Ադրբեջանը վերջերս է հայտնվել միջազգային քարտեզի վրա. ի՞նչ է բարբաջել Ալիևը

Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել չինական CGTN (China Global Television Network) հեռուստաալիքին։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հարցազրույցը տվյալ ալիքով հեռարձակվել է փետրվարի 11-ին:
«Միակ պատճառը, որ մենք դեռևս ունենք անկայուն իրավիճակներ և արյունահեղություն ամբողջ աշխարհում, այն է, որ կայսերապաշտական անցյալ ունեցող երկրները ցանկանում են շարունակել միջամտել, գերիշխել և թելադրել: Եվ դա, բնականաբար, հանգեցնում է դիմադրության», -ասել է Ալիևը:
Նա նշել է, որ «Ադրբեջանին հաջողվել է պաշտպանվել մեր ներքին գործերին միջամտությունից»՝ ընդգծելով, որ «ոչ բոլոր երկրներն ունեն դա անելու ներուժը».
«Ամեն ինչի հիմքում ընկած է տնտեսագիտությունը։ Գաղափարախոսությունը, տնտեսագիտությունը և ազգային գաղափարները՝ այս ամենը միասին ապահովել են Ադրբեջանին այն տեղը, որին մենք արժանի ենք»:
Ալիևի պնդմամբ, «Ադրբեջանը նախաձեռնել է լայնածավալ նախագծեր, որոնք հնարավորություն են ընձեռել տարածաշրջանում հաղորդակցությունների ստեղծման համար։ Մենք լավ համբավ ենք հաստատել Հարավային Կովկասում և Կասպից տարածաշրջանում, որին պատկանում ենք»:
Ընդգծելով, որ Ադրբեջանը հաստատակամորեն պաշտպանում է իր ազգային շահերը, իր ապրելակերպը, իր անկախ քաղաքականությունը և հասել է զգալի հաջողությունների՝ Ադրբեջանի ղեկավարն ասել է.
«Ուստի ես կասեի, որ Ադրբեջանի օրինակը որպես միջազգային քարտեզի վրա համեմատաբար վերջերս հայտնված երկրի՝ պաշտպանելով իր ազգային շահերը և լավ կապեր հաստատելով ամբողջ աշխարհում, ցույց է տալիս, որ հնարավոր է պաշտպանել սեփական շահերը, եթե կա կայունություն և միասնություն հասարակության մեջ»։
Նա նաև խոսել է նաև այն պատճառների մասին, թե ինչու Ադրբեջանը դեռ չի դարձել Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ։ Ալիևի խոսքով, չնայած երկար տարիներ վարվող ակտիվ բանակցություններին, պատճառը, որ Ադրբեջանը դեռևս Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ չէ, «պրոտեկցիոնիզմն է, երկակի ստանդարտները, մաքսատուրքերը»։ «Այս ամենը ոչնչացնում է Առևտրի համաշխարհային կազմակերպության հիմնական արժեքները»,- հավելել է Ալիևը։
Ընդգծելով, որ Ադրբեջանի տնտեսությունն ինքնաբավ է, Ադրբեջանի նախագահը նշել է՝ եթե կազմակերպությանն անդամակցելու վերաբերյալ ադրբեջանական կողմի բոլոր առաջարկները կատարվեն, ապա գործընթացն ավելի հարթ կընթանա։
Կարծիքներ