Նիկոլի քաղաքական հաշվարկը

Նիկոլի քաղաքական հաշվարկը

Քանի որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը որոշում է կայացրել հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, ապա ենթադրվում է, որ դրանք կկայանան գործող Ընտրական օրենսգրքով, այսինքն՝ վարկանիշային (ռեյտինգային) համակարգով: Ինչո՞ւ գործող. որովհետև, որքան հասկանում եմ, Փաշինյանը ցանկություն չունի փոփխելու այն: Իսկ դա նշանակում է, որ վարկանիշային համակարգի շնորհիվ նորից գործի է գցվելու վարչական ռեսուրսի, ընտրակաշառքի, թաղային հեղինակությունների և «տասովշիկների» ինստիտուտը: Այսինքն, տեղի է ունենում վերադարձ դեպի նախկին կեղծարարությունները, ինչին պետք է որ հրաժեշտ տված լինեինք «թավշյա» կոչված հեղափոխությունից հետո: Բայց իրականությունը բազմիցս է վկայել, որ «ժողովրդավարության բաստիոն» հորջորջված երկրում տեղի ունեցող երևույթներն ավելի հոռի են, քան նախկինների օրոք: 

Ի դեպ, խորհրդարանական բոլոր կուսակցություններին էլ այդ ընտրակարգը ձեռ է տալիս, քանի որ շանս կունենան պահպանելու իրենց մանդատների քանակը և նույնիսկ ավելացնելու դրանք: Բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ. Ազգային Ժողովում այսօր առկա է 132 պատգամավոր: Գործող օրենսգրքով մանդատների քանակը սահմանված է նվազագույնը 101, սակայն, կախված մասնակից կուսակցությունների միջև ընտրողների քվեների բաշխվածությունից, մանդատների քանակը կարող է հասնել շուրջ երկու հարյուրի: Դե, որքան շատ տեղեր խորհրդարանում, այնքան շատ հնարավորություններ դրանք ստանալու: Ճիշտ է, խորհրդարան կարող են մուտք գործել նոր ուժեր ևս, սակայն չմոռանանք, որ 2018-ի դեկտեմբերին 5 և ավելի տոկոսանոց շեմը հաղթահարել կարողացավ պաշտոնապես միայն երեք քաքաղական ուժ: Ինչո՞ւ պաշտոնապես. որովհետև հանրապետականները բազմիցս են հայտարարել, որ իրենց տրվել է ոչ թե 60, այլ 90 հազար քվե, սակայն հեղափոխական էյֆորիայի պայմաններում նրանք, բնականաբար, չեն բողոքարկել ընտրությունների արդյունքները:

Հականիկոլական շարժման պայմաններում գործող օրենսգրքով ընտրություն կազմակերպելը հատկապես քաղաքականապես ձեռ է տալիս Փաշինյանին, քանի որ վերն ասվածի տրամաբանությամբ ինքը կարող է պահպանել ունեցած մանդատների քանակը կամ նույնիսկ ավելացնել այն: Իսկ օրենսգրքի փոփոխված նախագծային տարբերակով, որն այդպես էլ չհաստատվեց նիկոլական խորհրդարանի կողմից, և դժվար թե հաստատվի մինչև հունիս, Ազգային Ժողովի կազմը սահմանափակված էր լինելու 101 մանդատով:

Իսկ այդ դեպքում խորհրդարան մուտք գործելու ամենից ավելի հնարավորություն էին ստանում հիմնականում հենց նիկոլապաշտ զոմբիացված զանգվածի և հականիկոլական շարժման ներկայացուցիչները: Ճիշտ է, ինչպես արդեն ասվեց, բազմաթիվ են այն ընտրողները, ովքեր դեմ են թե՛ Նիկոլին և թե՛ այսօրվա «փողոցային» ընդդիմությանը: Սակայն քանի որ ընտրողների այդ սեգմենտի համար պայքարելու են բազմաթիվ ուժեր, ապա շատ հնարավոր է, որ ընտրողների ձայները փոշիանան դրանց առատության պատճառով: Եվ արդյունքում կրկին կմնային Նիկոլն ու նրա դեմ փողոցային պայքարի ելած ընդդիմությունը, իսկ դրանց միջև հարաբերակցությունը կարող էր և չլինել Փաշինյանի օգտին: 

Ի դեպ, քանի որ խորհրդարանական բոլոր խմբակցություններին ձեռ է տալիս ընտրությունների նման ֆորմատը, ապա դա նշանակում է, որ իրենք դեմ չեն, որպեսզի տարեկան լրացուցիչ 1 մլրդ դրամի չափով գումար վատնվի պետբյուջեից աշխատավարձերի ու պարգևավճարների տեսքով: Խնդրեմ հաշվարկը՝ եթե լրացուցիչ շուրջ 100 մանդատը բազմապատկենք 600.000 դրամով (ամսական անվանական աշխատավարձ), իսկ  այնուհետև 12-ով (ամիսների քանակ), և եթե ստացված գումարին ավելացնենք աշխատավարձային ֆոնդի 30 տոկոս կազմող պարգևավճարները, ապա կստանանք 1 մլրդ դրամ, իսկ 5 տարում՝ 5 մլրդ՝ չհաշված գործուղումային և այլ ծախսերի փոխհատուցումները:

Ի դեպ, այսօր գործող խորհրդարանում առկա է 132 անձ, այսինքն՝ 101 նվազագույն քանակին ավելացել է 31 անձ, քանի որ 2018-ին Նիկոլը չցանկացավ փոփոխել Ընտրական օրենսգիրքը, ինչի խոստումը նա տվել էր ապրիլյան իրադարձությունների ժամանակ, և ընտրությունների գնաց գործող օրենսգրքով: Եվ դա արվեց, որովհետև այդպես էր պահանջում փաշինյանական քաղաքական շահը, իսկ հեղափոխական կարգախոսները դեռ կարող էին սպասել: Դրա հետևանքով լրացուցիչ 31 պատգամավորի համար պետբյուջեից աշխատավարձի և պարգևավճարի տեսքով տարեկան բաց է թողնվել շուրջ 300 մնլ դրամ, իսկ երկու և կես տարում (2019-ի հունվարից 2021-ի հունիսը ներառյալ) այն կկազմի 750 միլիոն դրամ: 

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ