Փաստաբանները պարկեշտ ու կարևոր առաքելություն են իրականացրել

Փաստաբանները պարկեշտ ու կարևոր առաքելություն են իրականացրել

Երեկ երեկոյան «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեցին 6 ակտիվիստներ, որոնք կալանավորվել էին ընդդիմության հավաքներին մասնակցելու եւ այլ քաղաքական մեղադրանքներով։ Մենք փաստաբան, ԱԺ պատգամավոր Արամ Վարդեւանյանից հետաքրքրվեցինք, թե ինչ հիմքով են նրանց ազատ արձակել։

«Յուրաքանչյուրի մասով էլ որևէ հիմք չի եղել կալանավորման` ի սկզբանե։ Փաստացի, լրիվ անհիմն, դասական իմաստով ապօրինի կալանավորում է եղել, որն էլ ավարտվել է և մեր ընկերները հայտնվել են ազատության մեջ։ Բոլորի մասով կապի մեջ ենք եղել, տեսակցել ենք ընթացքում։ Փաստաբանները շատ պարկեշտ ու կարևոր առաքելություն են իրականացրել և արդեն ազատության մեջ են մեր վեց ընկերները երեկվանից»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Կարծես կրկին ակտիվացել է «Դիմադրության շարժումը», հարցրեցինք՝ նոր մեխանիզմներ օգտագործվելո՞ւ են․ «Շնորհակալություն ձեր դիտարկման համար։ Այդպես էլ լինելու է, այդպես էլ շարունակելու ենք, զուտ, որովհետև  դրա այլընտրանքը ո՞րն է, հասկանում եք, ուրիշ տրամաբանություն ես չեմ էլ տեսնում։ Այո, ակցիաներն ավելի հաճախ կիրականացնենք, վաղն էլ ունենք ակցիա՝ Արամ Խաչատրյանի արձանի մոտից՝ ժամը 11։00-ին»։ 

Պաշտոններից ու մանդատներից հրաժարվելը հասարակության մոտ տարբեր կարծիքների տեղիք է տվել։ Ոմանք մտածում են, որ պայքարից հետքայլ են նման որոշումները, ինչպե՞ս կմեկնաբանեք․ «Մեր հայրենակիցները թող համոզված լինեն մի բանում՝ մեզ համար երբեք պաշտոնները առաջնային նշանակություն չեն ունեցել։ Պարզապես դրանք գործիք են հանդիսացել։ Պաշտոնները այդպիսի նշանակություն ունեն հենց օրվա իշխանությունների համար։ Դրա համար իրենք հենց բացառապես դրա մասին էլ մտահոգվում են, դրա մասին մտածում են, ոչ թե մտածում են մեր ռազմագերիների մասին, Բերձորի մասին կամ այլ մարտահրավերների մասին, որոնք կան մեր երկրի առջև ծառացած։ Մեզ համար դա ունի, կարելի է ասել, զրո նշանակություն։ Դուք տեսաք, թե ինչ արձագանք տվեցինք դրան։ Մեր ընկերները, որոնք պաշտոնների նկատմամբ «ոտնձգություն» չեն իրականացրել։ Իրենք իրենց հոժար կամքով վայր դրեցին այդ պաշտոնները։ Այդպես էլ լինելու էր։ Իրավիճակը, որպեսզի ճիշտ հասկանանք «Դիմադրութայն շարժման», որը արձանագրել է, դա քաղաքական ճգնաժամն է, որն ավելի խորանում է։ Սա է իրականությունը։ Եվ թող մեր հայրենակիցները համոզված լինեն, որ մենք չենք հոգնելու, չենք նահանջելու և այս գործողությունները շարունակելու ենք մինչև վերջ»։