ինչ ես տամ, որ անեմ, հիմա սրանցն է

«Այսօրվա իշխանությունը չտեսների իշխանություն է»՝ «Հրապարակի» հետ զրույցում ասում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ «Կյանքում չեն տեսել նման բան, չեն էլ պատկերացրել, որ կարող են լինել իշխանություն, հիմա փորձում են ամեն ինչ ունենալ»,- ասում է նա։ Սարգսյանին հարցրինք` ինչո՞վ է բացատրում Փաշինյանի՝ հեծանիվի նկատմամբ ցուցաբերված այս բուռն ու հանկարծակի սերը, որ նա արտահայտում է վերջին շրջանում` բոլոր պաշտոնական այցելությունների ժամանակ աշխարհի տարբեր մայրաքաղաքներում հեծանիվ վարելով: Արամ Սարգսյանն ասում է. դա նոր բան է՝ վերջերս է սկսվել։ «Պետք է հասկանալ՝ ո՞վ իրեն հուշեց, որ գնա հեծանիվ քշի, այսպես կոչված, քաղտեխնոլոգ է հուշել, ընդամենը մի քանի ամսվա պատմություն է, հեծանիվ քշելը դարձրել է չգիտեմ ինչ: Հիմա էլ Մոսկվայում է այդ հեծանիվը քշում։ Խայտառակություն է դա, պետության ղեկավարը գնում՝ ուրիշ պետությունում նստում-հեծանիվ է քշում՝ իբր ի՞նչ։ Կամ՝ ցույց է տալիս իր համարը, որտեղ ինքն ապրելու է այդ երկու օրը, որտեղ իր սեղանին չգիտեմ ինչեր են դրել իր համար։ Իբր ի՞նչ։ Իր մակարդակի մարդկանց համար է դա անում եւ իջեցնում մեր ժողովրդի ինքնագիտակցությունը, որ ժողովուրդը դա ընկալի որպես նորմ, սակայն նորմը դա չէ»,- ասաց զրուցակիցս։ Գուցե ինչ-որ քաղտեխնոլոգիական հնարք է դա։ Արամ Սարգսյանը կարծում է, որ նորմալ պետություններում այդ տեխնոլոգիական հնարքը կընկալվեր որպես ծաղրածուի գործողություն։

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Մոսկվայում է գտնվում, սակայն այդ այցից Արամ Սարգսյանը ոչ մի ակնկալիք չունի․ «Մարդն իրեն պատեպատ է տալիս եւ հայտարարում, որ փոխշահավետ համագործակցություն է ուզում, բայց երբ որ դու ուզում ես փոխշահավետ համագործակցություն, ապա պետք է համապատասխան պլատֆորմ ունենաս, այսպես ասած, ոչ թե ասես ամեն անգամ, որ ՀԱՊԿ-ն ինձ համար վտանգ է պարունակում։ Դե, եթե ՀԱՊԿ-ը վտանգ է պարունակում, ի՞նչ գործ ունես Մոսկվայում, որ լավ գիտես` Ռուսաստանն է ՀԱՊԿ-ը կազմավորել։ Այսինքն՝ ինքը միշտ անլուրջ տպավորություն է թողնում բոլորի վրա եւ դրանից ինքն օգտվում է, իմիջիայլոց։ Ինչո՞ւ մի որեւէ այլ պետության համար պետք է կարեւոր լինի, որ Հայաստանում լինի այնպիսի իշխանություն, որն ինքնուրույն է, որն իր ժողովրդի հետ միասնական է, որն իր ազգային-պետական շահերն է պաշտպանում եւ հիմնվում է մեր ամբողջ ազգային ներուժի վրա։ Ինչի՞ պիտի որեւէ պետության ղեկավարին դա ձեռնտու լինի, ոչ մեկին դա ձեռնտու չէ, դրա համար՝ դո՞ւք եք որոշել, որ այսպիսի իշխանություն պիտի ունենաք, գնացեք, ձեր իշխանության հետ ապրեք։ Մենք հաշվի ենք նստում ձեր կամքի հետ, դա կլինի Արեւմուտքը, դա կլինի Ռուսաստանը, դա կլինի Չինաստանը՝ կապ չունի։ Ամեն պետություն իր շահերից ելնելով է պայմաններ թելադրում՝ մնացածը դուք որոշեք, դրա համար զարմանալու բան չկա։ Իսկ Մոսկվա իր այցը չգիտեմ, թե ում հետ է համաձայնեցրել` Արեւմուտքի հատուկ ծառայություններից, որոնց հետ շատ սերտ հարաբերություններ ունի, դժվար է ասել»։

Ինչ վերաբերում է Սրբազան շարժմանը, որի ակտիվ փուլը մեկնարկել է հոկտեմբերի 2-ից, Դեմկուսի ղեկավարն ասաց, որ իրենք՝ «Միասին» շարժման բոլոր անդամներով, աջակցում են Սրբազան շարժմանը, որովհետեւ բոլորի նպատակը մեկն է՝ այս իշխանությունները պետք է հեռանան։ Եթե բոլոր կառույցներն այս նպատակի վերաբերյալ հստակ դիրքորոշում ներկայացնեն եւ իրենց բոլոր հնարավորություններն ու ջանքերն ուղղեն այդ նպատակին հասնելուն, ոչ թե կենտրոնանան այն կետի վրա, թե ով ինչ շահ է ստանալու արդյունքում, Սրբազան շարժումն անպայման կհաջողի։ «Իսկ երբ որ ամեն մեկը մտքին պահում է` եթե սա անեմ, ինձ ինչ է լինելու, լոռեցիները լավ են ասում՝ ի՞նչ ես տամ, որ անեմ, հիմա սրանք են՝ մեր քաղաքական ուժերի մի մասն է կամ հասարակական՝ չգիտեմ։ Չպիտի այդպիսի հարցադրում լինի, պետք է լինի մեկ բան․ եթե դուք համոզված եք, որ այս իշխանությունը չարիք է մեր պետության համար, ուրեմն նպատակը դա է՝ այդ չարիքից ազատվելը։ Այդ դեպքում միավորումը կստացվի, էլ պետք չէ ոչ մի բան հորինել՝ սրա հետ համաձայն չեմ, դրա հետ համաձայն չեմ եւ այլն։ Կան, իհարկե, շատ բեւեռացված կառույցներ, որոնց հետ նույն ճանապարհով չես գնա, բայց հիմնական ընդդիմադիր դաշտը չի միավորվում, որովհետեւ մեր տիտղոսային ընդդիմությունից ամեն մեկն ուզում է իր անվան տակ գործել, եւ դա էլ խանգարում է»,- եզրափակեց Արամ Սարգսյանը։