Լար ու աղեղ դարձած, ջութակին ձուլված Պագանինին

Լար ու աղեղ դարձած, ջութակին ձուլված Պագանինին

Մռայլ արտաքինով Պագանինին լիովին կերպարանափոխվում էր, երբ ջութակը ձեռքն էր վերցնում: Նույնիսկ նրանք, ովքեր կարծում էին, թե ջութակահարի փառքը պարզապես ուռճացված է, անմիջապես համակերպվում էին նրա հանճարեղության հետ` վիրտուոզի նվագը գեթ մեկ անգամ լսելուց հետո: Իսկ երաժշտությունից չհասկացող մարդկանց համար Պագանինին իսկական ձայնային ներկայացումներ էր բեմադրում` «բզզում էր», «բառաչում», «խոսում» լարերի հետ:

Առանց մանկություն…
Ապագա հանճարը ծնվել է մանրավաճառի ընտանիքում` Գենուե քաղաքում: Նրա հայրը փորձում էր ջութակ նվագել սովորեցնել նրա ավագ եղբորը` Կարլոյին, բայց` անօգուտ: Երբ Նիկոլոն մեծանում է, հայրը դադարեցնում է պարապմունքները Կարլոյի հետ, ինչի համար Կարլոն երջանիկ էր: 
Իսկ ինչպե՞ս մեծացնել հանճարի ու վիրտուոզի: Կարելի է օժտված երեխային գերել ու զվարճացնել, ինչպես դա անում էր Մոցարտի հայրը: Կամ կարելի է փակել նրան խորդանոցում այնքան ժամանակ, քանի դեռ նա չի սովորել հանձնարարված բարդ էտյուդը:
Հենց այդպիսի մթնոլորտում էլ մեծանում էր Նիկոլոն: Տղան գործնականորեն մանկություն չուներ, նրա բոլոր օրերն անցնում էին անդադար պարապմունքների մեջ: Ի ծնե նա ուներ հրաշալի, նուրբ լսողություն: Նա ընկղմվում էր հնչյունների աշխարհում եւ փորձում դրանք կրկնել կիթառի, մանդոլինի, ջութակի միջոցով: 
Պագանինիի առաջին համերգը տեղի է ունենում, երբ նա 12 տարեկան էր: Հայտնի ստեղծագործությունների իր վարիացիաները կատարող վունդերկինդի համերգը ցնցում է հանդիսատեսին: Նրա կյանքում հայտնվում են հայտնի հովանավորներ: Ջանկարլո դե Նեգրոն ապահովում է, որ Նիկոլոն շարունակի ուսումը Գիրետտիի մոտ: Վերջինս ստիպում էր տաղանդավոր աշակերտին երաժշտություն հորինել առանց գործիքի, երաժշտությունը լսել գլխում:
Ուսումն ավարտելուց հետո Նիկոլոն օրեցօր ավելի հայտնի էր դառնում: Նա մեծ գումարներ էր վաստակում` համերգներ տալով ամողջ Իտալիայում:

«Անմարդկային» նվագը
Նրա մեջ խորհրդավոր էր թվում ամեն ինչ. արտաքինը` գունատ մաշկը, ներսընկած աչքերը, արտահայտված քիթը եւ անիրական երկար մատները, ջութակի նրա նվագը` տրված Աստծո կամ Սատանայի կողմից, անմարդկային, անիրական ու աննկարագրելի էր: Նա բեմում կարծես ձուլվում էր գործիքին:
Ինքնատիպ, թեթեւ կատարումները եւ գործիքին վիրտուոզ տիրապետումը շուտով նրան դարձնում են Իտալիայի ամենահայտնի ջութակահարը: 6 տարվա ընթացքում նա հարյուրավոր համերգներ է տալիս եվրոպական տարբեր մայրաքաղաքներում: Պագանինին հիացնում էր իր բոլոր կոլեգա-երաժիշտներին: Նրան հիացական տողեր էին ձոնում Հայնեն, Գյոթեն, Բալզակը:
Երաժիշտը խոստանում էր իր վարպետության գաղտնիքը բացել կարիերայի ավարտին, ինչն ավելի էր գրգռում հանրության հետաքրքրությունը:
Չխաղաղված մարմինը…
Նրա ստեղծագործական ուղու ավարտը ողբերգական էր: Տուբերկուլյոզի պատճառով Պագանինին ստիպված էր վերադառնալ Իտալիա, իսկ հազի նոպաներից չէր կարողանում նույնիսկ խոսել: Տառապելով ծանր նոպաներից` Նիկոլոն ապրում է եւս 3 տարի:
Պագանինիի մահից հետո պապական կուրիան երկար ժամանակ թույլ չէր տալիս նրան հուղարկավորել Իտալիայում` հաշվի առնելով նրա վարած կյանքը: Նրա մարմինը երկու ամիս դրված էր իրենց տան սենյակում, իսկ հետո` եւս մեկ տարի` տան նկուղում: Այն մի քանի անգամ վերահուղարկավորել են, իսկ մահից 36 տարի անց Պագանինիի աճյունը վերջապես խաղաղություն է գտնում Պարմայում:
Պագանինին թողել է 24 կապրիս, օպերային ու բալետային թեմաներով բազմաթիվ վարիացիաներ, 6 կոնցերտ` ջութակի եւ նվագախմբի համար, սոնատներ, սոնատներ` ջութակի ու կիթառի համար, վարիացիաներ եւ վոկալ ստեղծագործություններ:
Ի դեպ, մահից ոչ շատ առաջ Պագանինին բացում է ջութակին տիրապետելու իր հանճարեղության գաղտնիքը: Դա է` հոգեկան լիակատար միաձուլում գործիքին: Պետք է նայել ու զգալ աշխարհը գործիքի միջոցով, դառնալ նրա լարն ու աղեղը: Թվում է` ամեն բան շատ պարզ է, սակայն ոչ բոլոր պրոֆեսիոնալ երաժիշտները կհամաձայնեն իրենց կյանքն ու անձը զոհել երաժշտությանը:
Մի քանի փաստ
    • Ընտանիքում Պագանինին 6 երեխաներից 3-րդն էր: 5 տարեկանում հայրը նրան սովորեցնում է նվագել մանդոլին, 6 տարեկանից` ջութակ: Ըստ Պագանինիի կյանքն ուսումնասիրողների վկայությունների` ջութակահարը հետագայում հիշում է, որ թերանալու դեպքում հայրը պատժում էր իրեն, ինչն անդրադառնում էր նրա թույլ առողջության վրա:
    • 12 տարեկանում առաջին համերգից ստացված հասույթն ուղղում են նրա կրթությանը: Նա մեկնում է Պարմա` Ա. Ռոլլի մոտ ուսանելու: Երբ Նիկոլոն ու հայրը գնում են Ռոլլի մոտ, վերջինս հրաժարվում է ընդունել նրանց, քանի որ հիվանդ էր: Մանկավարժի սենյակին կից սենյակում ջութակ ու նախորդ օրը գրված նոտաներ են լինում: Նիկոլոն վերցնում է ջութակն ու միանգամից սկսում է նվագել այդ ստեղծագործությունը: Զարմացած ուսուցիչն անմիջապես դուրս է գալիս սենյակից ու ասում հյուրերին` ինքը ոչինչ չի կարող սովորեցնել այս տղային. նա արդեն ամեն ինչ գիտի:
    • Պագանինիի համերգներն իսկական շոուներ էին: Հանդիսականի վրա դա այնպիսի մեծ ազդեցություն էր գործում, որ ոմանք նույնիսկ համերգի ժամանակ կորցնում էին գիտակցությունը: Յուրաքանչյուր համար ու կատարում նա մտածում էր մանրամասնորեն:
    • Պագանինին ընդօրինակում էր կիթառի, ֆլեյտայի, փողային տարբեր գործիքների ձայները եւ կարող էր ինքն իրենով փոխարինել մի ամբողջ նվագախմբի. կտրված լարեր, տխուր ջութակ, գյուղից ողջույններ` կենդանիների ձայներով: Հանդիսականը նրան կոչում էր «Հարավային կախարդ»:
    • Պագանինին կտրականապես հրաժարվում էր երգեր գրել եկեղեցականների համար, ինչի պատճառով վերջիններս ամեն կերպ ցեխ էին շպրտում նրա վրա: 
    • Պագանինին մասոն էր: Նա գրել է մասոնների հիմնը եւ կատարել այն: 
    • Նրա առաջին ու թերեւս ամենամեծ սերը եղել է մի հայտնի տիկին, ում անունը նա միշտ թաքցնում էր եւ ում հետ 3 տարի ապրել է Տոսկանայում: Այդ տարիներին նա իր համար բացահայտում է կիթառը եւ այդ կնոջը նվիրում 12 սոնատ` կիթառի ու ջութակի համար, ինչպես նաեւ` տարվում խաղաքարտերով: 
    • Պագանինին հարաբերություններ է ունեցել նաեւ Նապոլեոն Բոնապարտի ավագ քրոջ հետ:
    • Թեեւ նա հսկայական հոնորարներ էր ստանում, սակայն ազարտային խաղերի նկատմամբ ունեցած հակման պատճառով հաճախ էր հայտնվում իրավիճակներում, երբ անգամ ուտելիքի գումար չէր ունենում: Որդու ծնունդից հետո նա այս հարցում ավելի կառավարելի է դառնում եւ դեպի ծերություն կարողանում է կարողություն կուտակել: Մահից հետո մի քանի միլիոն ֆրանկ կարողություն է թողնում:
    • Պագանինին գերադասում էր գրի չառնել իր ստեղծագործությունները, որպեսզի մնար դրանց միակ կատարողը:
    • Նա կարողանում էր նվագել, երբ նույնիսկ ջութակի վրա պակասում էր մեկ կամ մի քանի լար: Նա Նապոլեոնի ծննդյան տարեդարձին նրան նվիրում է «Նապոլեոն» ստեղծագործությունը` մի լարի համար:
    • Ոմանց համար Պագանինին հանճար էր, ոմանց համար` հարձակումների համար հարմար հարթակ: Վերջիններս` որպես ծպտյալ «բարին ցանկացողներ», նամակներ էին գրում Պագանինիի ծնողներին` նրանց որդու կեղտոտ կյանքի մասին: Նրա շուրջ պատմություններ էին հյուսվում` մեկը մյուսից զարմանալի:
    • Թերթերը հաճախ էին հաղորդագրություն տպագրում Պագանինիի մահվան մասին: Սա սկսվեց պատահական մի սխալից, սակայն լրագրողները հավանեցին այդ միտքը. չէ որ այդ թերթերը վաճառվում էին կրկնակի ու եռակի տպաքանակով, իսկ ջութակահարի հայտնիությունը դրանից միայն աճում էր: Երբ Պագանինին մահանում է, թերթերը գրում են այդ մասին` հետգրությամբ․ «Հուսով ենք՝ շուտով, ինչպես միշտ, կտպագրենք այս լուրի հերքումը»:
    • 1893-ին Պագանինիի գերեզմանը դարձյալ բացում են, քանի որ մարդիկ, իբր, տարօրինակ ձայներ են լսել այդտեղից: Դրանից հետո լեգենդներ էին պտտվում, թե նրա փտած դագաղի մեջ քայքայված մարմինն էր եւ գրեթե չփոխված դեմքն ու գլուխը: Այս դեպքից հետո էլ Իտալիայում շարունակում էին հյուսվել ամենաանիրական լուրերն ու բամբասանքները հանճարի մասին: 1896-ին նրա գերեզմանը նորից են բացում ու աճյունը վերահուղարկավորում Պարմայի մեկ այլ գերեզմանատանը:
    • Իր սիրասուն ջութակը Պագանինին ժառանգում է սիրելի քաղաքին` Գենուեին (մաեստրոն չէր ցանկանում, որ իր մահից հետո որեւէ մեկն այն նվագի): Ավելի ուշ այն ստանում է «Պագանինիի այրին» անունը: Վիրտուոզի հավաքածուն ներառում է նաեւ Ստրադիվարիուսի, Ամատիի ջութակները:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ 
Նյութի աղբյուր` storyfiles.blogspot.com