Ես ափսոսում եմ դեռ չարածի համար    

Ես ափսոսում եմ դեռ չարածի համար    

ԱՐՓԵՆ ՄՈՎՍԵՍՅԱՆ
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Մեր օրերում մարդու հայացքն ընդհանուր առմամբ արտաքին աշխարհից տեղափոխվել է ներաշխարհ, նյութական արժեքներին հակադրվում է հոգևորը, բայցևայնպես շատ բան կա անելու, որովհետև որքան էլ ցավալի է, դեռևս շարունակվում է «նյութը մնալ հզոր, գաղափարը՝անզոր»: Դեռևս  հեռուստաեթերում իշխողը սերիալներն են, թեթև ժամանցային, հումորային՝ հաճախ անիմաստ, անգամ գռեհիկ հաղորդումները: Փոքրաթիվ  են այն հաղորդումները, որոնք ճանաչողական, ուսուցողական, դաստիարակչական, գեղագիտական մշակութային նշանակություն -ազդեցություն ունեն, որոնց միջոցով հնարավորինս սերմանվում է ազգային գաղափարախոսություն, պահպանվում հայի հայեցի նկարագիրը: Ահա այդպիսի հաղորդաշարերի վերջին մոհիկաններից է  «Հայից հայ-ը», /2007/ որի անփոփոխ հեղինակն ու վարողը  ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արփեն Մովսեսյանն է:

Բանիմացություն, իմացական մակարդակների, ձեռագրի անշփոթելիություն, մաքրամաքուր հայերեն  և դրան գումարած՝ ազդեցիկ ձայն, որ տասնամյակներ շարունակ հնչում է հեռուստաեթերից և պահում իր կայուն լսարանը: Դեռևս հանրային հեռուտատեսության «Լրաբեր» վերլուծական ծրագրում մշակութային նորությունները լուսաբանելիս, մեծ-փոքր ռեպորտաժներից, հաղորդումներից միանգամից նկատելի էր նրա յուրահատուկ ոճն ու մոտեցումը: Այդ ինքնատիպությունն առավել ակնհայտ դարձավ արդեն հեղինակային  «Շրջադարձ» պատմա-մշակութային հաղորդաշարում /հեռարձակվեց 1998թ.-ի/: Նկատվեց ու գնահատվեց Արփեն Մովսեսյանի ստեղծագործ աշխատանքը և արժանացավ Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակին: Այդ հաղորդաշարին հաջորդեց «Հայից հայ»–ը, որը հեռարձակվում է ցայսօր: Ի դեպ 2008-ին զուգահեռ նաև՝ «Եզերք» հաղորդումը, որը  ուղիղ հեռարձակվում էր սփյուռքի համար, տևեց գրեթե մեկ տարի: Ջերմ, ափեափ անկեղծ էր այդ 45րոպեն: «Հայից հայ» հաղորդաշարը իր բնույթով բացառիկ է՝ գեղեցիկ հայերեն՝ թեմաները բազմազան, բազմաժանր, բազմաթև՝արվեստ, մշակույթ, գիտություն, գրականություն, պատմություն: Որպես գրականագետ ինձ  զարմացրել է՝ ինչպես կարելի է ընդարձակ նյութը՝տվյալ դեպքում բանաստեղծ, գրող ներկայացնել այդքան սեղմ հաղորդաժամում՝ 30-35րոպե, ներկայացնել-մեկնաբանել այնպես, որ ամբողջական ու ավարտուն լինի գրողի և դիմանկարը, և գրական գործունեությունը:  Ներկայացնել այնպես, որ հեռուստադիտողը անձանձիր դիտի, դեռ ավելին՝ հետաքրքրությունից դրդված բացի տվյալ գրողի գիրքը ու ևս մեկ անգամ կարդա:

Անշուշտ դա խոսում է  հեղինակի բարձր պրոֆեսիոնալիզմի մասին:  

-Ինձ հաճախ ասում էին,-պատմում է Արփեն Մովսեսյանը,-ինչո՞ւ այդքան խորությամբ ներկայացնել այս կամ այն գրողին, արդյոք դա պե՞տք է այօրվա սերնդին: Թերևս բավական է ներկայացնել կենսագրականը, մեկ -երկու գրական գործ: Բայց եթե մեր նախնիք այդպես մտածեին, ապա չէինք ունենա ո՛չ ոսկե դար, ո՛չ միջնադար,  ո՛չ Տիգրան Մեծ, այն ինչ թողել են մեր նախնիք: Մենք ընդամենը  կլինեինք բոբիկ քոչվոր մի ժողովուրդ: Փառք մեր նախնյաց, որ թողել են այսպիսի պատմություն

-Այնուամենայնիվ ինչպե՞ս եք ընտրում օրվա  հաղորդաշարի հերոսին: 

-Հաղորդաշարի տվյալ էջը կարող է նվիրվել գրական խորխորատներում մնացած մեր նշանավորներին: Այսպես պեղել-գտել  եմ գրողների, որոնք այս կամ այն պատճառով քիչ են լուսաբանվել, մեկնաբանվել: Օրինակ՝ մի էջ նվիրեցի Հակոբ Օշականին: Գրողին գնահատում եմ զուտ ելնելով նրա գրական վաստակի, գործերի գեղարվեստական արժեքից, մի կողմ թողնելով նրա անձնական, անգամ աչառու վերաբերմունքը մեր մեծերից ոմանց հանդեպ: Կանգնում եմ նման գրողների կողքին, փորձում բացահայտել: Գրականագետ Հրաչ Սարիբեկյանը փայլուն ներկայացրեց, մեկնաբանեց նրա անցած ճանապարհը, Հ. Օշականի վեպերը, այո, խիտ են, խորքային են, դժվար գրականություն էր նրա ժառանգածը: Ի վերջո, Օշականը մերն է, պատմության անանց էջն է: 

Տարիներ առաջ 2012թ. Արփեն Մովսեսյանի հեղինակային հաղորդումները հեռարձակվում էին հատուկ համակարգված ծրագրով: Բանն այն է, որ 2012թ. Սփյուռքի նախարարության հայտարարած «Մեր մեծերը» մրցույթին հաղթող էր ճանաչվել նրա ներկայացրած ծրագիր-նախագիծը: Արդյունավետ եղավ այդ այդ համագործակցությունը. ծնվեցին տեսաֆիլմեր, գրքույկներ: Մտադիր է մի առանձին գրքով հրատարակել: Դրանք գեղարվեստական ապրված ակնարկներ են՝ իր հոգու միջով անցած եփված ասելիք է: Արփեն Մովսեսյանը ունի անտիպ ակնարկներ, դիմանկարների շարք, նաև՝ մի տրցակ բանաստեղծություններ. մի խոսքով արխիվը վերանայելու կարիք կա: Այսօր ափսոսում է չարածների համար, բայց կյանքը  առջևում է, դեռ շատ ասելիք ու անելիք ունի: Ծանր խոհերը, խոկումները,  հիասթափություններն այսրոպեական չեն, և միայն մեզ չէ, որ պատում է, դրանք փոխանցվել են դարե դար, մարդկության անցած ճանապարհին կսկիծը և ուրախությունը կողք կողքի են եղել: Արփեն Մովսեսյանն էլ անմասն չի մնացել, նրա համար թերևս ամնացավալին, չփարատվող ցավ-անարդարությունը հայրենի հողի՝ ծննդավայրի կորուստն է: 

- Իմ հողը առաջին հերթին նախ իմ ծննդավայրն է՝ Չայլու՝ Այգեստան գյուղը…Ծննդավայր կորցրած  մարդու համար դժվար է արտաբերել «իմ հողը», այն չկա, ավերված է բառիս բուն իմաստով, վերջերս գնացի դիրքերից նայեցի իմ գյուղը…քարուքանդ եղած…այստեղով թուրքն է անցել:
 Քանի քանի ռեպորտաժներ է  պատրաստել Արփենը գոյամարտի տարիներին, հաճախ չմտածելով-չգիտակցելով, որ մի քանի մետրի վրա է առաջնագիծը: «Իմՙՙ եղբայրներն էին կռվում, պարտավոր էի» և պետք էր հանդիպել մեր հերոսներին՝ Մոնթեին, մյուսներին։ Նրանք պիտի դառնային իր կենսագրության անբաժան մասը:

Հիշում է, որ Մարտակերտի գրավման ռեպորտաժը ցնցել էր եթերը: Դաժան կռիվներ էին մղվում, այս անգամ Արփենը փոքր աղջկան՝ Սեդային հետն էր տարել, որովհետև երեխան պնդում էր, որ ինքը կպաշտպանի մամային; Ռեպորտաժ պետք է պատրաստվեր Ջենտերեջյան եղբայրների համերգից:  Հանկարծ տագնապի նշան եղավ, իսկ աղջնակը գրկել է մորը, թե՝  քո կողքին  եմ, մի՛ վախեցիր: Լեփ- լեցուն դահլիճից և ոչ մեկը տեղից չշարժվեց: Կայացավ համերգը: Զարմանալի է հայի գենը… Արցախյան գոյամարտի հերոս լուսաբանողը դարձել էր հարազատ ազատամարտիկների, զինվորների համար, սպասված մարդ: Հարազատ էր, ու անհանգստանում էին նրա համար՝ հանկարծ չընկնի թշնամու ձեռքը: Նման իրավիճակներն անխուսափելի էին:

-Խոստովանեմ, որ զրույցներից հետո էլ չէի թաքցնում արցունքներս: Աչքերիս առջև  ՏՈՒ-25 խփվեց: Ժաննա Գալստյանը հրաման արձակեց՝թաքնվել մոշուտի մացառուտի մեջ: Այդպես էլ եղավ: Դա կինո չէր: Պատերազմ էր: Մեր պատերազմը… Պատմելու դեռ բան  ունեմ: Դժվար էր նաև Արցախ հասնել: Այդ հարցում օգնել են Զորի Բալայանը Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախարարությունից Անդրանիկ Քոչարյանը, Շահեն Մեղրյանը: Այսօր էլ սարսռում եմ, երբ հիշում եմ առանձին դեպքեր: Օրինակ՝ Արմեն Իսագուլովի հետ դեռ զրույցը չսկսած սկսվեց ռմբակոծությունը. «Թեյդ խմիր, մի՛ վախեցիր,-ասաց,-եթե վիճակված է՝ այստեղ պետք է մեռնենք, թող այդպես  էլ լինի»: Նույնը կրկնվեց, երբ Սերժ Սարգսյանի հետ հերթական հարցազրույցը պետք էր պատրաստել: Ստեփանակերտի հրապարակը ռումբերի /ասեղնավոր/ ներքո էր: «Սկսենք,-ժպտաց Սերժ Սարգսյանը»: Անկեղծորեն, այնտեղ՝ Արցախում վախ եզրույթը դուրս էր գործածությունից:

- Բազմաթիվ մարդկանց եք առնչվել, հաղորդակցվել ու մեկնաբանել նրանց գործը, արարումներըը, հետաքրքիր է՝ կա՞ արդյոք մի ընդհանուր բնորոշիչ գիծ:

-Ես առնչվել եմ բացառապես ազնիվ, կայացած  մարդկանց հետ, կային համամարդկային ներշնչումներ: Զգում ես, որ շփվում ես թափանցիկ, անկեղծ մարդու հետ: Չես ափսոսում, որ քո կյանքը ակամայից այս պահին լցվում է հերոսիդ տխրությամբ, գուցե դա այնքան չի արտահայտվել էկրանից: Էջերը նվիրվել են ոչ միայն հայրենակիցներիս, այլ նաև օտարազգի  հայտնիներին՝ Ստանիսլավ Բելզա, իտալացի գիտնականներ: Ընդհանուր բան կար նրանց մեջ՝ համամարդկային գաղափարներ, հումանիզմ, ազնվությունն ու անկեղծությունն էր կամրջում մեր սրտերը…նրանք հիմնականում աշխարհաքաղաքացի են համարում իրենց: Շատ-շատերի հետ հուզվել եմ, տխրել, ապրումակցել: Բայց նման հույզերը, խոհերը, կյանքի համար են: Ինչպես չհուզվել , երբ խոսում է  Շամիրամ Սևակը /Ռուբեն Սևակի դուստրը/ խոսում է և արտասվում: Սա է իմ կենսակերպը՝ մխիթարել, մեծարել, պանծացնել, լինել հայ մարդու կողքին:
Կյանքն այնպիսին է: Մեզանից ամեն մեկը  բախվում է անարդարությանը, մեկի կյանքում հազվադեպ, մյուսինը՝ բազմիցս: Ճիշտ է, փոթորիկները, ապրումները, տառապանքները ծանր են նստում, բայց դրանով առավել է արժևորվում կյանքը :  Արփեն Մովսեսյանի կյանքը և գործը ևս ողորկ ճանապարհով չեն անցել: Սա է ի վերուստ տրված նրան: Հաճելի, պարտավորեցնող, դժվար. արարման խորհուրդ:  «Այսօր էլ ուղիղ նայում եմ անարդարության աչքերի մեջ: Տառապանքս փորձ ունի: Բայց հանգիստ եմ, գիտեք, դեռ կան, ապրում են, ապրելու են մարդիկ,  որոնք  գետնին ընկած փշուր հացը կվերցնեն ու կդնեն բարձր մի տեղ, որպեսզի այդ սուրբ մասունքը չտրորվի: Գերագույնը մարդ մնալու արվեստն է: Մարդ մնալու արվեստը»:

ԳԱՅԱՆԵ ԱԹԱՆԵՍՅԱՆ

ՀԳ Երեկ Արփեն Մովսեսյանը գրառում է արել ֆեյսբուքում․ «Տարիների վաստակ․․․․անմնացորդ նվիրում հայրենի մշակույթին, երկրին, ազատամարտին եւ կարճ մի որոշում․ Արփեն Մովսեսյանի հեղինակային «Հայից հայ» հաղորդաշարը փակվում է, քանի որ այն չի հետաքրքրում հեռուստադիտողին։ Այդ դեպքում ինչո՞ւ էր շաբաթվա ընթացքում 4-6 անգամ հեռարձակվում աշխարհով մեկ: