Ականներ երկրի տնտեսության եւ ֆինանսական համակարգի տակ

Ականներ երկրի տնտեսության եւ ֆինանսական համակարգի տակ

Նախորդ անգամ անդրադարձել էի «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին․ հաջորդ խնդրահարույց նախաձեռնությունը հետևյալն է․
• Հունիսի 20-ի նիստում ՀՀ կառավարությունն ընդունել է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը։ Չնայած, որ դրա քննարկման ընթացքում չի բարձրաձայնվել գույքահարկի մասին՝ ակնհայտ է, որ նպատակը մոտ ապագայում այդ հարկատեսակի զգալի բարձրացումն է։ Դրա վերաբերյալ հրապարակումներ են եղել նաև ԶԼՄ-ներում, քննարկում է կազմակերպվել հանրային խորհրդում և ամեն ինչ վկայում է այն մասին, որ անհաջող փորձ է արվում առայժմ քողարկել բուն նպատակը։ Միգուցե իշխանություններն իրենց մտքում ունեն արդեն պատրաստի թիրախներ՝ ի դեմս նախկինում ապօրինի ճանապարհով ձեռք բերված հարստության հաշվին շքեղ գույք ձեռք բերած անձանց։ Այս դեպքում ավելի ազնիվ կլիներ միանգամից բարձրաձայնել ճշմարտությունը, քան թե այն քողարկել՝ կրկին բացասական սպասումներ ձևավորելով հանրության մի զգալի հատվածի մոտ։ Հնարավոր է, որ իրոք, նպատակը արդարացի է և լավն է, սակայն այս դեպքում նույնպես առաջանում են բազում հարցեր։ Բանն այն է, որ անշարժ գույքի կադաստրային արժեքի գնահատման ներկայումս գործող կարգը, ոլորտին տեղյակ բազմաթիվ մասնագետների կարծիքով, չի համապատասխանում ներկա իրողություններին, ի թիվս առանց այդ էլ ի սկզբանե դրանում առկա բազմաթիվ թերություններին։ Այլ խոսքով, անհրաժեշտ էր նախ և առաջ մտածել գործող կարգը վերանայելու և կատարելագործելու մասին, այլ ոչ թե նախաձեռնել խնդրահարույց ու անհասկանալի մի օրինագիծ։ Հայտնի է, որ ներկայումս անշարժ գույքի կադաստրային արժեքի որոշման համար հիմք են հանդիսանում տարբեր գործոններ։ Դրանցից առաջինը գույքի գտնվելու վայրն է կամ, այսպես կոչված՝ գոտին։ Նախորդ տասնամյակներում թույլ տրված քաղաքաշինական բազմաթիվ սխալների և ինչու չէ, նաև ակնհայտ հանցավոր որոշումների արդյունքում, օրինակ Երևան քաղաքի կենտրոնական հատվածներում ստեղծվել են գոտիներ կամ միկրոգոտիներ, որտեղ ապրելը կամ անշարժ գույքի հաշվին բիզնես ծավալելը դարձել է ոչ թե առավելություն, այլ «պատիժ»։ Կառուցապատման անհարկի խտացումները, օդի աղտոտվածությունը, փողոցների խցանումները, աղմուկը, փոշին, քաղաքի փոքր ու մեծ կենտրոնների կամ «արտոնյալ» գոտիների առանձին հատվածներ պարզապես դարձել են էկոլոգիական աղետի գոտիներ և ընդհակառակը՝ քաղաքի երբեմնի հանգստի գոտիները, զբոսայգիները, կանաչ տարածքները վերածվել են շքեղ առանձնատների թաղամասերի, բիզնես կենտրոնների ու զվարճանքի վայրերի, հյուրանոցների։ Այդտեղ չկա աղմուկ, աղտոտված օդ, սակայն հեռավոր գոտիականության շնորհիվ այդտեղ տեղաբաշխված անշարժ գույքի սեփականատերերը օգտվում են իրենց գույքը ցածր կադաստրային արժեքով գնահատելու և հետևաբար, քիչ գույքահարկ վճարելու արտոնությունից։ Անշարժ գույքի կադաստրային արժեքի գնահատման մյուս գործոնի մասին․ եթե այն կառուցված է, այսպես ասած, թանկարժեք նյութերով, ապա ավելի բարձր արժեք է որոշվում։ Արտաքուստ արդարացի թվացող այս պրակտիկան փաստորեն «պատժում է» քաղաքի կամ բնակավայրի պատշաճ հաճելի արտաքին տեսք ապահովող գույքի սեփականատերերին։ Այս ամենին պետք է ավելացնել նաև գույքահարկով հարկման պրակտիկայում կիրառվող բազմաթիվ այլ աղաղակող մի շարք դրսևորումներ ևս, մասնավորապես տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկի գծով առանձին անձանց տրվող արտոնությունների կամ զեղչերի հիմնավորվածությունը։ Այլ խոսքով, նույնիսկ միայն գործող օրենսդրության շրջանակներում որոշակի կոնկրետ բարեփոխումները հնարավորություն կտային լուծել նպատակադրված խնդիրները, քան թե կասկածելի և մութ նպատակներով, անհասկանալի, վիճահարույց ինչ որ օրենսդրական նախաձեռնությություններ հրահրելը։

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղ․խորհրդի անդամ, տ․գ․թ․, դոցենտ, Հ․Լ․Ֆարմանյան