Մեր զինվորը, սպան պետք է իմանան, որ դիվանագիտական դաշտում քայլեր են ձեռնարկվում. քաղաքագետը՝ Ժնևում կայանալիք հանդիպման մասին

Մեր զինվորը, սպան պետք է իմանան, որ դիվանագիտական դաշտում քայլեր են ձեռնարկվում. քաղաքագետը՝ Ժնևում կայանալիք հանդիպման մասին

Հոկտեմբերի 29-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև։ Նշենք սակայն, որ ռազմական գործողությունները դեռևս շարունակվում են Լեռնային Ղարաբաղում։ Չնայած 3 անգամ հայտարված հրադադարների համաձայնություններն Ադրբեջանը չպահպանեց։ 

Հոկտեմբերի 29-ին նախատեսված հանդիպման մասին հայտարարվել է հոկտեմբերի 25-ին։ Այն նույն օրը, երբ հայտարարվեց թվով 3-րդ հրադադարի համաձայնության մասին, որը պետք է գործեր հաջորդ օրվանից, սակայն Ադրբեջանը կրկին խախտեց այն։ 

Բացի այդ, այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ պատրաստ է բանակցություններ վարել Մոսկվայում առանց նախապայմանների։

 

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ավագ գիտաշխատող, քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի խոսքերով՝ փորձը ցույց է տվել, որ Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները գործնականում որևէ դրսևորում չեն ունենում, այսինքն՝ հաճախ է հայտարարում իր տարբեր տեսակ պատրաստակամությունների մասին, բայց գործնականում այդ ամենը տեղի չի ունենում։

 «Ուստի սա նույնպես կարող ենք համարել մի տակտիկական դրսևորում, որովհետև եթե մենք իսկապես ակնկալիք ունենք խնդրի շուրջ բանակցելու, ապա գոնե ինտենսիվությունը ռազմաճակատում պետք է նվազի։ Բայց տեսնում ենք, որ ադրբեջանաթուրքական տանդեմը վերջին օրերին որևէ գործնական քայլ ռազմաճակատում չի կատարել։ Առավելևս երեք միջնորդների նախաձեռնությունների պարագայում մշտապես խախտել է հրադադարը։ Հետևապես թե՛ Ալիևի այսօրվա հայտարարությունը, թե՛ Ժնևում կայանալիք այդ հանդիպումը, քննարկումը, ես կարծում եմ, որևէ գործնական արդյունք չի տալու, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է մասնակցենք այդ հանդիպմանը։ Այսինքն՝ դիվանագիտական կողմը պետք է հստակ աշխատի, դիվանագիտական ջանքերը պետք է գործադրվեն, նույնիսկ եթե դրանք կկարողանան թեկուզ կարճաժամկետ՝ 1, 2, 3 ժամերի շրջանակներում որոշակի հրադադար ապահովել, որ նաև մեր բանակը կարողանա, այսպես ասենք, շունչ քաշել, վերախմբավորվել և տակտիկական ճշգրտումներ կատարել։ Մեր զինվորը, սպան պետք է իմանան, որ դիվանագիտական դաշտում քայլեր են ձեռնարկվում, և դրանք միշտ պետք է ուղղված լինեն բանակի թիկունքն ամուր պահելուն, իսկ խնդիրը հենց ռազմաճակատում է ստանալու իր որոշակիությունը»,- նշեց քաղաքագետը։

Հաշվի առնելով վերջին երեք օրերի զարգացումները՝ Օրդուխանյանը կարծում է, որ ժնևյան հանդիպումը կարող է «հերթական» հանդիպումը լինել, որը որևէ գործնական, շոշափելի պտուղ չի կարող տալ։

-Ալիևը մի քանի անգամ խոսել էր Արցախի տարածքից հայկական զորքերի դուրսբերման մասին, Փաշինյանը ուղիղ եթերում ասաց, որ Ադրբեջանը կապիտուլյացիա է ուզում։ Այս կապիտուլյացիայի տակ ի՞նչ հասկանալ, և ըստ Ձեզ՝ Ադրբեջանը ե՞րբ պատրաստ կլինի բանակցելու։

-Ասեմ հետևյալը։ Նախ ադրբեջանական կողմը մի քանի անգամ իր մոտեցումները փոխել է։ Եթե սկզբում խոսում էր հայկական զինուժի դուրսհանման մասին, հետո Արցախի կապիտուլյացիայի մասին, հիմա արդեն առանց նախապայմանների բանակցությունների պատրաստակամության մասին, այս խոսույթը երբևէ գործողություններին չի համապատասխանել, դա մենք պետք է ընդունենք։ Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանի երկու իր առաջվա այդ ելույթին, ապա երեկ ինքը, ըստ էության, սրբագրեց և նաև նշեց պատճառները, որոնք տարընկալումների տեղիք էին տվել։ Այնպես որ, կարծում եմ, որ մեր դիրքորոշումը շատ հստակ է, և այն, ըստ էության արտահայտվելու է մեր ի սկզբանե հայտարարված «Հաղթելու ենք» բանաձևի շրջանակներում և ամենևին էլ որևէ իրատեսական օրակարգ կապիտուլյացիայի վերաբերյալ չի կարող լինել։ Ասեմ ինչու, որովհետև ռազմի դաշտում գործողությունները ցույց են տալիս, որ 1 ամսի շարունակ ադրբեջանաթուրքական այս տանդեմը, այս բանակը՝ ահաբեկիչների մասնակցությամբ, մաշվել է իրենց ծանր զինտեխնիկայի, տեխնիկայի տեսանկյունից։ Հսկայական տեխնիկայի կորուստներ են ունեցել։ Ունեցել են առաջխաղացում հարավային հատվածով, բայց եկել-բախվել են Արցախի լեռներին, որտեղ բնականաբար մեր զորքերը առավելություններ ունեն թե՛ պաշտպանությունը կազմակերպելու տեսանկյունից, թե՛ նաև հետագայում հակահարձակում կազմակերպելու առումով, մեկ շատ կարևոր հանգամանքի հաշվառմամբ՝ որ այդ հատվածից ադրբեջանական բանակը նահանջի միայն մեկ ճանապարհ ունի։ Նահանջ դեպի արևելք, քանի որ հարավում Իրանի սահմանն է։ Եվ նրանց զորքերի տեղակայման դիրքերից դեպի արևմուտք Հայաստանի հարավային սահմանն է, այնպես որ, մենք հարավից և Արցախի պարագայում հյուսիսից հարձակման դեպքում նրանց շատ արագ կարող ենք հետ մղել փախուստի մեկ ուղղությամբ։ Իհարկե, դրա համար պատրաստվելու ժամանակ է պետք և տակտիկական մշակումներ իրականացնել։ Հաշվի առնենք նաև այն, որ այսօր Ալիեւը փորձում է առանց նախապայմանի այսօրվա իր ապահոված շատ պայմանական ու փոփոխական դիրքերը ռազմաճակատում սեղանի առջև դնելով բանակցել և որոշակի դիվանագիտական դիվիդենտներ քաղել։ Եվ երևի թե մեր կողմը շատ լավ հասկանում է այս ամենը, և կարծում եմ, որ ժնևյան այդ կայանալիք հանդիպման ընթացքում շատ բան պարզ կլինի։ Բայց մի բան եկեք բոլորս ընդունենք, որ խնդիրը, ըստ էության, լուծվելու է հենց ռազմաճակատում և ռազմաճակատում մեր հաջողություններն էլ թույլ են տալու մեր դիվանագիտական կորպուսին ունենալ անհրաժեշտ խաղաքարտեր, որոնք առաջիկայում, երբ որ կլինի իսկապես բանակցային գործընթաց, հնարավոր կլինի դնել թշնամու առջև որպես պայմաններ։