Մենք այլևս լավ չենք ապրելու, որովհետև ամոթի սերունդն ենք

Մենք այլևս լավ չենք ապրելու, որովհետև ամոթի սերունդն ենք

Համացանցում մի քննարկման հանդիպեցի, որտեղ արծարծվում էր Բրյուսելյան հանդիպումն ու Շառլ Միշելի հայտարարությունը։ Մասնակիցներից մեկի կարծիքով «Էթնիկ հայերը Ղարաբաղում» եզրույթը մահվան դատավճիռ է, որն ամեն գնով պետք է կանխել՝ թույլ չտալ։ Քննարկման իշխանամետ մասնակիցը հարցնում է՝ ոնց թույլ չենք տալիս։ Շուշան Հարությունյանը կետերով շարադրում է․

1. Դուրս շպրտել ներկայիս բանակցողին իշխանությունից, պատասխանատվության կանչել օրենքի առաջ:
2. Խախտել բանակցությունների ցիկլը և չընդունել մինչև հիմա ձեռք բերած համաձայնությունների իրավահաջորդությունը, սրանով իսկ ժամանակ շահելով:
3. Ձևավորել ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն (որը հանձնառություն կտա չմասնակցելու հաջորդ ընտրություններին):
4. Լիազորել ազգային համաձայնության կառավարությանը՝ բանակցություններում պահպանելու միայն ստատուս քվո և որևէ շրջադարձային «.աք» չուտել:
5. Կոնսոլիդացնել ուժերն ու միջոցները պաշտպանական համակարգի արագ վերազինման համար, զրկանքներ կրել բոլոր ոլորտներում զարգացման բյուջեների կրճատմամբ, հասարակության միլիտարիզացմամբ (քանզի այլ բան չի մնում, քան ուժեղանալ` պատերազմներից խուսափելու համար):
6. Ձևավորել ՀՀ ռազմավարական զարգացման օրակարգը, որի գերխնդիրը հայկական սուվերեն և անկախ պետականության պահպանումն է տարածաշրջանում: Քարոզչական, ագիտացիոն լուրջ մեխանիզմներ դնել` օրակարգը շեղում թույլ չտալու համար այդ պահին և հետագայում:
7. Անցկացնել ընտրություններ, քաղաքական կուսակցությունների տեղակայել ԱԺ-ում, բոլոր ոլորտներից ներկայացված պրոֆեսիոնալներով ձևավորել գործադիր
8. Ապրել, կրթել, մեծացնել երկու-երեք սերունդ, որոնք հայկական ինքնությամբ ազգային ուժեղ պետություն ունենալու օրակարգի կրող են: Անել դա պատժելիության բարձր մթնոլորտում, թույլ չտալով անգամ փոքր շեղում, անարգանք, գողություն:
9. Հնարավորություն տալ, որ այդ սերունդը տեսնի ու վայելի ազատ Արցախի անկախացումն ու ապա հանրաքվեով միացումը ՀՀ-ին:
10. Ձևավորել ուժեղ պետություն, ապրել նիհար ու բախտավոր:

Հ.Գ. Մենք այլևս լավ չենք ապրելու, որովհետև ամոթի սերունդն ենք: Բայց եթե աշխատենք օրնիբուն, մեր թոռները լավ ապրելու իրավունքը կվաստակեն: Եթե լոպազություն դրսևորենք` հավատալու, որ մենք հարցը կլուծենք մինչև վերջ, մեր թոռներն էլ այդ հնարավորությունը չեն ստանա, կմեծանան ինչպես պաղեստինցիները Գազայում: