Արմեն Գեւորգյանը եւ Վալերի Պողոսյանի եղբայրը առերեսվել են

Արմեն Գեւորգյանը եւ Վալերի Պողոսյանի եղբայրը առերեսվել են

Մեզ հասած տեղեկություններով՝ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի եւ Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանի եղբոր՝ Վիկտոր Պողոսյանի միջեւ առերեսում է տեղի ունեցել։ Մենք տեղեկացանք նաեւ, որ բացի Պողոսյանից, այլ անձանց հետ Գեւորգյանի մասնակցությամբ առերեսումներ տեղի չեն ունեցել։

Նշենք, որ Արմեն Գևորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքը մերժելու և առաջին ատյանի դատարանի որոշումն ուժի մեջ թողնելու մասին վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազության կողմից վճռաբեկ բողոք է ներկայացվել։ Վերաքննիչ քրեական դատարանը հունվարի 29-ին մերժել էր թե՛ դատախազության, թե՛ պաշտպանական կողմի բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը: Պաշտպանական կողմը եւս պատրաստվում է բողոք ներկայացնել Վճռաբեկ։ Նշենք նաեւ, որ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ Արմեն Գևորգյանը Սահմանադրական դատարանի անդամի վրա ճնշում է գործադրել, որպեսզի Սահմանադրական դատարանը հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշում կայացնի։

Արմեն Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը): Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս գործով նախաքննությունն ավարտվում է։ ՀՔԾ-ից մեզ փոխանցեցին, որ չեն մեկնաբանում տեղեկությունը։