Ստացվում է՝ թաղապետարանի աշխատակիցը կարող է բանավոր ցուցմամբ զրկել ազատությունից

Ստացվում է՝ թաղապետարանի աշխատակիցը կարող է բանավոր ցուցմամբ զրկել ազատությունից

Ագզային ժողովն ապրիլի 28-ի արտահերթ նիստում քննարկելու է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքում փոփոխության նախագիծը։ Ըստ փաստաթղթի հիմնավորման՝ հստակեցվել են արտակարգ դրության ընթացքում սահմանափակման ենթակա իրավունքները և ազատությունները, կիրառվող միջոցառումները, սահմանվել է անձնական ազատության իրավունքի սահմանափակման հնարավորությունը, նախատեսվել է սահմանափակումները և միջոցառումները պայմանով կիրառելու հնարավորությունը: Ըստ այդմ, անձնական ազատության սահմանափակում կարող է լինել նաև բանավոր կարգադրությամբ։
Ըստ այդմ՝ օրենքում արված մի լրացմամբ սահմանվել է. «Համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում անձի անձնական ազատության իրավունքը կարող է սահմանափակվել արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար ներգրաված մարմինների կողմից տրված բանավոր կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում` գրավոր կարգադրությամբ»։ «Իրվական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը «Հրապարակի» հետ զրույցում, մեկնաբանելով փոփոխությունների նախագծը, մի քանի դրվագ առանձնացրեց, որոնցում խնդիրներ կան․

«Շատ ընդհանրական ձևակերպում է տրված, որտեղ նախատեսված է, որ ինքնին արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում կարելի է բանավոր, իսկ առանձին դեպքերում՝ գրավոր կարգադրությամբ անձին զրկել ազատությունից, և այս բանավոր կամ գրավոր կարգադրությունը կարող են անել արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների համար ներգրավված մարմինները։ Այստեղ 2 խնդիր կա․ նախ՝ նախատեսված է ազատությունից զրկելու պայմանը, բայց ոչ հիմքը։

Պայմանը արտակարգ դրությունն է, բայց պետք է լինի նաև հիմքը , ինչպիսին կարող է լինել, օրինակ, վարակի տարածումը կանխելու նպատակը։ Առանց որևէ հիմքի անձնական ազատությունից զրկելը, կարծում եմ, կխախտի Սահմանադրությունը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Ազատությունից զրկելու հիմքերը սպառիչ թվարկված են, և այդ հիմքերից դուրս որևէ մեկը որևէ պարագայում չի կարող ազատությունից զրկվել։ Այս նախագիծը հիմքերին անդրադարձ չի կատարում, ինչը նշանակում է, որ այն կամայական է լինելու։

Երկրոդը՝ ի՞նչ հասկանանք « արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների համար ներգրավված մարմիններ» ձևակերպումից։ Եթե նայում ենք «Արտակարգ դրության մասին» օրենքը, ապա տեսնում ենք, որ օրենքը հնարավոր է դարձնում ներգրավել ոստիկանության, ԱԱԾ, և պաշտպանության մարմինների ուժերը, բայց եթե նայում ենք արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը, տեսնում ենք, որ այս որոշումը սահմանազանցել է օրենքը, և պարետի ցուցումով կարող են ներգրավվել ոչ միայն օրենքում թվարկված մարմինները, այլև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի ներկայացուցիչները։

Այս շրջանակը դառնում է անսահմանափակ և անկառավարելի, ընդ որում՝ անհասկանալի է, թե այդ մարմնին ո՞վ կարող է ներկայացնել․ եթե ես ոստիկանության ինչ-որ մի բաժանմունքի աշխատակից եմ, ապա դա նշանակում է, որ այդ օրենքի փոփոխության տեսանկյունից ավտոմատ կերպով դառնում եմ անձնական ազատության իրավունք սահմանափակող սուբյեկտ, և եթե ներառված են տարածքային կառավարման և ՏԻՄ մարմինների աշխատակիցները, ստացվում է, որ թաղապետարանի աշխատակիցը կարող է իր բանավոր ցուցմամբ զրկել ազատությունից։ Այդ «մարմին» հասկացությունը որոշակիացման հնարավորություն չի տալիս, և մենք չենք կարողանում դուրս բերել այն պաշտոնատար անձանց շրջանակը, որոնք ստանում են իրավասություն՝ բանավոր կամ գրավոր ցուցումներ տալու։ Միջազգային ստանդարտների և նաև մեր սահմանադրական երաշխիքների տեսանկյունից այս օրենքը պետք է լինի որոշակի, կանխատեսելի, և կամայականությունների դեմ երաշխիքներ ունենա։ Եթե այս երեք չափանիշներին օրենքը չի բավարարում, ապա չի դիտարկվում օրենք, և դրա հիման վրա կատարված ցանկացած սահմանափակում դիտրակվում է ապօրինի»,- ասաց Սահակյանը։

Նա նաև նշեց, որ կա հետագայում այդ որոշումներն ու ցուցումները դատական կարգով վիճարկելու խնդիր․

«Առհասարակ ընդունելի է նույնիսկ բնականոն պայմաններում վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով անձանց ազատությունից զրկելը, բայց միջազգայնորեն 2 չափանիշ է դրված․ առաջինը՝ դա պետք է վերաբերի այնպիսի վարակի տարածմանը, որը հանրային առողջության համար լուրջ վտանգ է ներկայացնում, և երկրորդը՝ պետք է վարակակիր անձի նկատմամաբ այլ միջոց կիրառելու ճանապարհով վտանգը կանխելու հնարավորություն չլինի, և որպես բացառիկ, վերջնական միջոց ընտրվի վերջինիս մեկուսացումը կամ արգելանքի տակ վերցնելը։ Ինչպես նկատեցիք, օգտագործվում է «վարակակիր անձ» հասկացությունը, ինչը նշանակում է, որ այն մարմինը, որը համարձակություն կունենա և պատասխանատվություն կստանձնի բանավոր ցուցում տալու, առնվազն իր ձեռքի տակ պետք է ունենա արժանահավատ տվյալ՝ վարակակիր լինելու մասով։ Եթե այս տվյալը գոյություն չունենա և սահմանափակումը կիրառվի, ապա մենք նորից հայտնվելու ենք իրավունքների խախտման դաշտում։ Բացի այս, մեր Սահմանադրությունը նշում է, որ ցանկացած անձ, որին ազատությունից զրկել են, իրավունք ունի վիճարկելու ազատությունից զրկելու իրավաչափությունը, և եթե մեզ ազատությունից զրկում են բանավոր ցուցումների հիման վրա, բանավոր որոշմամաբ, մեզ չեն տրամադրվում հիմքերը, ապա  հիմքերը չունենալով մենք զրկվում ենք իրավաչափությունը վիճարկելու հնարավորությունից։ Սահմանադրության պահանջն է, որ, անկախ ձևից, ապահովվի հիմքերի վերաբերյալ անձի իրազեկվածությունը, որպեսզի կարողանա օգտվել դատական պաշտպանվածության իրավունքից։ Այս օրենքը կիրառողները պարտավոր են Սահմանադրության հիման վրա մեխանիզմ գտնել, որպեսզի ապահովեն անձին՝ ազատությունից զրկելու հիմքերի տրամադրումը, որպեսզի դատարանը կարողանա ստուգել դրա իրավաչափությունը։ Եթե այս մեխանիզմը չաշխատի, հնարավորություն չտրվի նաև հաղորդակցվել փաստաբանի հետ, մենք կհայտնվենք  բացարձակ կամայականության տիրույթում, երբ, օրինակ, փողոցում հազալու համար թաղապետարանի կամ այլ պետական մարմնի աշխատակցի կողմից մենք կարող ենք ազատությունից զրկվել, իսկ այդ մոդելը ավելի շատ հիշեցնում է նացիստական Գերմանիան , երբ հրեա լինելու կասկածանքով անձինք կարող էին լուրջ չարաշահումների ու սահմանափակումների ենթարկվել»,- մեզ հետ զրույցում ասաց Սիրանուշ Սահակյանը։