Սխալվեցինք

Սխալվեցինք

Իշխանության մեջ լինելը գայթակղիչ է, բոլոր ակտիվ մարդիկ բոլոր երկրներում ձգտում են իշխանության, բայց իշխանությունը նաեւ փորձություն է, եւ միայն ուժեղ, կայացած մարդիկ են դիմանում այդ փորձությանը՝ չդառնալով բռնակալներ, չլկտիանալով իշխանական բարիքներից, չհղփանալով եւ հետագայում ատամներով չկառչելով իշխանական աթոռներից։ 2018 թվականին մեզ թվաց, թե գտել ենք հենց այդպիսի իշխանություն կրողներին։ Պարզ, ժուժկալ, համեստ ապրող, ժողովրդի նկատմամբ հարգալից, հասարակ ընտանիքներից դուրս եկած, դժվարություններով եւ ինքնուրույնաբար կայացած մարդկանց, որոնք չեն դառնա իշխանության գերի եւ, ամենակարեւորը՝ իշխանությունն ի չարը չեն գործադրի։

Ակնկալում էինք, որ իշխանություն ստանալուն պես նրանք կհրաժարվեն Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի համար «կարված կոստյումից», կշարունակեն ապրել համեստ կյանքով, չեն մեծամտանա, հանրային ցավ ու դարդին ունկնդիր կլինեն եւ կարեկից։ Ամենակարեւորը՝ կոռուպցիան կվերացնեն երկրից եւ իրենք էլ երբեք հանրային միջոցներին ձեռքը չեն մեկնի, կապրեն բացառապես աշխատավարձով եւ կծառայեն մեր հայրենիքի շենացմանը։

Պարզվեց՝ նրանք «կոստյումից» հրաժարվելու միտք անգամ չունեն։ Կառավարական ամառանոցները, ինքնաթիռներն ու ճոխ կյանքը շատ կարճ ժամանակում նրանց համար նույնքան սիրելի դարձան, որքան նախկինների համար էր։ Բաց դռների ու պարիսպների քաղաքականությունը շատ կարճ տեւեց՝ իրենց շրջապատեցին ոստիկաններով ու թիկնապահներով, եւ շարքային մարդկանց համար նրանց հասնելը, իրենց դարդն ու ցավը ներկայացնելը, ինչ-որ լուծումների հասնելը նույնքան բարդ են, որքան անցյալում, եթե չասենք՝ ավելի բարդ։ Ինչ վերաբերում է կոռուպցիային, ապա քավոր-սանիկների ինստիտուտը ծաղկում է, իսկ պարգեւավճարները փոխարինում են կաշառքին: