Հետաքրքիր է, իսկ Հայաստանի թավշյա իշխանությունները հասկանո՞ւմ են, թե ինչ խղճուկ տեսք ունեն իրենք Հունգարիայի նախագահ, ոմն Օրբանի հայտարարությունների ֆոնին, որոնք նա արել է օրեր առաջ օկուպացված Շուշիում։
Եթե հակիրճ, ապա Օրբանը փաստացի գովաբանել է Ալիևին` Արցախը հայաթափելու համար։ Իհարկե, Հունգարիան Հայաստանի համար ոչ բարեկամ երկիր է և Օրբանից նման հայտարարությունը, մեղմ ասած, սպասելի էր։
Եւ ես, իհարկե, հասկանում եմ, որ տարրական էմպատիան, այսինքն՝ բարոյական-էթիկական նորմերի գիտակցումը, արցախցիների հանդեպ ապրումակցումը հայկական իշխանության մոտ բացակայում է, բայց գոնե ձևի համար պետք էր ինչ-որ բան ասել հունգարացի թրքասերին, ում երկիրը ԵՄ նախագահությունն է ստանձնել:
Եւ այս պարագայում մեր աչքի առաջ է այն պատկերը, թե ինչպես են հայկական իշխանությունները կոկորդ պատռում` քննադատելով Բելառուսին և Ռուսաստանին` Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապերի համար, դա ուղղակի «թասիբի» (պատվի և ինքնահարգանքի) «ֆանտաստիկ» դրսևորում է, բայց... բայց չգիտես ինչու թավշյա իշխանությունների մոտ «թասիբն» աշխատում է միայն այն ժամանակ, երբ պետք է քննադատել հայկական ընդդիմությանը, ռուսներին ու ՀԱՊԿ-ին։
Պարադոքս է, երբ նույն թուրքերի և ադրբեջանցիների նկատմամբ, որոնք հայերին վտարել են Արցախից, օկուպացրել են Հայաստանի տարածքները և անընդհատ վիրավորում ու շանտաժի են ենթարկում Հայաստանին, թավշիստներն իրենց պահում են «խոտից ցածր, ջրից` հանդարտ»՝ համարձակվելով միայն երբեմն ինչ-որ բան շշնջալ «Ադրբեջանի և Թուրքիայի ոչ կառուցողական քայլերի մասին»։
Դե լավ, ենթադրենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմին նրանք ձեռք չեն տալիս, որպեսզի առիթ չտան իրավիճակը կտրուկ սրելու։
Բայց հարց է առաջանում: Իսկ ինչո՞ւ չեն քննադատում եվրոպացիներին և ամերիկացիներին, որոնք առավոտից երեկո գովաբանում են Ադրբեջանին։
Ուրսուլա ֆոն դեր Լայեն, Էնթոնի Բլինքեն, Տոյվո Կլաար, Ժոզեպ Բորել, Ջեյմս Օ' Բրայեն ... այս բոլոր մարդիկ անընդհատ մատնանշում են, որ տարածաշրջանում հիմնական «ասիչը» Թուրքիան է, և որ Ադրբեջանը առանցքային դաշնակից-երկիր է Եվրոպայի համար` էներգետիկ անվտանգության ապահովման առումով։
Ինչո՞ւ մենք հայկական իշխանություններից ոչ մի խոսք չլսեցինք, Հունգարիայի նախագահի լկտի ու նողկալի այն խոսքերին ի պատասխան, թե (ուղիղ մեջբերում) «Ադրբեջանը խաղաղություն է բերել տարածաշրջան»։
Ինչո՞ւ այդ «թասիբով» իշխանությունները բառ անգամ չեն ասում, երբ Սերբիան և Իտալիան այսօր զենք են վաճառում Ադրբեջանին՝ հայերին սպանելու համար։
Ինչո՞ւ է թավշյա «թասիբը» աշխատում միայն ընտրովի ուղղություններով։
Հը՞ն:
Արման Աբովյան