Ես 3 տղա ունեմ և առաջին հերթին շահագրգռված եմ, որ բանակը լինի ուժեղ և անվտանգ

Ես 3 տղա ունեմ և առաջին հերթին շահագրգռված եմ, որ բանակը լինի ուժեղ և անվտանգ

Երկու օր է՝ քննարկվում է նորաթուխ պատգամավոր Քրիստինե Պողոսյանի «սիրո խոստովանությունը» Նիկոլ Փաշինյանին։ Հիշեցնենք․ նա ասել էր՝ եթե ծրագիրն ընդամենը մեկ նախադասություն էլ լիներ՝ «ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու», ապա ինքը կվստահեր եւ կողմ կքվեարկեր։ Պարզվում է, նա այս հայտարարությունն արել է ի պատասխան ընդդիմադիր գործընկերների․ «Ես արձագանքեցի այդպես, որովհետեւ մեր ընդդիմադիր գործընկերը բազմիցս կողմ է քվեարկել նախորդ իշխանության կառավարության ծրագրերին, որտեղ կային բազում թվեր։ Սակայն կառավարության ծրագրերը կարող են գրվել Օքսֆորդում եւ մեջը դնել այնպիսի թվեր ու նախադասություններ, որին մեկ բառով անգամ հնարավոր չի լինի կպնել, բայց մենք համոզվել ենք, որ ցանկացած ծրագիր՝ լինի դա կառավարության, թե առհասարակ, իրականություն է դարձնում քաղաքական կամքը, որն ունի այսօրվա իշխանությունը»։ Պատգամավորն ամբողջովին համաձայն է վարչապետի՝ տնտեսական հեղափոխության մասին հայտարարությանը։

- Երեկ Դուք անթաքույց վստահություն հայտնեցիք վարչապետին՝ նշելով, թե մեկ տողն անգամ բավարար էր, որպեսզի անվերապահ վստահեիք։ Ձեզ քննադատում են, որ ժամանակին Սերժ Սարգսյանին էլ էին իր թիմում այդպես կուռք դարձրել։ 

- Մարդկանց մոտ թյուրըմբռնում է եղել, իմ ասածի կոնտեքստը չի հասկացվել, ես կրկնում եմ, որ այն եղել է կոնկրետ պատասխան իմ ընդդիմադիր գործընկերոջ ելույթին։ Գուցե սխալ եմ ընկալվել հանրության կողմից, այդպես էլ է լինում, չեմ նեղվում, համեմատության եզրեր տանել, պարզապես, չի կարելի, որովհետեւ ուրիշ համակարգեր են, ուրիշ մարդիկ են, ուրիշ արժեհամակարգ, եւ համեմատության եզրեր անգամ տանել չի կարելի։

- Ունենք փաստ, որ նոր իշխանությունում էլ գնում են շարմազանովների, աշոտյանների հետքերով, եւ «շեֆը» ճիշտ լինի, թե սխալ, իրենց համար միշտ ճիշտ է եւ ոչ միայն քաղաքական, այլեւ հոգեւոր առաջնորդ է։

- Նախ՝ ես շեֆ չունեմ եւ կարծում եմ՝ մենք շեֆ չունենք ու ոչ էլ հոգեւոր առաջնորդ, ես հատկապես չունեմ հոգեւոր առաջնորդ։ Պարոն Փաշինյանը մեր քաղաքական թիմի մի մասն է, երկրի վարչապետը։ Անկախ իմ դրական վերաբերմունքից եւ  վստահությունից․․․ ես հետ չեմ կանգնում իմ խոսքերից՝ վստահում եմ պարոն Փաշինյանին, ավելին, ես վստահում եմ կառավարության իմ մյուս գործընկերներին, ես հավատով եմ լցված նրանց հանդեպ, որ նրանք այնքան քաղաքական կամք ունեն, գիտելիք, ջանասիրություն, որ ի կատար կածեն բոլոր այն հույսերը, որ քաղաքացիները դրել են նրանց ուսերին։ Ուզում եմ ասել, որ այս կառավարության տապալումը չի լինելու Նիկոլ Փաշինյանի իշխանության տապալումը, դա լինելու է այն մարդկանց հույսի տապալումները, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել տարիներ շարունակ փողոցում պայքարելով, նրանց չի կանգնեցրել ո՛չ հալածանքը, ո՛չ վախը, ո՛չ էլ ծեծուջարդը, բանտարկությունները։ Նրանք չեն կանգ առել երբեմնի անհաղթելի թվացող անհատների եւ համակարգի առաջ եւ արժանի են, որ այս կառավարությունն իր հույսերն իրականացնի։ Իմ ասածը սա էր, որ ես հավատում եմ կառավարության իմ գործընկերներին եւ վստահ եմ, որ նրանք կարդարացնեն մեր բոլորի սպասումները։

- Բայց Նիկոլ Փաշինյանին երեւի կուրորեն եք վստահում, այլապես միայն իրեն չէիք շեշտի։

- Ամբիոնի մոտ կանգնած էր վարչապետը, եւ իմ խոսքն ուղղված էր նրան։ Ես հավատում եմ նաեւ ԱԺ 131 իմ գործընկերներին, որոնք եւս ունեն այդ քաղաքական կամքը, որ կկարողանան եւ կանեն ճիշտ վերահսկողություն, որ կառավարությունը ճիշտ աշխատի։ Ես ուզում եմ շեշտել, որ եթե դուք ավելի շատ ճանաչեիք պարոն Փաշինյանին, կիմանայիք, որ կուռքերն իր ամենաչսիրած բանն են, եւ մեզ մոտ բոլորն են այդպես վերաբերվում։ 

- Իսկ Ձեր ելույթի համար այդ դեպքում Ձեզ դիտողություն չարեցի՞ն, չքննարկեցի՞ն։

- Ոչ, պարոն Փաշինյանն ամենաժողովրդավար մարդկանցից մեկն է եւ հարգում է դիմացինի կարծիքը։ Նույնիսկ եթե իրեն դուր չգա, ես ԱԺ պատգամավոր եմ եւ իրավունք ունեմ արտահայտելու իմ կարծիքը։

- Դուք Արարատ Միրզոյանի օգնականն էիք կառավարությունում, ինչպե՞ս եւ ո՞վ որոշեց, որ գաք օրենսդիր մարմին։

- Շատ հաճելի է, որ մեր լրագրողները նման պրովոկացիոն հարցեր են տալիս, ասեմ, որ մինչեւ Արարատ Միրզոյանի օգնականը լինելը ես ՔՊ-ի ստեղծման օրվանից կուսակցության անդամ եմ, ես հայտնվել եմ այդ ցուցակում, որովհետեւ կուսակցության ստեղծման օրվանից եղել եմ այդ թիմում, թիմի մի մասնիկը, մեր ցուցակը կազմել է վարչությունը, անհատական հարցազրույցներ է անցկացրել բոլոր թեկնածուների հետ, եւ վարչությունն է որոշել։

- Իսկ ի՞նչ առաքելությամբ եք եկել խորհրդարան, ի՞նչ նախագծեր եք ներկայացնելու։

- Ես ընտրել եմ ամենաբարդ ոլորտներից  մեկը՝ պաշտպանության հանձնաժողովը, դա շատ ցավոտ թեմա է ինձ համար, ես այն մարդկանցից եմ, ով անձնական ցավով ու կորուստներով է անցել այդ թեմաների միջով, որոնց չեմ ցանկանում անդրադառնալ։ Ես կին եմ, ով երեք տղա ունի, մեծ տղաս 15 տարեկան է, եւ, բնականաբար, ես այն շահագրգիռ մարդկանցից եմ, ով առաջին հերթին է շահագրգռված, որ բանակը լինի ուժեղ եւ անվտանգ․ այդ ամենն իմ աշխատանքում կտեսնեք ընթացքում։ Չեմ պատրաստվում խոստումներ տալ, ես բարձրաձայնել եմ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի մասին, որը համացանցից ենք իմացել, ես հարցումներ եմ արել ՊՆ, Քննչական կոմիտե՝ հասկանալու, թե ինչպես է եղել, որ թաքցրել են այս դեպքը, շաբաթ-կիրակի էլ իմ հանգստյան օրերին այցելում եմ Մեղրի՝ հանդիպելու զինվորի ծնողների հետ, տեղում հասկանալու, թե ինչ է կատարվել։

- Իսկ ի՞նչ կարծիք ունեք հայ մասնագետների՝ Սիրիա գործուղման մասին։

- Էդ հարցին Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է, նախարարն էլ բացատրեց։

- Այդ բացատրությունը կարծես թե հիմնավոր չէ…

- Եթե բավարար չէ, մենք անպայման քննարկում կունենանք թե՛ խմբակցությունում, թե՛ հանձնաժողովում, ավելին ասել չեմ կարող։