Տնօրենի մրցույթներ՝ մի շարք ՊՈԱԿ-ներում․ ովքեր են առաջադրվել

Տնօրենի մրցույթներ՝ մի շարք ՊՈԱԿ-ներում․ ովքեր են առաջադրվել

ԿԳՄՍ նախարարությունն իր ենթակայության տակ գտնվող մի շարք մշակութային օջախ ՊՈԱԿ-ներում հայտարարել է մրցույթներ՝ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։ Մասնավորապես, մրցույթ է հայտարարված՝ Ս. Փարաջանովի թանգարանի, Երեւանի մնջախաղի պետական թատրոնի, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար։ 

Նախօրեին մենք գրեցինք, որ «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը չի կայացել՝ հայտերի բացակայության պատճառով։ Տնօրենի ներկայիս ԺՊ Վիկտոր Մնացականյանը եւս հայտ չէր ներկայացրել մրցույթին մասնակցելու համար։ Մեզ հետ զրույցում Մնացականյանն իր որոշումը պատճառաբանեց զբաղվածությամբ, բայց, մեր տեղեկություններով, նա ուղղակի չի համապատասխանել մրցույթի առաջ քաշած պայմաններին։ Մնացականյանը մեզ ասել էր․ «Ի սկզբանե էլ մեր պայմանավորվածությունը մաեստրո Թոփչյանի հետ եղել է 6 ամսով, եւ կարծում եմ՝ պետք է հնարավորություն տալ, որ անընդհատ նոր մարդիկ գան, երիտասարդներ, որոնք ավելի հետաքրքիր ու նոր բաներ անեն, ես էլ նորից գնամ քաղաքաշինական իմ ոլորտ»։ «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կրկին մրցույթ է հայտարարվել։ Նկատենք, որ տնօրենի հավակնորդների թվում շրջանառվում է Արման Ծատուրյանի (Ազգային պատկերասրահի նախկին տնօրեն) անունը։ 

Ս. Փարաջանովի թանգարանի նվիրյալ, երկարամյա տնօրեն Զավեն Սարգսյանի մահից հետո՝ 2020թ․ դեկտեմբերի 2-ից, տնօրենի պարտականությունները ժամանակավորապես իրականացնում է թանգարանի աշխատակից, ֆոնդապահ Մարիաննա Մանուչարյանը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ անձնապես հայտ չի ներկայացրել տնօրենի պաշտոնի համար, քանի որ այլ ծրագրեր ունի։ Մանուչարյանը նշեց, որ թանգարանի գլխավոր ֆոնդապահը մասնակցելու է արդեն այսօր կայանալիք մրցույթին։ Հայտ է ներկայացրել նաեւ թանգարանի նախկին աշխատակից Խաչատուր Կոբելյանը։ Տնօրենի ԺՊ-ն ընդգծում է՝ բոլորն էլ սրտացավ մարդիկ են, եւ երկուսի դեպքում էլ թանգարանը կշահի։ Ինչպես տեղեկացանք ԿԳՄՍ նախարարությունից, Ս. Փարաջանովի թանգարանի տնօրենի մրցույթի համար դիմել է 4 հոգի։   

Երեւանի մնջախաղի պետական թատրոնի տնօրենի պաշտոնին էլ հավակնում է 2 հոգի, մրցույթը նախատեսված է հունիսի 11-ին։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ներկայիս տնօրեն Արամ Խոջոյանը նորից է հայտ ներկայացրել․ «Արամը նորից մասնակցում է, բայց երկրորդ թեկնածուի մասին տեղյակ չեմ»։ Ինչ վերաբերում է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնին, ապա այստեղ տնօրենի մրցույթի համար դիմել է 5 հոգի։ Մրցույթը կկայանա հունիսի 4-ին։