Ոչ մի ընդդիմություն

Ոչ մի ընդդիմություն

Ինչպիսի՞ ընդդիմություն է երազում ունենալ գործող իշխանությունը։ Նա ի սկզբանե ու անվերապահորեն մերժել է հանրապետականներին՝ որպես պոտենցիալ ընդդիմություն, եւ բազմիցս հայտարարել է, որ «ՀՀԿ-ի գնացքը գնացել է», իսկ ընտրությունների նախօրյակին էլ կոչ էր անում․ «Հանրապետականների թալանչի բրիգադը պետք է ուղարկվի պատմության աղբանոցը», «Ոչ մի ձայն հանրապետականներին», «Եթե ազատ արժանապատիվ քաղաքացի ես, ձայն չտաս Հանրապետականին»։ Արդյունքում Հանրապետականը չանցավ խորհրդարան։ Խորհրդարան անցան «Քաղպայմանագրի» նախկին գործընկեր Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանն» ու Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը», որոնց, թվում է, իշխանական թիմը ճանաչել էր որպես իր համար ընդունելի ընդդիմություն։ Բայց դա էլ երկար չտեւեց՝ մինչեւ առաջին հակասությունները եւ մեղմ քննադատությունը, որից հետո, պարզվեց, ԲՀԿ-ն ու «Լուսավորն» էլ փաշինյանական թիմի «սրտի» ընդդիմությունը չեն։ Եվ «Իմ քայլն» ու իշխանական գործիչները սկսեցին հիշել նրանց «հանրապետական անցյալը», այն «երրորդ ճանապարհը», որն ընտրել էր «Լուսավորը» հեղափոխության նախօրյակին, Ծառուկյանի բիզնեսներն ու մերձավորներին։ Դե, իսկ Դաշնակցության մասին խոսք անգամ լինել չի կարող՝ լեզվի եւ պատմության դասավանդման հետ կապված ՀՅԴ պայքարն այս քաղաքական ուժին «հանդուրժելու» հավանականությունն իսպառ վերացրեց, եւ նրանց սկսեցին սպառնալ «արկղերով» քրեական գործերով։

Ո՞վ մնաց ընդդիմադիր դաշտում։ Քոչարյանականները, բնականաբար, ոչ մի շանս չունեն եւ մերժվել են էն գլխից։ Արթուր Ղազինյան, Ավետիք Չալաբյան եւ այլ նոր ուժերի նկատմամբ ֆեյքային եւ ֆեյսբուքյան դաժան մարտեր են մղվում իշխանականների կողմից, եւ այս համընդհանուր մերժման մթնոլորտում նրանց էլ կայանալու սողանցք չի թողնվել։