Տեւական ժամանակ է՝ մենք տեղեկություն ունեինք, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ նրա տեղակալներից մեկը հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում՝ չարաշահումների կամ կոռուպցիոն գործարքների հետ կապված վարույթներով։ Մեր աղբյուրները 6-8 հարյուր մլն դրամի հասնող չարաշահումների մասին էին փոխանցում` գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի հետ կապված: Որքանով մեզ հաջողվեց ճշտել` ինտենսիվ կամ խելացի այգիների ծրագրի մասին է խոսքը։ Մեր աղբյուրը հավատացնում էր, որ սա լինելու է ՔՊ-ական իշխանությունների օրոք ամենամեծ կոռուպցիոն գործը, որի բացահայտումը հիմնովին վարկաբեկելու է իշխող կուսակցությանը: Եվ պնդում էր, որ գործով անցնում են նախարարն ու նրա տեղակալը` Նարեկ Տերյանը: Ըստ նույն աղբյուրի՝ իշխանությունը քննարկում է այն հարցը, թե Քերոբյանին կալանավորելն ինչպես կանդրադառնա իր իմիջի վրա` կալանավորելը կվնասի՞, թե՞ սեփական թիմում հայտնաբերված չարաշահումները բացահայտելը եւ թիմակցին անխնա պատժելը կբարձրացնեն ՔՊ-ի իմիջը: Փորձեցինք անձամբ Վահան Քերոբյանից պարզել՝ արդյոք ինքն անցնո՞ւմ է որեւէ քրեական գործով, ունի՞ որեւէ դատավարական կարգավիճակ, եւ, առհասարակ` գյուղատնտեսության սուբսիդավորման ոլորտում ի՞նչ է կատարվում։ Նախարարը չհերքեց, որ ուսումնասիրություններ են ընթանում։ Ներկայացնում ենք մեր զրույցը։
- Պարոն Քերոբյան, տեղեկություններ կան ձեր ոլորտում հայտնաբերված խոշոր չարաշահումների վերաբերյալ, անգամ ասվում է՝ «Ինտենսիվ այգիներ» ծրագրի շրջանակներում կոռուպցիոն շղթա է գործել։ Ձեր եւ Ձեր տեղակալներից մեկի ներգրավվածության մասին է խոսվում…
- Ես չգիտեմ, որեւիցե տեղեկություն չունեմ․․․ Գիտեմ, որ ուսումնասիրություններ կան Քննչական կոմիտեում, բայց մանրամասներ չգիտեմ, բայց առաջարկում եմ զբաղվել արդեն կայացրած դատական որոշումներով։
- Եթե նկատի ունեք անմեղության կանխավարկածը չխախտելը, ապա նկատենք, որ դա իշխանության հոբբին է, որը պարբերաբար հայտարարություններ է անում` մարդկանց մեղադրանքներ հնչեցնում նոր հարուցված եւ անգամ չհարուցված քրեական գործերով: Ես ընդամենը հարցնում եմ մեզ հասած տեղեկությունների մասին` Դուք կամ Ձեր տեղակալներից մեկը ներգրավվա՞ծ եք Ձեր մատնանշած ուսումնասիրությունների փաստով ընթացող գործընթացում, կանչվե՞լ եք հարցաքննության, բացատրություններ տալու։
- Ես չգիտեմ դրա մասին։
- Դուք չգիտե՞ք` Ձեզ կանչե՞լ են, թե՞ ոչ։
- Ինձ ոչ մեկը չի ասել, որ այսինչ գործում կամ, թե չկամ։
- Եթե չեմ սխալվում՝ ՊՎԾ-ի ուսումնասիրությունների հիման վրա է վարույթը հարուցվել ու մի քանի դրվագներով, եթե թերացումն արդեն արձանագրել են, ինչպե՞ս կարող եք Դուք չառնչվել, տեղյակ չլինել, հատկապես նման խոշորամասշտաբ գործով։
- Էլի եմ ասում՝ ինձ մանրամասներ հայտնի չեն, ես չգիտեմ՝ ես կա՞մ, թե՞ ոչ։ Կառավարությունը ծրագիր է ընդունել, որն իրականացնում են էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները։ Եթե լինի մեղադրանք, ինձ մեղադրանք առաջադրեն, այն ժամանակ կխոսենք, մինչեւ հիմա ինձ ոչ մեկը չի կանչել, չի հարցաքննել։
- Իսկ ճի՞շտ է, որ խոսքը բավականին խոշոր գումարի մասին է, հասնում է մեկ միլիարդի, որից 600-800 միլիոնը կասկածում են, որ յուրացվել է: Ի՞նչ սխեմա է գործել, ինչպե՞ս են փորձել ծրագիրն իրականացնել, խոսվում է, որ կեղծ փաստաթղթերի հիման վրա պետական միջոցները քաղաքացիներին տրամադրելու մասին․․․
- Տեսեք՝ վերջերս Հաշվեքննիչ պալատի կազմած հաշվետվությունն էինք լսում, եւ ես իմ խոսքում ասացի՝ եթե մենք անում ենք 50 մլրդ-ի ծրագիր, եւ դրանցից 600 մլն-ն է, որ խնդրահարույց է, դա անհամեմատ ավելի քիչ է, քան, որ բանկերը վարկ են տալիս, եւ վարկերի որոշ մասը դառնում է վատ վարկ։
- Տարբերությունն այն է, որ այս պարագայում պետական միջոցների վատնման մասին է խոսքը։
- Եթե պարզվի, որ մեկը գողություն է արել, ինքը պետք է պատժվի, նստի, ես դրա կողմնակիցն եմ, բայց այստեղ խոսքը գնում է, որ երբ մենք անում ենք իքս ծրագիր, որից մի փոքր մասը պրոբլեմատիկ է, ապա ես առաջարկում եմ նայել ընդհանուր շուկայի միջավայրին՝ ինչպիսին է արդյունավետությունը։ Եթե մենք արգելենք սխալները, ապա որեւէ պրոցես առաջ չի գնա, ճանապարհ չի սարքվի, դպրոց չի սարքվի, ոչինչ չի արվի։