Մեկ մարդու հրամանով կամ հայտարարություններով կոռուպցիան չի վերանում
Հարցազրույց «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» նախագահ Արթուր Ղազինյանի հետ
- Պարոն Ղազինյան, Ամանորից առաջ Հայաստանի մոտ մեկ տասնյակ հայտնի իրավապաշտպաններ ստորագրեցին «Հայաստանի վերականգնման» ճանապարհային քարտեզ փաստաթղթի տակ, եւ այս ընթացքում, երբ կառավարության ծրագիրն արդեն ԱԺ-ում է, հետեւողականորեն պահանջում են, որ քարտեզն ընդգրկվի ծրագրում։ Մասնավորապես, նման սպասելիքներ կային ԱԱԾ, ոստիկանություն եւ այլ կառույցների ենթակայության փոփոխության, անցումային արդարադատության դրույթների ներդրման վերաբերյալ կառավարության ծրագրում, ինչը տեղի չունեցավ, եւ ինչին հետեւեցին կոշտ հայտարարություններ՝ նախազգուշացումների տեսքով։
- Իրավապաշտպան՝ կոչումով, բնույթով եւ առաքելությամբ, թերեւս, մեծ վերապահումով նրանց կանվանեի, որովհետեւ իրավապաշտպանը պաշտպանում է իրավունքը՝անկախ իր անձի՝ տվյալ սուբյեկտի հանդեպ ունեցած վերաբերմունքից, եւ եթե իրավունք է խախտվում, ապա այն բոլորին է պատկանում, ոչ թե սահմանափակվում է, եթե մարդը, օրինակ, նախկին ռեժիմի ներկայացուցիչ է։ Իսկ եթե նախկին ռեժիմին ընդդիմություն է, հակառակը՝ ունի իրավունքներ, եւ դրանք պետք է պաշտպանել։ Այստեղ արդեն իսկ հակասություն է առաջանում գաղափարական եւ արժեհամակարգային բազիսի առումով։ Այս առումով ունեմ խորը վերապահումներ եւ արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, որ Հայաստանում, փաստացի, քաղհասարակություն չի եղել։ Վերջին 8 ամսվա ընթացքում եղան իրադարձություններ, որոնք պետք է որ այդ իրավապաշտպանների ուշադրությունը սեւեռեին խախտված իրավունքների պաշտպանությանը, եւ նույնիսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտարարեց խախտված իրավունքի մասին, մինչդեռ Հայաստանում որեւէ իրավապաշտպան այդ մասին չխոսեց։ Խոսքը Սամվել Մայրապետյանի գործի մասին է։
- Մանվել Գրիգորյանի՞ նաեւ։
- Նաեւ՝ իր, երկրորդ նախագահի հնարավոր քաղաքական հետապնդման հետ կապված, ինչի մասին այս պահին հայտարարվում է։ Այս ամենն իրար հետ ձեւավորում է տպավորություն, որ կարծեք թե Հայաստանում, այսպես կոչված՝ իրավապաշտպաններն ու քաղհասարակության ներկայացուցիչները, փաստացի, ուղղորդվում են կոնկրետ թիրախի առումով եւ կամ կոնկրետ թիրախին հարվածելու նպատակով։ Թիրախը, կարծես թե չկա, եւ նրանք լծվել են նոր ձեւավորված իշխանության պաշտպանության, նրա լեգիտիմության ու հեղինակության բարձրացման գործին։ Ուզում եմ հիշեցնել, որ օրերս նախկին իշխանության ներկայացուցիչ, լրագրող ու խմբագիր մահացավ՝ 40 օր գտնվելով հացադուլի մեջ, եւ կարծեք թե ոչ մի իրավապաշտպան մտահոգված չէր այդ փաստով։ Երեկ տեղեկացանք, որ սահմանին զոհ է եղել, ինչի մասին եւս թաքցրել են։ Եթե այդ դեպքը լիներ մեկ տարի առաջ, վստահ եմ, որ բոլորովին այլ իրավիճակում կքննարկվեր այդ մահը։ Ինչ վերաբերում է Ձեր նշած գործընթացներին, ապա մասշտաբն ավելի մեծացնելով՝ կտեսնենք ու կհամոզվենք, որ խոսքը վերաբերում է գլոբալիզացիայի եւ ազգային պետության միջեւ վերջին տասնամյակներում ձեւավորված մրցակցությանն ու պայքարին․ աշխարհում ընթանում է գլոբալիզացիայի գործընթաց, որին դիմադրում են պետությունները, որոնք գտնվում են դեռեւս ազգային պատկանելության մեջ։ Այսինքն՝ ազգային ինստիտուտների ամրություն, դրանց դիմադրողականություն ու կենսունակություն՝ ընդդեմ գլոբալիզացիայի։ Այն շատ լավ բան է, այն պետք է լինի, բայց դրան պետությունը պետք է պատրաստ լինի, որպեսզի չկորցնի իր ազգային դիմագիծը։ Այն կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են «Բաց հասարակության հիմնադրամի» կողմից, փաստացի, առաջ են մղում գլոբալիզացիայի ծրագիրը Հայաստանում։ Նրանց կարծիքով՝ ազգային ավանդույթները պետք է սահմանափակվեն հօգուտ գլոբալ արժեքների։ Այս առումով, պետք է ձեւավորվի առողջ մրցակցություն, բայց այդ մրցակցության ձեւավորման համար դեռեւս անհրաժեշտ է ձեւավորել ազգային ինստիտուտների կենսունակ համակարգ։ Եթե մենք խոսում ենք Հայաստան գլոբալ կապիտալի մուտքի մասին, ապա դա պետք է հակակշռվի եւ հավասարակշռվի ազգային կապիտալով ձեւավորված տնտեսական համակարգերով։ Եթե խոսում ենք գլոբալ կրթական համակարգի մասին, ապա դա դեռ պետք է հավասարակշռվի ազգային կրթականով։
- Եթե քաղհասարակության ներկայացուցիչները պահանջում են կառավարության այնպիսի կառուցվածք ձեւավորել, որով ոստիկանությունը, ԱԱԾ-ն եւ այլ մարմիններ այլեւս չեն ենթարկվի սուպերվարչապետական համակարգին, ապա այստեղ ո՞րն է գլոբալիզացիան։
- Խոսքն այստեղ խորհրդարանական կառավարման հիմնարար սկզբունքների պահպանման մասին է։ Որ իշխանությունը պետք է հաշվետու լինի խորհրդարանին, եւ չպետք է լինեն ուժային կառույցներ, որոնք դուրս կլինեն ԱԺ վերահսկողությունից։ Իսկ փաստացի, Սերժ Սարգսյանի կողմից խորհրդարանական կառավարման պայմաններում վարչապետի պաշտոնը ստանձնելու համար նախապատրաստված օրենդրական հիմքերով՝ ՊԵԿ, ոստիկանություն, ԱԱԾ, բոլոր այս կառույցները դուրս բերվեցին խորհրդարանական վերահսկողությունից։ Եվ քանի որ կառավարությունն է հաշվետու եւ պատասխանատու խորհրդարանի առաջ, ապա ստացվում է, որ այդ մարմինները խորհրդարան չեն ներկայանում եւ չեն ներկայացնում հաշվետվություն։ Խորհրդարանական կառավարման մոդելի երկրում սա աբսուրդ է։ Եվ այս առումով կիսում եմ իրենց դիրքորոշումը, որ դա պետք է լինի օր առաջ եւ բերվի կառուցակարգային հիմքերի վրա, ձեւավորվի իշխանությունների բաժանման իրական հավասարակշռման համակարգն ու զսպումների մեխանիզմը, որը կապահովի իշխանության թեւերի բնականոն գործունեությունը։
- Այս շրջանակները քննադատեցին, մասնավորապես, Արթուր Սաքունցը հայտարարեց, որ կառավարության ծրագիրը չի կարող կոչել այլ կերպ, քան Սերժ Սարգսյանի կառավարության ծրագիր։
- Կարծում եմ՝ մի փոքր չափազանցված է, որովհետեւ որքան էլ անվանենք կառավարության ծրագիր, այն իր բնույթով, բովանդակությամբ ավելի շատ հիշեցնում է հայեցակարգ-ռազմավարություն, որովհետեւ ծրագրում ներառվում են կոնկրետ չափելի միջոցառումներ, որոնցով հնարավոր կլինի հասկանալ՝ այդ ոլորտում կառավարությունն ինչ քայլեր է արել, որքանով է կատարել եւ արդյունավե՞տ է կատարել իր առջեւ դրված նպատակները։ Իսկ ամորֆ եւ տրաֆարետային բարեմաղթանքներն ու հայտարարությունները, որ կան ծրագրում, որեւէ չափելիություն չունեն։ Դրանք հնարավոր չէ գնահատել։
- Բայց, որքան հիշում եմ, միշտ՝ ամեն բյուջեի ու կառավարության ծրագրի վերաբերյալ ասվել է՝ բարի ցանկությունների շարք, դեկլարատիվ հայտարարություններ եւ այլն։
- Չեմ հասկանում, երբ ասում են՝ միշտ։ Միշտ եղել են բաներ, որոնք մերժվել են, որոնք վերացվել են, եւ դրանց փոխարեն ստեղծվել է նորը՝ նախկինը թույլ չտալու համար։ Ի՞նչ է նշանակում, երբ ասում ենք՝ բա էն ժամանակ ոնց էր։ Էն ժամանակ ամեն ինչ էլ եղել է, եղել է վատ ու մերժվել է։ Մերժվել է՝ ավելի լավն ու ճիշտը ձեւավորելու համար։ Որեւէ համեմատական նախկին իշխանության ու նախկին կառուցակարգերի եւ նորի միջեւ չի կարելի անցկացնել, դրանք անհամադրելի են։ Եվ թող որեւէ մեկը մեզ չփորձի համոզել, որ նախկինում այսպես է եղել, բա ինչո՞ւ նախկինում դրա մասին չէիք խոսում։ Մարդկանց տրված խոստումները, նշաձողը բավականին բարձրացված է, եւ որն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով ուղղակի հնարավոր չէ իրականացնել։ Մարդկանց տրվել են խոստումներ, ինչումն էլ պոպուլիզմի ողջ դեֆեկտն է, արվել եւ արվում են հայտարարություններ, որոնք մեր քաղաքացիները համարում են, որ այլեւս այդպես է։
Ադյունքում՝ սկսում են կառավարությանը ներկայացնել պահանջներ, որոնք նա ի վիճակի չէ իրականացնել։ Ստացվում է մի իրավիճակ, երբ առաջանում է հիասթափություն, հուսախաբություն, որն աճելով՝ ինքնին մեծ ռիսկեր է պարունակում։ Քաղաքացիական անհնազանդության եւ հուզումների։
«Բաց հասարակության հիմնադրամը» հրապարակեց Հայաստանի վերականգնման հայեցակարգ։ Նախ՝ անվանումը վիճելի է, որովհետեւ, երբ կա պետություն, այն գործում է, այլ հարց է՝ ճի՞շտ է գործում, թե՞ սխալ, օգտագործել «վերականգնում» բառը՝ ճիշտ չէ։ Ինչեւէ, դրանով ի ցույց դրվեց, թե նրանք ինչ կցանկանային տեսնել կառավարության գործունեության հիմքում, բայց փաստացի պարզ դարձավ, որ Փաշինյանի հրապարակած կառավարության ծրագիրը, մեծ հաշվով, չի ներառում այդ հայեցակարգի կարեւոր շեշտադրումներն ու կոնկրետ գործողությունները, որ կցանկանային տեսնել։
Այս առումով, խնդիրը լուրջ է, որովհետեւ այն ֆինանսավորումը եւ աջակցությունը, որ տրամադրվում է քաղհասարակությանն այդ նպատակով, փաստացի, չի ծառայում իր նպատակին։ Այն է՝ վերջնական արդյունքը, որ պետք է արտացոլված լիներ կառավարության ծրագրում։
- Հետեւաբար, կարելի՞ է սպասել, որ ընդդիմության բացակայության պայմաններում այս վակուումը կլցվի քաղհասարակությամբ՝ որպես ընդդիմություն։
- Քաղաքացիական հասարակությանն ընդդիմություն անվանելը մի քիչ դժվար է։ Քաղաքացիական հասարակությունը, առհասարակ, իշխանությանը հակոտնյա է եւ քաղհասարակությունը միշտ պահանջում է իշխանությունից, իսկ իշխանությունը միշտ փորձում է տալ կամ չտալ։ Նրանք իրենց կոչումով պետք է իշխանությանը լինեն հակակշիռ։ Այսինքն, որոշ առումով՝ նաեւ ընդդիմադիր, բայց ո՛չ բառի քաղաքական իմաստով։ Եվ դա պետք էլ չէ ու չի կարելի թույլ տալ։ Իրենք պետք է գտնվեն այնտեղ, որտեղ պետք է լինեն․ դա իրավապաշտպան, հասարակական գործունեությունն է։ Քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությունը քաղաքական պրոցեսներին սահմանազանցություն է։ Միգուցե քաղհասարակությունն աջակցությո՞ւն կցուցաբերի այլ քաղաքական ուժերի, որոնք այդ գաղափարախոսությամբ կմտնեն քաղաքական դաշտ։
- Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չընդունեց այդ ծրագիրը։ Ռուսաստանի ազդեցությո՞ւնն է։
- Ռիսկը մեծ էր։ Եթե դրանք ընդունվեին, ապա Հայաստանը կվերածվեր, այսպես ասած՝ խամաճիկ պետության։ Իր ազգային նկարագրից զրկված, ազգային ինստիտուտների ծայրաստիճան եւ վտանգավորության աստիճանի թուլացմամբ ու մարգինալացմամբ եւ նաեւ՝ արտաքին ինտերվենցիաների եւ արտաքին կառավարման գործիքակազմի ներդրման արդյունքում։ Եվ այնպիսի եզրույթը, ինչպիսին անցումային արդարադատությունն է, մեծ ռիսկեր է պարունակում Հայաստանի տնտեսության ու իրավական համակարգի համար, որի կործանարար հետեւանքները դեռ երկար իրենց զգացնել էին տալու։ Եվ, առհասարակ, դժվար է պատկերացնել, թե հակառակ պարագայում դա ինչ հետեւանքներ կունենար անձամբ Փաշինյանի ու իր կառավարության համար։
- Նիկոլ Փաշինյանին հաճախ են համեմատում Միխայիլ Սահակաշվիլու հետ, հիմա՝ այստեղից սկսած, կարելի՞ է ասել, որ սկսվում են տարբերությունները այս 2 գործիչների միջեւ։
- Ճիշտն ասած՝ չէի ցանկանա անցկացնել Փաշինյան-Սահակաշվիլի զուգահեռներ, որովհետեւ Վրաստանի էքսնախագահը, ակնհայտորեն, իշխանության եկավ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության լոզունգով եւ իրականացրեց այն։ Եվ դրա արդյունքում ստացավ արեւմտյան ե՛ւ տեխնիկական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ ֆինանսական լրջագույն աջակցություն, ինչը, փաստացի, բացակայում է Փաշինյանի պարագայում։ Փաշինյանն արտաքին քաղաքական փոփոխության հայտ չներկայացրեց ու օրակարգ չբերեց եւ զուտ անդրադառնում է ներքին համակարգին՝ մեծապես տեղավորվելով հակակոռուպցիոն ծրագրի ինչ-ինչ մոդելի մեջ, որի հիմնական թեզն այն է, թե եթե Հայաստանից կոռուպցիան վերանա, ամեն ինչ կընկնի իր տեղը, եւ բոլորը կլինեն գոհ ու երջանիկ։
- Եվ նաեւ, կարծեմ, փորձ եղավ դա ներկայացնել «դրսում»։
- Դրսում ավելի փորձառու են եւ գիտեն, որ մեկ մարդու հրամանով կոռուպցիան չի վերանում եւ նաեւ հայտարարություններով չի վերանում։ Այսինքն՝ պետք են գործուն քայլեր, ռազմավարություն, օրենսդրության, կառուցակարգերի վերանայում, տնտեսության կառավարման կուլտուրայի վերափոխում։ Համալիր մոտեցում։
- Իսկ այս 6 տասնյակից ավելի քրեական գործե՞րը։
- Դրանք հակակոռուպցիոն քայլեր չեն, քանի որ կոռուպցիոն ռիսկերը թաքնված են հենց օրենսդրության մեջ, խոսքը հարկային եւ մնացած այլ համակարգերի մասին է։ Եվ կոռուպցիայի դեմ պայքարն էլ սոսկ կոռուպցիայով զբաղվելու արգելքը չէ, այն պետք է ինչ-որ կերպ կոմպենսացնի մարդկանց «կորցրած» եկամուտները։ Կան մարդիկ, ովքեր ընդգրկված են պետական ծառայության մեջ, որպես քաղաքացիներ՝ ունեն վերցված վարկային պարտավորություններ, կա մի հատված, որն իր աշխատանքը գնահատում է բավականին բարձր, եւ եթե պետությունը չի կարողանում վճարել այդ մարդուն, ապա նա ունի անելու 2 բան․ կա՛մ հեռանալ Հայաստանից, կա՛մ փնտրել աշխատանք մասնավոր շուկայում։ Այս դեպքում պետությունը զրկվում է որակյալ կադրերի ծառայություններից, նրանք համակարգից դուրս են գալիս, եւ նրանց փոխարեն գալիս են դիլետանտները։
Այսինքն՝ սա բազմաքայլ եւ բազմաշերտ մի գործընթաց է, որն այդքան պարզունակ չէ, ինչպես պատկերանում է այսօրվա իշխանություններին։
Կարծիքներ