Իրանում Ադրբեջանի դեսպանատունը չի գործում․ Բաքուն մեղադրում է

Իրանում Ադրբեջանի դեսպանատունը չի գործում․ Բաքուն մեղադրում է

«Ցանկացած երկրում դիվանագիտական ​​գործունեության դադարեցումը պատասխանատու որոշում է։ Բայց մենք վստահություն չունենք իրանական կողմի նկատմամբ՝ կապված մեր դեսպանատան աշխատակիցների անվտանգության հետ»։  

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը՝ մեկնաբանելով Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեության ամբողջական դադարեցման մասին որոշումը։ 

Նրա խոսքով, Թավրիզում շարունակելու է գործել Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը։
Ավելի վաղ, Խալավոֆը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իրենք չեն վստահում Իրանին՝ իրենց դեսպանատան անվտանգության ապահովման հարցում։ Պաշտոնյան նշել է, որ Բաքվի այդ դիրքորոշման ու մտավախության մասին իրենք բազմիցս հրավիրել են իրանական կողմի ուշադրությունը։

Ըստ փոխնախարարի, Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան հետ կապված «ահաբեկչական միջադեպը» ահռելի վնաս է հասցրել Իրանի հետ՝ Բաքվի հարաբերություններին։ Խալաֆովը նաև անհեթեթ է համարել Իրանի պաշտոնական այն պնդումը, թե դեսպանատան վրա զինված հարձակումը եղել է ընտանեկան ու կենցաղային մոտիվներով։

Հավելենք, որ Ադրբեջանի դիվանագիտական առաքելության բոլոր աշխատակիցները ժամեր առաջ հասցվել են Բաքու, այդ թվում՝ նաև զինված հարձակման հետևանքով զոհված դեսպանատան անվտանգության պետի դին։