1994 թվականի ոգով

1994 թվականի ոգով

Բաց դաշտում ճակատամարտ տալիս, ըստ ռազմական տեսության, հաղթում է այն կողմը, որն ունի կրկնապատիկ-եռապատիկ առավելություն զինվորական թվակազմով: Ռազմական այդ կանոնը ենթադրաբար առաջին անգամ խախտվել է Ալեքսանդր Մակեդոնացու կողմից Գավգամելայի (331 մ.թ.ա.) ճակատամարտում: Հունա-մակեդոնական բանակն ուներ առնվազն կրկնակի պակաս զինվոր, քան պարսկական Դարեհ Գ արքան: Բայց պարսիկները պարտություն կրեցին, որով վերացավ Աքեմենյան հարստությունը: Այսինքն, զորահրամանատարի տաղանդի շնորհիվ ռազմական կանոնը չեղյալ համարվեց կոնկրետ այդ դեպքի առումով: Առկա է հին չինական, հռոմեական և արաբական ասացվածք՝ տվյալ երևույթը մեկ այլ կողմով դիտարկող. «Ոչխարների (մեկ այլ տարբերակով՝ ավանակների) բանակը, որը առաջնորդում է առյուծը, միշտ ավելի ուժեղ է, քան առյուծների բանակը, որի առաջնորդը ոչխար է»: Այդ ասույթը վերագրվում է նաև Ալեքսանդր Մակեդոնացուն, Ջորջ Վաշինգտոնին, Նապոլեոն Բոնապարտին, Մորիս դե Թալեյրանին: Այսինքն, այդ անձինք (բացառությամբ Թալեյրանի) իրենց կենսափորձով են ապացուցել տվյալ ասույթի ճշմարտացիությունը: Կարծում եմ, որ դրանց շարքում պատմությունը հիշատակելու է նաև Փաշինյան Նիկոլին: Սակայն այդ մեկին պարտվածի դիրքերից՝ համոթ մեզ:

1991-94 թվականների Արցախյան առաջին պատերազմում հայկական կողմն, ըստ Վիքիպեդիայի, ուներ 20 հազար զինվոր, ադրբեջանականը՝ 64 հազար: Զինտեխնիկայի առումով, ըստ համացանցային տվյալների, Ադրբեջանը ստացել էր խորհրդային սպառազինություն բանակային մակարդակով (5 մոտոհրաձգային դիվիզիա, 2 զենիթահրթիռային բրիգադ և 1 զենիթահրթիռային գունդ, 1 ավիացիոն էսկադրիլիա և առանձին ինքնաթիռներ այլ զորամիավորումներից, ինչպես նաև Կասպյան նավատորմից 15 ռազմական նավ և 5 ռազմանավակ՝ համապատասխան սպառազինությամբ), իսկ Հայաստանը՝ ընդամենը 2 մոտոհրաձգային դիվիզիայի, 2 հրետանային գնդի, 2 զենիթահրթիռային բրիգադի և 2 ավիացիոն էսկադրիլիայի սպառազինություն և համազորային բանակային հրամանատարական կենտրոնը (նաև ավելի մանր միավորներ): Սակայն դա չխանգարեց, որպեսզի եռամյա պատերազմն ավարտվեր մեր հաղթանակով: Հայրենասիրական ոգուց բացի հաղթանակը կերտվել էր քաղաքական խելամիտ գործիչների և փորձառու հրամանատարության՝ բանակի կազմավորման և մարտերի գրագետ կազմակերպման շնորհիվ: Եվ այն բանի շնորհիվ, որ Վազգեն Սարգսյանի շնորհիվ չեզոքացվել էր գլխավոր հրամանատարի (այսինքն՝ տեր-պետրոսյանական) պարտվողականությունը: Դժբախտաբար, 2020-ին չկար մեկը, որ չեզոքացներ նիկոլական պարտվողականությունը:

Ներկայացվածն ապացուցում է, որ ոչինչ էլ անդարձ կորած չէ: Ուղղակի մենք պետք է կարողանանք մի ինչ-որ տարբերակով պաշտոնից հեռացնել Փաշինյան Նիկոլին և նրա թայֆան, իսկ այնուհետև վերականգնենք բանակը, համալրենք բանակի սպառազինությունը, վերադարձնենք բանակի ոգին: Եվ ապացուցենք, որ 21-րդ դարը մերն է լինելու, ինչպես պատգամել է մեզ Վազգեն Սարգսյանը: Որպեսզի ապագա մեկ այլ համաշխարհային աստղ թվիթերյան իր միկրոբլոգում չկատարի այնպիսի գրառում, ինչպիսին կատարել էր այսօր Շերը (Շերելին Սարգսյանը). «Վախենում եմ հայերի համար։ Ոչ ոք նրանց չի պաշտպանում Ադրբեջանից…»։ Այլ կատարի այնպիսի գրառում, որ կհամապատասխանի 1994 թվականի ոգուն: