Օլիգարխների՝ Մարտի 1-ի օպերացիային մասնակցելու հարցին կանդրադառնան հետագայում․ Գագիկ Մելքոնյան 

Օլիգարխների՝ Մարտի 1-ի օպերացիային մասնակցելու հարցին կանդրադառնան հետագայում․ Գագիկ Մելքոնյան 

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը շինծու է համարում երկրորդ նախագահ, մարտի մեկի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և նրա պաշտպանների այն պնդումը, թե Միքայել Հարությունյանի արձակած հայտնի թիվ 0038 հրամանը չէր վերաբերում զորքի կիրառմանը, եւ քանի որ ՊՆ երկու փոխնախարարներ արդեն ընդդիմության կողմն էին անցնում, Ռոբերտ Քոչարյանն ընդամենը հրաման է տվել այնպես անել, որ հանկարծ «Երկրապահը» չխառնվի քաղաքական գործընթացներին։
«Նախ, «Երկրապահի» կեսն արդեն հրապարակում էր,  ժողովրդի կողքին, ժողովրդի մասն էին։ Երկորրդը՝ «Երկրապահ կամավորական միությունը» զինված ստորաբաժանում չէր, ինչո՞ւ պետք է «Երկրապահի» դեմ բանակ բերեին։ Թող «Երկրապահի» հարցերով ներքին զորքերը զբաղվեին, դա իրենց պարտականությունն էր», - ասում է Գագիկ Մելքոնյանը։  

2000- 2008 թթ. նա եղել է ՊՆ տեղակալը թիկունքի գծով, եւ ապրիլի  23-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այն ժամանակ Մելքոնյանի ազատումը պաշտոնապես չբացատրվեց։ Հետագայում Սեյրան Օհանյանը ասաց, որ նա եւ մյուս փոխնախարարը' Մանվել Գրիգորյանը, «ծառայողական անհրաժեշտությունից ելնելով` ուղարկվել են պահեստազոր»: Իր ազատման հրամանը Գագիկ Մելքոնյանը մինչ օրս չի տեսել։ «Հրաման չկա, - ասում է, - Չի եղել։ Ինձ ասեցին՝ մի աշխատի, ես էլ թողեցի, գնացի թոշակի։ Իհարկե, իմ հեռանալը կապ ունի Մարտի 1-ի հետ»։ 

 Դուք Մարտի 1-ի գործով հարցաքննվելով որպես վկա, ցուցմունք եք տվել այն մասին, որ օլիգարխների թիկնապահներին զինվորական հագուստ է բաժանվել։ Ի՞նչ եք կարծում, ինչու այս մարդկանց ևս մեղադրանքներ չեն առաջադրվում Մարտի 1-ին անօրինական գործողություններ իրականացնելու համար։ «Հրապարակի» հարցին Գագիկ Մելքոնյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել, թե ինչու նրանց ևս մեղադրանք չի առաջադրվել։ Երևի, թողել են, որ հետագայում, ինչ որ մի ժամանակ անդրադառնալ դրան»։
 
Հայտնի է, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Գագիկ Մելքոնյանը սենսացիոն տվյալներ է հայտնել քննչական մարմնին, հաստատելով, որ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի բանավոր հրամանով զինվորական համազգեստով են ապահովվել Ղազարյան Վաչիկի, Ծառուկյան Գագիկի,  Խաչատրյան Սուրիկի, Սարգսյան Լեւոնի, Բեգլարյան Գագիկի, Աբրահամյան Հովիկի, Մովսիսյան Առաքելի, Սեդրակյան Մհերի եւ Ալեքսանյան Սամվելի թիկնապահները։ 
«Քննիչի հարցին՝ թե ինչ նպատակով է դա արվել, Գագիկ Մելքոնյանը պատասխանել էր, որ իր կարծիքով` «դա ինչ-որ գործողություններ քողարկելու նպատակն է հետապնդել, որ այդ գործողություններն իրականացվեին զինվորականների անվան տակ»: