Սխալ համակարգ

Սխալ համակարգ

Ժամանակին ինչքան ջանքեր են գործադրվել, որպեսզի մեծամասնական ընտրակարգը փոխարինվի համամասնականով եւ մրցապայքարից դուրս գան տարբեր օլիգարխներն եւ տեղական իշխանիկները, որոնք փողով, տեռորով ու բարեգործությամբ ընտրվում էին տվյալ տարածքից եւ գալիս խորհրդարան` պաշտպանելու իրենց բիզնեսն ու ունեցվածքը:

Այո, երկրի թիվ մեկ քաղաքական մարմնի` պառլամենտի դեպքում տեսականորեն ճիշտ է, որ ընտրությունները լինեն բացառապես համամասնական կարգով եւ մարդիկ ընտրություն կատարեն կուսակցությունների, այլ ոչ թե անհատների միջեւ: Չնայած այդ պարագայում էլ անհրաժեշտ է, որ քաղաքական դաշտը կայացած լինի եւ 140-ի չափ քվազիկուսակցություններ չվխտան դաշտում: Չէ որ դրանք շփոթեցնում են մարդկանց եւ ընտրապայքարի իմիտացիա ստեղծում:

Այս խնդիրը տասնապատիկ ավելի ակնառու է դառնում, երբ խոսքը գնում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին: Մի փոքրիկ քաղաքում համայնքապետ ու ավագանի ընտրելու համար կուսակցական բուռն ընտրապայքար ծավալելը եւ անհայտ ու անանուն կուսակցությունների ցանկերով հանդես գալը մի կողմից զավեշտ է, մյուս կողմից` կեղծիքի գագաթնակետ: Եթե այդ կուսակցությունը նշված քաղաքում գրասենյակ եւ անդամներ չունի, ինչպե՞ս եւ ինչո՞ւ պետք է մասնակցի քաղաքի իշխանության ձեւավորման գործընթացին:

Արդյունքում ստացվում է, որ կուսակցությունների թղթերն ընդամենը շիրմա են, որոնցով մի խումբ մարդիկ հանդես են գալիս` չկիսելով այդ կուսակցության գաղափարախոսությունը եւ նպատակը համայնքապետարան սողոսկելն է: Իսկ թե հետո ինչ դեր է խաղալու այդ կուսակցությունը, ինչպես են կարգավորվելու հարաբերությունները մայր կուսակցության եւ նրա ցուցակով ընտրված քաղաքապետի ու ավագանու անդամների միջեւ, ոչ մեկին չի հետաքրքրում: