Ման եկանք, ման եկանք` մի տարի, չկարացինք էդ գնի տուն առնենք

Ման եկանք, ման եկանք` մի տարի, չկարացինք էդ գնի տուն առնենք

Թամարա Գեւորգյանն այն հազվադեպ լավատեսներից է, որոնք դեռ հավատում են կոմունիզմի հաղթանակին եւ հույս ունեն, որ մի օր պետությունից տուն են ստանալու։ Շահումյանից տեղահանվել է 33 տարի առաջ։ Վեց հոգուց բաղկացած ընտանիքով բնակվում է Արմավիրի մարզի եզդիական համայնքներից մեկում՝ Երեսխահուն գյուղում, ինչպես ինքն է ասում՝ «դաշտի մեջ», մի բարի մարդու տանը։ 

Տան «հերթի» մեջ է 2005 թվականից։ Այս տարիների ընթացքում տան հարցով «անիմաստ» նամակներ ու դիմումներ է գրել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանին։ Անցյալ տարի վերջապես նրան պետությունը 6 մլն 290 հազար դրամի սերտիֆիկատ է տվել՝ Արմավիրի մարզում անշարժ գույք ձեռք բերելու նպատակով։ Բայց սերտիֆիկատը թուղթ է, փող չէ։ Թամարան այդ «թղթով» տուն է փնտրել Արմավիրի մարզի գյուղերում, բայց չի գտել։ Օգոստոսի 31-ին սերտիֆիկատի ժամկետը լրացել է։

«Ման եկանք, ման եկանք` մի տարի, չկարացինք էդ գնի տուն առնենք։ Նորից գնացինք միգրացիոն ծառայություն, խնդրեցինք, որ մի քիչ երկարացնեն ժամկետը, ասեցին՝ անհնար է»,- պատմում է թոշակառու Թամարան։ Այժմ բարի մարդը, որը ժամանակին տանիք էր տվել ընտանիքին, պահանջում է, որ ազատեն տունը։ Նա այլ ծրագրեր ունի՝ իր սեփականության հետ կապված։ 

Տունն էլ տուն լինի՝ քանդված, ջարդված։ «Մեր ջուրը կտրել են։ Արդեն մի տարի է՝ կաշկով ջուր եմ բերում գերեզմանոցից։ Լվացքի մեքենան քանդած-թափած։ Ո՞նց պատմեմ, որ պատկերացնես մեր վիճակը։ Ես՝ աչքերս կույր, տղաս՝ երկրորդ կարգի հաշմանդամ։ Էն մի տղաս ողնաշարի հիվանդ է, պուճուր տղաս է մենակ աշխատում, բանվորություն է անում ստեղ-ընդեղ, օրը 5-6 հազար։ Դրանով ես կարո՞ղ եմ տուն առնել»,- ասում է Թամարան։ 
Թամարա Գեւորգյանի հարցը վերահասցեագրեցինք միգրացիոն ծառայությանը։ Արդյոք հնարավոր չէ՞ երկարացել սերտիֆիկատի ժամկետը, օգնել ընտանիքին։ «Սերտիֆիկատի ժամկետը սահմանված է կառավարության որոշմամբ, մեր օղակում ոչինչ հնարավոր չէ անել։ Թող դիմեն, մենք կուղարկենք սոցապ, գուցե ժամանակավոր կացարանի խնդիր լուծվի։ Սա պետք է դիտարկել որպես այնպիսի իրավիճակ, երբ մարդը մնացել է առանց կացարանի»,- պատասխանեցին միգրացիոն ծառայությունից։ 

Թոշակառու կինն այս պատասխանն արդեն լսել է։ «Սոցապ էլ եմ դիմել, բոլորն ասում են՝ միգրացիոն ծառայությունը կօգնի»,- ասում է նա հավատով։ Բայց միակ իրատեսական հեռանկարը, որ այս պահին նրան սպասվում է, թափառական կյանքն է։